HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Կարմիր գծերի» հանելուկը չի լուծվել

10 օր առաջ «Հետք»-ը գրել էր, որ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը «կարմիր գծերի» դիմաց sms հաղորդագրության միջոցով վճարած գումարների մի մեծ մասը տարիներ շարունակ փոխանցել է բջջային օպերատորներին՝ որպես միջնորդավճար։

10 օրվա ընթացքում բջջային երեք օպերատորներից որեւէ մեկը չի հիմնավորել, թե ինչ հաշվարկ կար 100 դրամ վճարելու դեպքում՝ 24,8 դրամ, իսկ 500 դրամի դեպքում 124,6 դրամ միջնորդավճար սահմանելու հիմքում։

30-օրյա ժամկետ՝ հիմքերի փնտրտուքով

«Հետք»-ը հուլիսի 11-ին հարցում է ուղարկել բոլոր երեք բջջային օպերատորների՝ «Բիլայնի», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Յուքոմի» գլխավոր տնօրեններին, խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ հաշվարկ է ընկած մայրաքաղաքի ավտոկայանատեղիների տեղական տուրքը 1045 եւ 5045 կարճ համարներով վճարելու համար սահմանված միջնորդավճարների հիմքում։

Ինչպես արդեն նշել ենք, 100 դրամի դեպքում «Փարկինգ սիթի սերվիսը» տարիներով վճարել է նաեւ 24,2 դրամ ԱԱՀ, իսկ 500 դրամի դեպքում՝ 123,4 դրամ ԱԱՀ։ Մասնագիտական կարծիք կա, որ բջջային օպերատորները ինկասացիոն ծառայության դեպքում չպետք է լրացուցիչ ԱԱՀ վճարեն պետությանը։ «Հետք»-ը բջջային օպերատորների գլխավոր տնօրեններին խնդրել է մեկնաբանել նաեւ այս պնդումը։

«Բիլայնը» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» «Փարկինգ սիթի սերվիսի» հետ 4 տարի ունեցած պայմանագրային փոխհարաբերությունները պարզաբանելու համար 30-օրյա ժամկետ են խնդրել, իսկ ահա «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդհանրապես չի արձագանքել հարցմանը։ Ու քանի որ Երեւանի քաղաքապետարանի ու բջջային օպերատորների միջեւ բանակցություններ էին ընթանում միջնորդավճարի փոփոխության վերաբերյալ, կարելի է եզրակացնել, որ ընկերությունները պարզապես ժամանակ էին շահում, մինչեւ բանակցությունները կավարտվեին եւ արդյունքում խրոխտ կհայտարարեին 2 դրամ արտոնյալ միջնորդավճարի մասին։

Բայց արդեն կիրառված միջնորդավճարների թեման այդպես էլ մնում է չպարզաբանված։ Լավ, ասենք բջջային օպերատորները սահմանում են այդքան բարձր միջնորդավճար, բիզնես տեսանկյունից անհասկանալի է, թե ինչու է այն ժամանակ մասնավոր «Փարկինգ սիթի սերվիսը» համաձայնել իր եկամուտներն այդպես շռայլել ու հանձնել այլ ընկերության։

«Փարկինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խնդրո առարկա միջնորդավճարները 2012-2013 թվականների ընթացքում, երբ սկսվել է համագործակցությունը, պրակտիկայում կիրառվող ամենացածր միջնորդավճարներն են եղել։

«Այն ժամանակ պարկտիկայում գործող միջնորդավճարների մինիմումը մենք փորձել ենք ստանալ»,-ասաց Հարությունյանը։ Հարցին՝ ինչպե՞ս է «Փարկինգ սիթի սերվիսը» համակերպվել նման գումարներ այլ ընկերությունների փոխանցելու իրավիճակի հետ, Հարությունյանը պատասխանեց․ «Ընկերությունն այլընտրանք չուներ։ Միանշանակ։ Եթե ընկերությունը շահույթ հետապնդող կառույց էր եւ ամեն ինչ անում էր, որ մաքսիմալ շահույթ ստանար, ապա ինչու՞ պետք է ցանկանար նման մեծ միջնորդավճարներ տար»։

Հարությունյանի պատասխանից ստացվում է, որ «Փարկինգ սիթի սերվիսին» բջջային օպերատորներն այլ հնարավորություն չեն տվել։

Ի՞նչ եկամուտներ են ենթադրում «կարմիր գծերը»

2016 թվականին Երեւանի վարչական տարածքում կազմակերպված վճարովի համայնքային ավտոկայանատեղերում կայանելու դիմաց ամբողջ տարվա համար (սակագինը՝ 12 հազար) կատարվել է 33003 վճարում։ Գումարի չափը՝ 396 միլիոն 36 հազար դրամ։

Ամսական (2000 դրամ) եւ մեկ ժամվա (100 դրամ) դիմաց վճարումներ կատարվել են համապատասխանաբար 19158 եւ 218059 անգամ։ Պարզ հաշվարկով՝ միայն այս երկու տեսակի վճարումների ընդհանուր գումարը կազմել է 60 միլիոն 121 հազար 900 դրամ։ Տեղեկատվությունը «Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանին տրամադրել է քաղաքապետարանը։ Քաղվածքում չկան տեղեկություններ մեկ օրվա եւ մեկ շաբաթվա կտրվածքով վճարումների վերաբերյալ։

Բայց արդեն հասկանալի է, որ «կարմիր գծերը» մեղմ ասած բավականին եկամտաբեր գործ է՝ փոքր ու էժան ծառայությամբ։

Նշված ժամանակահատվածում կայացվել է 102759 որոշում։ 4987-ը բողոքարկվել է, որից 3432-ը բավարարվել է։ Ստացվում է, որ 99327 որոշում ի վնաս քաղաքացիների է կայացվել։ Այս թիվը բազմապատկում ենք տուգանքի չափով՝ 5000 դրամ, եւ պարզում, որ միայն տուգանքներից պետք է գոյանար 496 միլիոն 365 հազար դրամ։ Սակայն քաղաքացիների միայն մի մասն է վճարել տուգանքները՝ 58810 հոգի, ընդհանուր առմամբ վճարելով 294 միլիոն 50 հազար դրամ։

2016թ. կտրվածքով ամփոփելով արդյունքները, փաստենք, որ «կարմիր գծերից» հավաքագրվել է մոտ 750 միլիոն 207 հազար դրամ, չհաշված ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձումները։ Իսկ սա կարող է մինչեւ մի քանի տասնյակ կամ ավելի քան 100 միլիոն դրամի հասնել։

7149 հոգի բողոքարկել են «կարմիր գծերի» համար տուգանքները՝ կամ մասնակցելով բողոքարկման նիստին կամ վերադասին դիմում գրելով։ Վերադասության կարգով բողոքարկող 4987 վարորդներից 3432-ի (68 տոկոս) դիմումն է բավարարվել։

Ո՞րն է բողոքարկման հիմքը

Tuganq.am կայքում հրապարակված է «կարմիր գծերում» կայանելու եւ չվճարելու դեպքում վարչական ակտը բողոքարկելու ձեւաթուղթը, որից էլ արդեն հազարավոր քաղաքացիներ են օգտվել։

 

Ինքս մեկ անգամ բողոքարկել եւ հասել եմ բեկանման։ Որոշ դեպքերում վճարում եմ, որոշ դեպքերում՝ ոչ։ Իհարկե, ցանկալի է, որ յուրաքանչյուր քաղաքացի ազնիվ հարաբերությունների մեջ լինի կառավարող մարմինների հետ։ Սակայն այն, ինչ անում է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը, առ այսօր չի ընկալվում որպես ծառայությունների մատուցում։ Սա հիմք է տալիս բազմաթիվ վարորդների՝ բոյկոտել ու չվճարել։

Վարչական ակտերը բեկանելու հիմքում մի քանի դրույթներ են, որոնցից մեկը շատ հետաքրքիր է։ Քաղաքացին պետք է վճարի այն դեպքում, երբ 16 րոպե եւ ավել ժամանակամիջոցում անդադար կայանել է։ Եվ երբ չվճարած քաղաքացուն որպես 16 եւ ավելի րոպե կայանելու փաստ՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ուղարկում են երկու լուսանկար՝ արված, օրինակ, 22 րոպեի տարբերությամբ, դա չի ընդունվում որպես 16 եւ րոպե ավելի կայանելու մասին ապացույց։ Վարորդը պահանջում է հիմնավորել իր խախտումը տեսանյութով։

Եթե անգամ քաղաքապետարանը ներկայացնի տեսանյութ, ապա վարչական ակտը կարող է բողոքարկվել դատարանում, արդեն՝ այլ հիմքերով։ Եվ դրանք բազմաթիվ են։ Ստացվում է, որ ողջ այս համակարգը ստեղծվել է վարչական տարբեր իրավանորմերի բազմաթիվ խախտումներով։

«Որպես 15  րոպեից ավել տեւողությամբ կայանելու ապացույց ներկայացվել է ինչ-որ «Պարկոն» սարքով արձանագրված ամսաթիվ/ժամեր: Հարց է առաջանում, արդյո՞ք այդ սարքով կատարված տեսագրության վրա ֆիքսվող ամսաթիվը հնարավոր է փոխել, թե՝ ոչ, եւ առկա՞ է արդյոք 16 րոպե անընդմեջ տեւողությամբ տեսագրություն, թե՝ ոչ: Փաստենք, որ առկա չեն իմ կողմից վճարովի ավտոկայանատեղում ավելի քան 15 րոպե տեւողությամբ կայանումը հավաստող պատշաճ ապացույցներ, որոնց ներկայացման բեռը օրենքով դրված է վարչական ակտը կայացնող վարչական մարմնի վրա: Ես կարող էի իմ ավտոմեքենայով դուրս գալ իր կայանման վայրից եւ նորից վերադառնալ ու կայանել: Երկու դեպքում էլ կայանման ժամկետը կարող էր չգերազանցել 5 րոպեն: Հետեւաբար քանի դեռ հակառակը չի ապացուցվել, անկախ վերեւում նշված մյուս բոլոր փաստարկներից՝ ես չեմ կարող համարվել ավտոկայանատեղում կայանման պայմանները խախտած»: Սա ընդամենը մի հատված է բողոքարկման ձեւաթղթից։

«Վարորդի ընկեր» ՀԿ անդամ Սերգեյ Ղահրամանյանը վարորդներին  կոչ է անում չվճարել այնքան ժամանակ, մինչեւ «կարմիր գծերը» չդառնա ծառայությունների մատուցում։

«Այս պահի դրությամբ որեւէ վարորդ չգիտի, թե ինչի համար է վճարում։ Ում էլ հարցնեք՝ կասեն՝ վճարում եմ, որպեսզի 5000 դրամով չտուգանվեմ։ Առաջին հերթին պետք է անվտանգության հարցը լուծվի՝ սա ամենակարեւորն է։ Պետք է քաղաքացին վստահ լինի, որ երբ մեքենան կայանելուց հետո վերադառնա, չի գտնի մեքենան վնասված, կամ կողոպտված։ Նման դեպքեր շատ են լինում։ Մեզ շատ վարորդներ են դիմում այդ խնդրով։ Ու երբ դիմում ենք «Փարկինգ սիթի սերվիսին»` խնդրելով տրամադրել տեսանյութ, կամ պատասխանում են, որ տարածքում տեսախցիկ չի եղել, կամ որ՝ տեսագրությունը չի պահպանվել»,-ասում է Ղահրամանյանը։

Այժմ «Վարորդի ընկերը» փորձում է հասնել նրան, որպեսզի «Փարկինգ սիթի սերվիսը» պատասխանատու լինի եւ պատասխանատվություն կրի ավտոմեքենաների հսկման համար։ Ղահրամանյանի խոսքով՝ քաղաքապետարանը նաեւ պետք է հոգա, որ կայանատեղիներն ունենան անվտանգ մուտք ու ելք, ծածկ եւ այլն։

Իսկ մինչ այդ ամենը չկա, բազմաթիվ վարորդներ, թեկուզեւ օրինապահ, շարունակելու են չվճարել կայանումների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter