HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերմացուի պարտքի համար մարզպետարանները հայտնվել են դատարանում

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, բացառությամբ Կոտայքի մարզպետարանի, մյուս բոլոր մարզպետարանների դեմ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումներ է ներկայացրել դատարան:

2012-2017 թվականների ընթացքում Հայաստանի մարզերին տրամադրվել է 10 սորտի՝ «Կոլլեգա», «Վասսա», «Գրոմ», «Գրացիա», «Բատկո», «Կրասնոդարսկայա 99», «Տանյա», «Նոտա», «Եսաուլ», «Յուբիլեյնայա 100» մոտ 12,966 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուի 1 կիլոգրամի գինը եղել է 160 դրամ:

Գյուղատնտեսության նախարարության գրության հիման վրա բոլոր մարզպետարանները ներկայացրել են իրենց մարզում առկա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի վճարունակ պահանջարկը:

Դրանից հետո, կառավարության որոշման հիման վրա, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը պայմանագրեր է կնքել մարզպետարանների հետ, և սերմացուն տրամադրվել է մարզպետարաններին: Համայնքների շահառուներին սերմացուների հետագա բաշխման և հսկողության գործառույթները վերապահվել են մարզպետարաններին: 

Նշենք, որ կառավարությունը 2010թ. հաստատել է հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը, ըստ որի՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ից պետք է ձեռք բերել և ներմուծել սերմացու ցորեն:

Գյուղատնտեսության նախարարության կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մարզպետարաններին հատկացված միայն ցորենի սերմացուի ընդհանուր պարտքի չափը 16.06.2017թ. դրությամբ կազմում է  մոտ 609 միլիոն դրամ: Պարտք չունի միայն Կոտայքի մարզպետարանը:

Մարզպետարաններն ընթացքում մասամբ վճարում են պարտքի դիմաց, սակայն դանդաղ տեմպով:

2012-2016 թվականներին մարզերին տրամադրվել են նաև գարնանացան գարու, առվույտի, եգիպտացորենի, կորնգանի սերմացուներ, որոնց դիմաց մարզպետարանները ևս պարտքեր են կուտակել՝ 32 միլիոն 250 հազար դրամի չափով:

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը տեղեկացրեց, որ 2012-2016թթ. ընթացքում հողօգտագործողներին հատկացված սերմերի դիմաց կուտակված պարտքերի բռնագանձման նպատակով գարնանը բոլոր մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ բացառությամբ Կոտայքի մարզի, մարզպետարանների դեմ ներկայացվել են գումարային պահանջներ՝ մոտ 667 միլիոն 628 հազար դրամ գումարի չափով: Ընթացքում մարզպետարանները մասամբ մարել են պարտքը, և հունիսի 16-ի դրությամբ այն կազմում է մոտ 641 միլիոն 263 հազար դրամ:

Վլադիմիր Մանուկյանի փոխանցմամբ՝ ՊՈԱԿ-ի կողմից բոլոր մարզպետարաններին առաջարկվել է դատարան գրավոր ներկայացնել հաշտության համաձայնագրեր՝ նշելով պարտքի մարման վերջնաժամկետը մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը:

Միաժամանակ մարզպետարաններին տեղեկացրել են, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հաշտության համաձայնագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ ներկայացվեն գումարային պարտավորություններ չկատարած համայնքների ցուցակները, որտեղ կնշվեն յուրաքանչյուր համայնքի չվճարած շահառուների տվյալները և հեռախոսի համարները:

Մի շարք մարզպետարաններ դատարան են ներկայացրել միջնորդություններ դատական նիստը հետաձգելու և հաշտության համաձայնագրեր կազմելու համար:

Հունիսի 29-ին դատարանը հաստատել է արդեն ՊՈԱԿ-ի և Վայոց ձորի մարզպետարանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը: Ըստ դրա՝ մարզպետարանը պարտավորվել է մինչև նոյեմբերի 1-ը ՊՈԱԿ-ին ամեն ամիս վճարել մոտ 1 միլիոն 50 հազար դրամ, իսկ պարտքի ընդհանուր չափը կազմում է մոտ 5 միլիոն 250 հազար դրամ:

Վայոց ձորի մարզպետարանի պարտքը համեմատաբար քիչ էր, հետևաբար մարզպետարանը կարողացել է այդ պայմաններով հաշտության համաձայնագիր կնքել: Բարդ է խոշոր պարտքեր ունեցող մարզպետարանների վիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter