HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Մեր գյուղը քարտեզից դուրս ա». Բուժականում գազի խնդիրը «ամենացավոտն է»

Բուժականը գտնվում է Կոտայքի մարզի Նաիրիի շրջանում: Ըստ մարզպետարանի պաշտոնական կայքի տվյալների՝ համայնքն ունի 1763 բնակիչ:  Եվ չնայած որ համայնքը կենտրոնական դիրք ունի, այնուամենայնիվ, բնական գազը բուժականցիներին երբեք չի հասել: Խորհրդային տարիներին համայնքը գազիֆիկացնելու ծրագրի գործնական քայլերը արդեն մեկնարկել էին, խողովակները գրեթե մոտեցել էին բնակելի տներին, սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո ծրագիրն անավարտ, իսկ գյուղն առանց գազի է մնացել մինչև այսօր:

Համայնքի ղեկավար Կարեն Գալստյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Կոտայքի մարզպետարանը գյուղի գազիֆիկացման հարցը բարձրացրել է Կառավարությունում: Խնդրին տեղյակ է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: «Համենայնդեպս, գազիֆիկացման ծրագիրը առկա է, սակայն ամեն ինչ կախված է  «Գազպրոմ Արմենիայից», որը հայտնել է, թե ֆինանսական միջոցների առկայության դեպքում համայնքի գազի հարցը վերջապես լուծում կստանա»,- ասաց Գալստյանը: 

Բուժականցիները զարմանք են հայտնում, թե ինչով են իրենք տարբերվում հարևան գյուղերից, երբ դրանք գազիֆիկացված են, իսկ իրենց գյուղը՝ ոչ: Տարվա 7 ամիսների ընթացքում բուժականցիները փայտի և աթարի վառարաններ են օգտագործում՝ նոյեմբերի սկզբից մինչև մայիսի վերջ, քանի որ եղանակը խստաշունչ է: Համայնքը հարուստ է անտառներով, սակայն փայտահատումները այնտեղ արգելված են: Բնակիչները նշում են` յուրաքանչյուր տուն միջինը 10 խորանարդ մետր փայտ է գնում ամեն տարի, իսկ դա ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում:

Մեզ հյուրընկալած ամուսիններ Խաչատուր Չոլոյանի ու Թամար Պողոսյանի խոսքերով՝ իրենց գյուղը «քարտեզից դուրս ա», ոչ ոք իրենց մասին չի հիշում: Նրանք իրենց տան օրինակով ցույց տվեցին, թե ինչ միջոցներով են գյուղացիները լուծում գազի խնդիրը: Այնուամենայնիվ նրանք սեփական միջոցներով կարողանում են կապույտ վառելիքը հասցնել իրենց տուն, սակայն շատ վտանգավոր եղանակով: Գազալցակայաններում ավտոմեքենան լիցքավորելուց հետո գալիս են տուն և մեքենայի բալոնի գազը հաղորդում են տան ավելի մեծ բալոններին, որտեղից էլ հաղորդում են տան խոհանոցում տեղադրված կաթսային:

Խաչատուր Չոլոյանը որոշել է այս տարի տան ջեռուցման համար այլ տարբերակ կիրառել: Վառարանի փոխարեն նա մտադիր է օգտագործել իր ձեռքով պատրաստվելիք ջերմության բաշխիչ կաթսան: Ըստ նրա՝ այդ կաթսայի մեջ, բացի փայտից, ամեն ինչ հնարավոր կլինի այրել, ինչն էլ կխնայի գնվելիք փայտի ծախսերը, արդյունքում ավելի ձեռնտու եղանակով, իսկ վերջինիս կինը ցույց է տալիս ցուրտ սեզոնից մնացած փայտի պաշարը:

«Լավ գյուղ ա, ապրելու համար լավ տեղա, բայց որ հարմարություն չկա, շատ դժվար ա: Սենց էլ ապրում ենք՝ սպասելով, որ վերջը լավ կլինի, բայց էդ վերջն էլ չի երևում»,- ասում է 59-ամյա Խաչատուր Չոլոյանը, ում որդիներից մեկն իր ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում: 

Թեև գազի խնդիրը Բուժականում ամենահրատապն է, այնուամենայնիվ կան նաև այլ խնդիրներ, որոնցից մեկն էլ արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց մեծ քանակն է: «Ամբողջ գյուղի 90 տոկոսը դրսում մարդ ունի: 10 տուն կարող ես հաշվել, որ վարկ չունենա, ամբողջ գյուղի հույսը դրսից ուղարկած գումարներն են: Աշխատատեղ չկա, ինչ անեն»,- ասում է մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի Թամարա Պողոսյանը՝ ժպիտով հիշելով իր աշխատավայրը, որը փակվել է 2002 թվականին: «Տանից դուրս էինք գալիս, միջավայր էինք փոխում, երեխաների հետ էինք շփվում, մինչև ժամը 6-ը զբաղված էի լինում մանկապարտեզով, իսկ հիմա ամբողջ օրը տանն եմ, տան գործերով»,- ասում է նա:

Ինչպես և ամբողջ համայնքի, այնպես էլ մեզ հյուրընկալած ամուսինների հիմնական զբաղմունքը և ապրուստի միջոցը հողագործությունն է: Աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Բուժականի հիմնական մշակաբույսերը կարտոֆիլն ու կաղամբն են:

 «Աստծո բարեհաճությամբ աշխատում ենք՝ հույս ունենալով, որ հանկարծ կարկուտը չգա սաղ ավիրի: Նայում, հիանում ես ամբողջ տարվա ընթացքում արածդ աշխատանքով, բայց երբ գալիս է վաճառելու ժամանակը, մթերքը դառնում է ջրի գին»,- դժգոհում են ամուսինները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իրենք լավատես են, որ անընդհատ պետք է առաջ նայել, «դարդ անելով ոչ մի հարց չի լուծվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter