HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարևորը, որ լուրն առնող լինի, գյուղերը չդատարկվեն

Սուսաննա Շահնազարյան

Ամռան տապը քաղաքից հալածված՝ պատսպարվել է աշխարհից հեռու Խնածախ գյուղում: Նրան էստեղ ուշադրություն դարձնող էլ չկա, ոչ ոք բանի տեղ չի դնում, որովհետև միևնույն է, վերևից կրակ էլ թափվի, գյուղի մարդն ամռանը մինչև կոկորդը խրված է հոգսերի մեջ. արտ հնձել կա, խոտ հավաքել, աթար կապել, բաղ ու բոստան մշակել, սարից բերած կաթը մշակել… Էսքանի հետ էլ՝ «ալավլամիշ» եղած թոնրի կողքին մի ամբողջ ամսվա համար լավաշ թխել: Էդ գործերից ոչ մեկի համար ապառնի ժամանակ չկա, ոչ էլ գիշեր ու ցերեկ: Փողոցներում էլ մարդ մուրդ չես գտնի, ամենքն իրենց գործին են:

Առաջին իսկ պատահած տան պատշգամբում ելումուտ եմ նկատում և մոտենում: Բակում շունն ալարկոտ հայացքով, լեզուն կախ, աչքի պոչով երեսիս է նայում. հաչելու հավես չունի՞, թե՝ հարկ չի համարում:

-Աա՛ա, ե´կ է, մի վախի, տըրա յիրա հինչ հալ կա, վեր կըծի,- նկատելով անհանգստությունս, վերևից կանչում է տանտերը՝ Գավրոշ Մկրտչյանը: Առաջինը, որ գրավում է ուշադրությունս, մուտքի մոտ անկանոն շարված հողաթափերն են.

-Գիշերվանից թոնիրը վառել էինք, հաց ենք թխել, հերանցս հարսները եկան, օգնեցին,- բացատրում է տանտիրուհին՝ Մարգուշն ու, առանց սպասելու արձագանքիս, շարունակում, -շատ չենք թխել, մի մեշոկ ալյուր, թխելն էլ ա ծախս, ուրիշները երեք հազարով են թխում, քրոջս հարսը հազար դրամը բաշխեց, բա հի՞նչ անի, մի խիլա ժողովուրդ ենք մեր տանը: Խիլա-բազմանդամ ընտանիքում զոհված ազատամարտիկի կինն ու նրա երեխաներն են, հարսն ու ծոռը:

- Բոլորիս հույսը կովն ա, էս երկու ալևորի թոշակը,- ասում է հարսը՝ Արևիկը, ով շաքարային դիաբետ ունի, բայց, չի կարողանում հասանելիք դեղորայքը ստանա: Բժշկի ցուցումով օրական 2 դեղահաբ պիտի խմի, բայց ամսվա համար հազիվ 20 հատիկ է ստանում, ու եթե դեղատնից գնելու համար փող չեն ունենում, օրերով պառկում է անկողնում: Հարսի տրտունջներին միանում է Գավրոշը, ասելով, թե՝ ութսունին մոտ մարդուն ֆիզիկական աշխատանքը չի վախեցնում, քսանչորս ժամ էլ կաշխատի, որ երեխեքը ոչ մի բանի կարիք չունենան, բայց վրդովվում է, երբ որոշ «պաշտոնավորներ իրենց գյուղացու տեղ են դնում, ամեն գնով փորձում խաբել»: Նա պատմում է, որ հաշմանդամ աղջկա մահվանից հետո չկարողացան վերջին ամսվա թոշակը ստանալ, պատճառաբանեցին, թե ծննդյան վկայականում հայրանունը նշված չի: «Բա էդքան տարի ո՞նց էին տվել, եթե անօրինական ա, չուզեցին՝ չտվին էլի», -նեղսրտում է Գավրոշը;

-Բա էս, որ ձեր գյուղը դարձավ Տեղ համայնքի մաս, խնդիրները չպակասեցի՞ն,-հարցնում եմ;

-Այսինքն խոշորացա՞վ,- արձագանքում է հացթուխ Սոնիկը: Փաստորեն, ես էլ նույն սխալը կրկնեցի, մտածելով, թե անտեղյակ մարդիկ են:

-Էն ժամանակ տեղեկանքի համար Գորիս էինք հասնում, հիմա՝ համայնքի կենտրոն, բայց լսել ենք, որ գյուղում սարքեր են տեղադրելու, կանե՞ն, որ,- հարցնում է Սոնիկը:

-Գազին էլ չէիր հավատում, տեսա՞ր, ոնց տվին, նրան ընդհատում է Արևը, նկատի ունենալով, որ վերջապես, սահմանամերձ Խնածախն ապահովվել է բնական գազով: Այն, որ բնական գազի մուտքը բարելավել է իրենց կենցաղային պայմանները, հաստատում է նաև համագյուղացի Գուգոն, սակայն ինչպես ինքն է ասում, ծախսատար է, չեն կարող ջեռուցման նպատակով օգտագործել.

-Ճիշտը մնում ա աթարը, էս միակ բանն ա, որի վրա ծախս չի անում գյուղացին,- ասում է նա և մատնացույց անում հեռվում աշխատող տարեց կնոջը. «Մերս ա, համարյա իննսուն տարեկան ա, բայց տեսնու՞մ եք, ոնց ա արագ-արագ աթարը շրջում, էդ կանացի գործ ա, տղամարդը հո չի կռանա աթար շուռ տա, սպասում եմ պրծնի, տուն տանեմ»,- ինքն իր արածից գոհ, ասում է և հարմար տեղավորվում մեքենայում:

- Սա էլ բարաքաթ չունի,- էսքանը, որ միանգամից վառես, մի շաբաթ էլ չի քաշի, բայց դե պըհիլավ ենք անում, դիբետներս պահող չկա, աթարի դիզերին նայելով` մտմտում է Գուգոյի մայրը՝ Քնարիկը,:

Կարծիքը, որ գյուղի մարդու թիկունքը պահող պիտի լինի, կողքին միշտ մեկն անպայման կանգնած, մասամբ է կիսում նույն համայնքի բնակիչ Արթուր Սարգսյանը, ում խոսքով գյուղ լինի, թե քաղաք` ամենքն իրենց գլխի ճարը պիտի տեսնեն: Նրա կարծիքով գյուղից գնալու հնար միշտ էլ կա, պարտքով էլ ա, կարող ես տոմս առնես ու թռչես, բայց էդ ամենահեշտն է, ինքն անասնապահությամբ է զբաղվում, գյուղի ֆերմերներից կաթ է հավաքում հանձնում վերամշակողներին: Այդ եկամուտներով էլ կարողացել է հիմնանորոգել իր առանձնատունը, որն աչքի է ընկնում ամբողջ Վաղատուրում: Գյուղի կյանքից չի դժգոհում նաև նրա դուստրը՝ իննամյա Անահիտը, ում կարծիքով իրենց դպրոցն ամենալավն է, որովհետև էնտեղ «իրենց չեն ծեծում, օրենքով են շարժվում…»:

Գյուղի առօրյայից, ամառային հոգսերից չի տրտնջում նաև Մարոն, ով համոզված է, որ ուրիշների կյանքն իրենցից լավը չի, ապրում են էլի, «ուղտի ականջում էլ քնած չեն, եթե գեղամիջում ժողով-մողով ա լինում կամ ղեկավարությունից են գալիս, մեկն ու մեկի միջոցով լուր են ուղարկում»:

Սակայն այն, որ Խնածախում խմելու ջուրը քչություն է անում, որ բացի երկու բնակավայրից, չկան համապատասխան ցուցատախտակներ, որտեղ բնակիչների իրազեկման հայտարարություններ կտեղադրվեն, որ չնայած այդ հեռավոր 2 բնակավայրերը (շուտով կգազիֆիկացվի նաև Խոզնավարը) վերջապես ապահովվել են բնական գազով, բայց ընդամենը 17 ընտանիք է բաժանորդ դարձել, քանի որ ներտնտեսային ցանցի մոնտաժման համար բնակիչները կանխիկ դրամ չունեն, որ դիզվառելիքն ու սերմացուն ուշացած են գյուղ հասնում, որ չնայած հանքային ջրի հարուստ պաշարների առկայությանը, արտադրություն կազմակերպող ու աշխատատեղ ապահովող չկա, որ համայնքի տարածքում գտնվող տասնյակ պատմամշակութային հուշարձանները չեն ընդգրկվում զբոսաշրջային ուղերթների ցանկում, ու զբոսաշրջությունը չի զարգանում, որ 5704 բնակիչ ունեցող համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի՝ Տեղի, Կորնիձորի, Վաղատուրի, Խնածախի, Քարաշենի, Արավուսի, Խոզնավարի բնակչության մեջ մեծ թիվ են կազմում թոշակառուները, պիտի մտահոգի այն մարդկանց, ովքեր համոզված են, որ վարչատարածքային փոփոխություններն էականորեն կփոխեն մարդկանց կյանքը, հակառակ դեպքում…անգամ արևը գյուղում չի մնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter