HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Քարանձավային լռության գաղտնիքները

«Առաջիկա 100-ամյակը հայկական հնագիտական պատմությանն է լինելու: Շատ ժողովուրդներ արդեն հայագիտական ամբիոններ են ստեղծում իրենց անցյալն իմանալու համար: Նրանք կարողացան հասկանալ, որ իրենց նախնիների նախահայրենիքը հայկական բարձրավանդակն է»,- ասում է Հայաստանի անձավագիտական կենտրոնի (ՀԱԿ) նախագահ Սամվել Շահինյանը:

Նրա կարծիքով նախամարդու կենցաղն իմանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել քարանձավները, քանի որ վերջիններս ունեն մշակութային հաստ շերտ, այն ուսումնասիրելով` բավականին ինֆորմացիա կգտնվի հնագույն մարդու մասին:

Քարանձավը բնական դատարկություն է, որտեղ ապրել են մեր նախնիները: Բնության ստեղծած երկրակեղեւի վերին խոռոչները, որոնք երկրի մակերեւույթ են դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով, մարդիկ հարմար են համարել ինքնապաշտպանութան համար:

Քարանձավների առաջին բնակիչների կենցաղն ամբողջ աշխարհում նույնն է եղել: Քարանձավային կացարաններն իրարից տարբերվել են միայն չափերով եւ երկրաբանական շերտախմբի կազմով: Հետագայում դրանց բարեկարգման ձեւն արդեն կախված է եղել այնտեղ բնակվողների աշխարհընկալումից ու հոգեւոր սկզբունքներից:

Մինչեւ նախնադարյան համայնական համակարգի ձեւավորումը քարանձավը եղել է ժամանակավոր կացարան: Եթե դրանք գտնվել են կլիմայական բարենպաստ պայմաններում, մարդկային խմբերն օգտագործել են այն հարյուրավոր տարիներ: Առաջընթաց ապրելով` մարդիկ տեղափոխվել են փոքր քարանձավներ:

Մեծ քարանձավները վերածվել են անասունների փարախների կամ պահեստների: Երբեմն դրանք օգտագործվել են որպես ծիսական վայրեր: Մարդը սկսել է ձեւափոխել եւ իր կարիքներին հարմարեցնել քարանձավը: Այս ընթացքում է ձեւավորվել «քարանձավային մշակույթը»:

Այսօր հայտնի են 100-ից ավելի քարանձավներ, որոնց պատերին նախամարդը պատկերել է իր առօրյան, գծանկարներով արտահայտել է իր զգացմունքները, վերաբերմունքն արտաքին աշխարհի նկատմամաբ: Տարբեր երկրներում քարանձավները կառուցման ձեւով ու տեսքով առանձնացել ու ստացել են «ազգային դիմագիծ»:

«Տներն այստեղ գետնափոր էին, մուտքը` ինչպես ջրհորի բերան, իսկ ներքեւի մասը` ընդարձակ»- այսպես է նկարագրել հայերի ժայռափոր տները Քսենոփոնն իր «Անաբասիս»-ում: 

«Հայաստանում տարածված են գրեթե բոլոր տեսակի քարանձավները: Ավելին` կան աշխարհում շատ քիչ տարածում ունեցող հիդրոթերմալ առաջացման քարանձավներ: Նման խոռոչներն առաջանում են, երբ երկրագնդի մագմատիկ շերտերից վերեւ բարձրացող հրահեղուկ զանգվածը զուգակցվում է հիդրոթերմերով` ջերմաջրերով, որոնք նպաստում են քարանձավների առաջացման»,-մեր զրույցի ժամանակ նշեց Սամվել Շահինյանը:

Հայտնի է նաեւ, որ երբեմն մարդիկ իրենք են ստեղծել քարանձավներ: Մարդաստեղծ քարանձավները տարածված են հիմնականում ավազաքարային շրջաններում: Այդ քարաշերտերը հեշտ են փորվում, ապարները ծակոտկեն են, եւ օդը միշտ մաքուր է: Բացի այդ, ջերմափոխանակության նվազագույն աստիճան ունենալով` ձմռանը լինում է տաք, ամռանը` հով:

Որպես կացարան Հայաստանում նման քարանձավներ օգտագործվել են մինչեւ 1960-ականները: Հիմա Սյունիքի մարզի Խնձորեսկ, Տեղ գյուղերում քարանձավներն օգտագործվում են որպես գոմեր, մառաններ: Փլուզման կամ շինարարական աշխատանքների ժամանակ որեւէ ստորգետնյա թունելի, անցուղու կամ քարանձավի մուտք բացվելիս` տեղի բնակիչների վկայությամբ այն լցնում են խիճ ու ավազով: Ս.Շահինյանը պատմեց, որ Երեւանում` Նորագյուղ, Բութանիա, Արեշ, Էրեբունի թաղամասերում բազմաթիվ նման դեպքեր են եղել: 

Քարանձավային կենցաղը սովորական առօրյա համարելով` հայ պատմիչները չեն անդրադարձել դրան: Միայն Քսենոփոնն է իր «Անաբասիս»-ում մանրամասն նկարագրել Հայկական բարձրավանդակում տարածում ունեցող ստորգետնյա տունը եւ կենցաղը, թունելներն ու ամրոցները` որպես արտասովոր եւ եզակի երեւույթներ: 

Քարե դռներով քարանձավներ 

Հայաստանի անձավագիտական կենտրոնը Թալինից մինչեւ Աշտարակ եւ Արայի լեռ-Արագած տարածքում հայտնաբերել է 160-ից ավելի ժայռափոր կառույցներ եւ մարդու կողմից օգտագործված ու բարեկարգված քարանձավներ: Հայաստանի մյուս շրջաններում տարածված մարդաստեղծ քարանձավներից դրանք տարբերվում են քարե դռներով:

Քարե դռներով քարանձավներն ունեն քարանձավ սրահ, քարե դուռ եւ գաղտնի մուտք, որն ինքնատիպ շարվածքով, դժվարանցանելի թունել է: Սրանք հիմնականում մարդկանց փոքր խմբերի կամ համայնքների սննդի գաղտնարաններ են եղել: Այստեղ պահվել են պաշարներ, որտեղ մուտք են ունեցել մի քանի վստահելի մարդիկ: 

Խոնավությունից խուսափելու համար քարանձավ սրահի ժայռապատերին զուգահեռ բազալտե տձեւ քարեր են շարվել: Սրահներում փորվել եւ շարվել են կարասանման շտեմարաններ հացահատիկի համար: Կան նաեւ սվաղած կարասներ հեղուկ սննդամթերքի համար: Թունելի վերջում դրված են դեպի ներս բացվող քարե դռներ: 

Սրանք այս քարանձավների մտահղացման անբաժանելի մասն են: Եթե կա գաղտնուղի թունել, ուրեմն վերջում անպայման քարե դուռ է դրված: Քարե դռները վերեւում ունեն ելուստներ, որոնք ագուցվում են շրջանակի վրա հատուկ փորված անցքերում:

Երբեմն քարե դռներով քարանձավները կապված են եղել բնակարան-քարանձավի հետ: Քարե դռները եւ քարեղեն շրջանակները լավ մշակված են: Մինչեւ հիմա էլ այդ դռները բացվում ու փակվում են: Սրանց կառուցման ժամանակը ճշտված չէ: Բայց 18-րդ դարում այս քարանձավներն այլեւս նպատակային կիրառություն չեն ունեցել:

Ժամանակագիրները գրել են դրանց մասին` որպես զարմանալի, հսկաների կողմից մարդկանց նվիրված արտասովոր կառույցների:

ՀԱԿ-ի տվյալներով` միայն Արագածոտնում են կուտակված մի ընդհանուր պլանով նախագծված եւ կառուցված քարե դռներով քարանձավները: Այս շրջանում չկա ժայռափոր ոչ մի եկեղեցի, իսկ 5-16-րդ դարերում կառուցված եկեղեցիները չունեն քարե դռներ: Սրանից կարելի է ենթադրել, որ քարե դռներով քարանձավները կապված են նախաքրիստոնեական մշակույթի հետ: 

Խորհրդային տարիներին Հայաստանում զբաղվել են անձավագիտությամբ: Անգամ նախագծել են որոշ քարայրներ պանրի եւ գարեջրի արտադրության համար օգտագործելու նպատակով: Այսօր այդ «գիտությունը» չկա: Սակայն Հայաստանի քարանձավները դեռեւս ուսումնասիրված չեն:

«Մենք հիմնականում սահմանափակվում ենք քարանձավները հայտնաբերելով: Միջոցներ չլինելու պատճառով լուրջ ուսումնասիրություններ չենք անում»,- ասում է ՀԱԿ-ի անդամ Վահան Տեր-Ղազարյանը: 

Լուս.` Էմին Մկրտչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter