HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի օդանավակայանի վերաբացումը օլիգարխային բիզնես չպիտի դառնա

Տասնյակ տարիներ հետո Կապանի օդանավակայանը կրկին պիտի վերաբացվի, և սա լավ լուր է: Բայց, որպեսզի շարքային կապանցին և սյունեցին էլ Կապանի օդանավակայանից օգտվել կարողանա, չափազանց կարևոր է, որ այն մնա Կապանի քաղաքապետարանի սեփականությունը և օդանավակայանի շահագործման իրավունքը ամբողջությամբ չհանձնվի մասնավոր որևէ ձեռնարկության:

Սույն թվի հուլիսի 14-ին Կապանի «Սոսի» հեռուստատեսության «Տողատակ» հաղորդաշարի թեման Կապանի օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրներն էին: Հյուրերից մեկը Կապանի ներկա ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էր, որը հաղորդման ժամանակ հետևյալն ասաց.

«Քաղաքապետարանը պատրաստվում է ներկայացնել առաջարկ համայնքի ավագանուն՝ ընդունել որոշում օդանավակայանը կոնցեսիոն պայմանագրով շահագործողին հանձնելու նպատակով: Իրականում՝ այս կոնցեսիոն  պայմանագիրը ենթադրում է օգտագործման իրավունքը, շահագործման իրավունքը  փոխանցել օգտագործողին, շահագործողին՝ որոշակի պայմաններով: Որոշակի պայմաններն իրենցից ներկայացնում են հետևյալը. այն անբաժանելի բարելավումները, որոնք տեղի են ունենալու բնականաբար, թռիչքուղու բարեկարգումը, շենքի կառուցումը և այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերումները...(նախադասությունը չի ավարտում՝ հաղորդավարուհու միջամտության պատճառով-հեղ.): Ես ի նկատի ունեմ ամբողջ գաղափարի վերաբերյալ մոտեցումը հետևյալն է. անբաժանելի մասերը համարվում են Կապանի քաղաքապետարանի սեփականություն, և ևս մի անգամ կկատարվի վերագրանցում, սեփականության վկայականի թարմացում, այնուհետև նորից կոնցեսիոն պայմանագրի հավելված դրույթներով-հավելումներով նույնպես արդեն իսկ նոր առաջացած գույքը կտրամադրվի շահագործման: Քաղաքապետարանի պարտավորությունները հետևյալն են. առաջին հերթին՝ հետևել կոնցեսիոն պայմանագրի կատարմանը, երկրորդ՝ կոնցեսիոն  պայմանագրի ամբողջ ժամկետում վերահսկել, և, բնականաբար, անխուսափելի է, որ չառաջանան խնդիրներ, որպեսզի քաղաքապետարանի աջակցությունը, միջամտությունը անհրաժեշտ չլինի»:

Ընդհանրապես՝ կոնցեսիոն պայմանագրով կառավարումը մասնավոր  ներդրման ձև է: Կոնցեսիոն կառավարման/պայմանագրի էությունն այն է, որ պետությունը (պետական մարմինը) փոխհատուցման և ժամկետային սկզբունքի հիման վրա մասնավոր ընկերությանը  պետական սեփականություն հանդիսացող օբյեկտներում տնտեսական գործունեություն ծավալելու բացառիկ իրավունք է տրամադրում: Կոնցեսիոն կառավարումը ենթադրում է՝ ներդրումների վերադարձ, համապատասխան որակի ծառայության կամ արտադրանքի թողարկում, պետության կողմից արտադրանքի կամ ծառայության գների սահմանում և կարգավորում, կոնցեսիայի ժամկետը լրանալուց հետո կառավարման օբյեկտի անհատույց փոխանցում պետությանը:

Կապանի օդանավակայանի վերագործարկման համար մոտ 1,5-2 մլն դոլար պիտի ներդրվի (օդանավերը չհաշված): Սա բավականին փոքր գումար է, որպեսզի Հայաստանի ստրատեգիական հարավի  միակ գործող օդանավակայանը կոնցեսիոն պայմանագրով  կառավարման տրվի մասնավոր մի ձեռնարկության: Եվ հետո՝ կոնցեսիոն կառավարման հիմնականում տրվում են միջազգային մեծ օդանավակայանները, որովհետև փոքր օդանավակայաններում «խաղացողները» քիչ ու փոքրամասշտաբ են լինում, որի հետևանքով  բացառիկ շահագործման իրավունք ունեցողն ավելի հեշտությամբ  նրանց նկատմամբ (տնտեսական) ճնշումներ կարող է իրականացնել:

Վերոհիշյալ հաղորդաշարի ժամանակ Կապան քաղաքում կատարված հարցումներից երևում է, որ կապանցիներին, առաջին հերթին, հետաքրքրում է  տոմսերի գինը և հարցվածները «մատչելի գին» համարեցին մոտ 10000 դրամը (Կապան-Երևան միկրոավտոբուսի գինն այսօր 6000 դրամ է. մոտ 5 ժամ ճանապարհ):

Կապանի օդանավակայանը կոնցեսիոն պայմանագրով եթե տրվի մասնավոր որևէ  ձեռնարկության, ապա ձեզ վստահեցնում եմ, որ շարքային կապանցին և սյունեցին Կապանի օդանավակայանից  օգտվել չի կարողանալու, որովհետև տոմսի գներն, ի վերջո, մի քանի տասնյակ հազար դրամից  ցածր չեն լինելու: Կապանի քաղաքապետարանն ու Սյունիքի մարզպետարանն եթե իրականում ցանկանում են, որ շարքային կապանցին և սյունեցին Կապանի օդանավակայանից  օգտվել  կարողանա, ապա օդանավակայանի շահագործման  իրավունքը  շահագործողին պիտի հանձնեն առավելագույնը 50%-ով (և սովորական, ոչ կոնցեսիոն պայմանագրով): Օդանավակայանի շահագործման իրավունքի առնվազն  50%-ը պիտի մնա Կապանի քաղաքապետարանի  և/կամ  Սյունիքի մարզպետարանի ձեռքում:

Վերոհիշյալ հաղորդման ժամանակ Կապանի քաղաքապետը նաև նշեց, որ աշխատանքներ են տարվում Կապանի քաղաքապետարանի և «Սյունիքի զարգացման և  ներդրման» հիմնադրամի հետ համատեղ՝ կոնցեսիոն պայմանագրի գաղափարի շուրջ:

Ընթերցողին հայտնեմ, որ «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Սյունիքի մարզպետարանն է: Հիմնադրամը ստեղծվել է վերջերս:

«Սոսի» հեռուստատեսության հուլիսի 14-ի վերը նշված «Տողատակ» հաղորդաշարի մյուս հյուրը Սյունիքի մարզպետի խորհրդական Սահակ Հակոբյանն էր, որը մասնավորապես ասաց.

«Ներկայումս մենք ունենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արվող ներդրումներ և «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամի կողմից արվող ներդրումներ: Սկզբնական շրջանում (օդանավակայանի վերաբացման) հիմնական նպատակը սոցիալական է և հետագայում, բնականաբար, ինքը՝ որպես ցանկացած պրոյեկտ, կարող է, ըստ  պահանջարկի, նաև ունենալ բիզնես շարունակություն»:

Քանի որ հիմնական ներդրողը Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) է, ապա Սյունիքի մարզպետն ու Կապանի քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, Կապանի օդանավակայանի շահագործման բացառիկ իրավունքը (կոնցեսիոն պայմանագրով) պատրաստվում են հանձնել հենց ԶՊՄԿ–ին: Առավել ևս, որ (մինչև 19 տեղանոց) օդանավեր ձեռք բերելու համար էլ Սյունիքի մարզպետարանը բանակցում է  ԶՊՄԿ-ի հետ:

Սյունիքի ներկա մարզպետ Վահե Հակոբյանը՝ մինչև 2016-ին մարզպետ դառնալը, ԶՊՄԿ-ում փոխտնօրեն էր աշխատում: Իսկ Կապանի (2012-ից առ այսօր) քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ԶՊՄԿ-ի շահերը պաշտպանելու ու համայնքի գույքն օտարելու երկար փորձ ունի:

Նույն այս Աշոտ Հայրապետյանը 2013 թ. մայիսին Կապանի քաղաքապետարանի և  ԶՊՄԿ-ի  միջև պայմանագիր կնքեց, ըստ որի՝ 25 ՏԱՐՈՎ` Կապանի կենտրոնական, Նժդեհի անվան հրապարակը (մոտ 2600 քառ. մետր տարածք) հանձնվեց  ԶՊՄԿ-ին՝ «բարեկարգման ու կառուցապատման նպատակով»: Չլսված բան. այդ ո՞ր երկրներում են քաղաքի հրապարակներ հանձնում մասնավոր ձեռնարկությունների: Արդյունքում գեղեցիկ (բայց անիմաստ) շատրվաններ  կառուցվեցին  հրապարակում, որոնք տարվա մեծ մասը չեն գործում (ու հաճախ թացացնում են  հրապարակը):

Կապանի ներկա քաղաքապետը  համայնքի նաև ջրամատակարարման համակարգը (էլի 25 ՏԱՐՈՎ) հանձնեց  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: 90-ականները  վերադարձել են Կապան. ամբողջ թաղամասը նորից օրական մի քանի ժամ ջուր ունի, դույլերով ջուր կրող կանայք կրկին հայտնվել են փողոցներում, Կապանում կրկին խիստ վտանգավոր է ծորակից ջուր խմելն ու վթարված ջրատար խողովակներն ու ջրափոսերը սովորական երևույթ են դարձել քաղաքում:

Նույն վիճակում է քաղաքի աղբահանությունը. քաղաքում ամենուր աղբի կույտեր են (անգամ ամռան շոգին): Աղբահանության համար պատասխանատու «Կապանի կոմունալ ծառայությունը» (որի տնօրենը ներկա քաղաքապետի բարեկամն է) «տեխնիկա չունի»: Քաղաքի  ծառերի  ճյուղերը  կտրելու համար անգամ տեխնիկա են խնդրում ԶՊՄԿ–ից:

Ոչ ոք այդպես էլ չի հասնում. իսկ ի՞նչու «Կապանի կոմունալ ծառայությունը» տեխնիկա չունի: Սյունեցու սեփականությունը հանդիսացող ընդերքն օգտագործող այդ բոլոր հանքերը բա էլ ու՞մ համար են աշխատում: Դու՞ք չեք ամենուր հայտարարում, որ հանքարդյունաբերությունը սյունեցուն «բարեկեցություն» է բերում:

Ընթերցողին (հպանցիկ) հայտնեմ, որ հանքարդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է ընդամենը 4,7 %: Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատում է ընդամենը 10 հազար  մարդ, որը կազմում է երկրի աշխատող բնակչության միայն 0,9 %-ը: Հանքարդյունաբերության կողմից Հայաստանում վճարված հարկերը 2016-ին կազմել են  39,1 մլրդ դրամ, ինչը կազմում է Հայաստանի հարկային եկամուտների միայն  3,5 %-ը:

ԶՊՄԿ-ին  է պատկանում նաև «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը: Փաստորեն՝ Կապանն աստիճանաբար դառնում է ԶՊՄԿ-ի սեփականությունը: Հենց սրա  համար է, որ տեղական իշխանությունները  վաղուց արդեն չեն համարձակվում  բարձրացնել Կապանից ոչ հեռու գտնվող ու ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի հարցը: Այս ահասարսուռ ու սխալ կառուցված պոչամբարն աշխարհում ամենամեծն է (ու դեռ մեծանում է), լցված է մոտ 300 մլն տոննա թունավոր զանգվածով ու ռեկուլտիվացիայի չի ենթարկվել: Այն այնքան մեծ է, որ նույնիսկ տիեզերքից  է երևում:

Իրեն հարգող  ազգն  ինչպե՞ս կարող է  թույլ տալ, որ փոքրիկ, չքնաղ Սյունիքում ԶՊՄԿ-ն տարեկան 22 մլն տոննա (կրկնում եմ՝ 22 մլն տոննա ) հանքաքար արտադրի: Սա այլևս հանքարդյունաբերություն չէ, այլ անխնա հանքափորություն:

«Ալյոտիգ» ՍՊԸ-ին պիտի հանձնվեր Սյունիքում գտնվող 3 մեծ պոչամբարի պարունակությունը վերամշակման համար՝ 2015թ. ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքով: Բայց՝ «Ալյոտիգ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու դիմումով  դատարան  դիմեց ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ քաղաքացիական գործ  ԳԴ4/0022/04/15-ով: Ահա նորից՝ նույն կերպ. Կապանում երիտասարդ ընտանիքների համար իբր կառուցվելիք բազմաբնակարան շենքերի  ճակատագրի նման (քաղաքի հանգստյան գոտին ավերեցին ու տեղը ոչ մի շենք էլ չկառուցեցին):

ՀՀԿ-ն կոմունիստներից  մի բանով է տարբերվում. կոմունիստները գոնե երբեմն  բան-ման կառուցում էին (ու սեփական փողերով): ՀՀԿ-ն միայն վարկ ու պետական պարտք է «կառուցում»:

Եթե ԶՊՄԿ-ն Կապանի օդանավակայանի բացառիկ շահագործողը դառնա, ապա քաղաքապետարանն ու մարզպետարանը ոչ մի ձևով չեն կարողանալու ազդել օդանավակայանից օգտվելու վճարների  գնագոյացման (ուստի նաև տոմսերի գների) վրա, որովհետև իրենք  չափից շատ են  կախված  ԶՊՄԿ-ից: ԶՊՄԿ-ն վաղուց  է  պետության մեջ պետություն դարձել:

Հնարավոր է, որ Սյունիքի մարզպետը, Կապանի քաղաքապետն ու ԶՊՄԿ-ի ղեկավարությունը (անդրկուլիսային) համաձայնության գան, որ տոմսի գները սկզբնական շրջանում ցածր մնան: Բայց որոշ ժամանակ անց տոմսի գները բարձրացնելու են՝ իրենց ներդրումները հետ բերելու ու շահույթ ստանալու նպատակով  (արդարացումներ միշտ  կգտնեն): Իսկ Կապանի քաղաքապետը՝ իրեն հատուկ ոճով, կհայտարարի, որ «ճար չկա, պիտի հարմարվենք, որ օդանավակայանը չփակվի»:

Արծվանիկի պոչամբարը տասնյակ ու նույնիսկ հարյուրավոր տարիներ պիտի կառավարվի (պետության կողմից), որի համար տասնյակ միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ: Այս համատեքստում՝ ԶՊՄԿ-ի կողմից Կապանի օդանավակայանի վերագործարկման համար ներդվող գումարը բնավ էլ մեծ չէ: Թող դա որպես «լավություն» չներկայացնեն ու օդանավակայանի շահագործման իրավունքը թող թողնեն համայնքին:

Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ գրել եմ՝ Կապանում էլ պրոբլեմների խորքային պատճառն այն է, որ համարյա ամեն ինչ հանձնված է մասնավորին: Կապանի (և Հայաստանի) ներկա տնտեսական համակարգը ես անվանել եմ «ֆեոդալական կապիտալիզմ»:

Կապանից սարսափելի «ուղեղների արտահոսք» է տեղի ունեցել: Քաղաքում ինտելիգենցիա այլևս չկա (բացի Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանից): Անկախ, մտածող ու պայքարող մարդկանց քաղաքում արդեն մատների վրա կարելի է հաշվել: Հենց սրա համար է, որ Կապանում դեռ կոմունիստական բարքեր են ու քննադատելն և հրապարակավ պայքարելը դեռ համարվում է քաղաքին «վատություն ու խայտառակ» անել:

Ես տխրում եմ, որ Կապանն այս վիճակում է: Բայց ինչպե՞ս «տուն գամ». ողջ քաղաքում մի քաղաքակիրթ բնակելի շենք չգտնվեց, որ մեջը մի բնակարան գնես: Քաղաքում ոչ մի շենք այլևս չկա, որին ապօրինի մեծացված մի բալկոն կամ աստված գիտի թե էլ ինչ կպցրած չլինեն:

Ես՝ որպես փորձ ունեցող իրավաբան և տնտեսագետ, նախօրոք տեղեկացնում եմ, թե ինչ ճակատագիր է սպասում Կապանի օդանավակայանին, եթե վերջինիս շահագործման բացառիկ իրավունքը (կոնցեսիոն պայմանագրով) հանձնվի  ԶՊՄԿ-ին (կամ իր հսկողության տակ գտնվող որևէ մասնավոր ձեռնարկության): Սա  թույլ  չպիտի  տալ. Կապանի օդանավակայանը  հարուստների ու մի քանի տուրիստների համար օլիգարխային (օդային) տաքսի ծառայություն չպիտի դառնա:

Օդանավակայանը, առաջին հերթին, շարքային կապանցուն պիտի ծառայի, որովհետև շարքային կապանցին է 5 ժամ տառապում ճանապարհին՝ Երևան հասնելու համար: Որովհետև շարքային կապանցին է այդ մահաբեր պոչամբարների արանքում ամեն աստծո օր ապրում ու մաքառում աղքատության դեմ: Սյունեցուն հերթական (բակունցյան) «ալպիական մանուշակ» պետք չէ:

Այս պահին ես այսքանը կարող եմ անել: Գնդակը հիմա մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի ու հատկապես Կապանի ավագանու դաշտում է: Կապանի ավագանին նախկինում միշտ ու ամեն ինչի  լուռումունջ կողմ է քվեարկել: Ժամանակն է մի կողմ թողնել այդ (այսպես կոչված)  «գարաժ դասավորելու» մտածելակերպն ու սկսել որոշումներ կայացնել ի շահ կապանցիների:

Սակայն, ինչպես ասում են՝ ձիուն կարող ես ջրի մոտ տանել, բայց չես կարող ստիպել, որ ջուր խմի:

Վարազ  Սյունի, Ամստերդամ, 24.07.2017

Լուսանկարը՝ Սյունիքի մարզպետարանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter