HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-2

Տես նաև`  Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց

2003թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարի թիվ 1283-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մարդասիրական օգնության կենտրոնում գույքագրում է սկսել: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Է. Էքմեքջյանը: Վերջինս «Հայկական դեղագործական միության» անդամ է, իսկ հանձնաժողովի անդամներից մեկը` Լ. Իսախանյանը, «Լեւոն եւ Լամարա դեղատուն» ՍՊԸ-ի տնօրենն է: Այս մարդիկ դեղերի բիզնեսի ցանցի ներկայացուցիչներ են, ինչպես նաեւ` Ա. Բիշարյանի համակուրսեցիները: Նախարարությունը մասնագետ է ճանաչել այն անձանց, ովքեր զբաղվում են դեղերի ներկրմամբ եւ վաճառքով: 

 2004թ. փետրվարի 12-ին «Առավոտ» օրաթերթում տպագրվել է մի լուր, որտեղ հիմք ընդունելով Արտաշես Բիշարյանի ներկայացրած փաստաթղթերը, հերքվում է, որ իր դեմ քրեական գործ է հարուցված: Տարօրինակն այն է, որ Բիշարյանը ներկայացրել է նաեւ դատախազությունից տրված մի փաստաթուղթ, որտեղ նշված է, թե նրա դեմ քրեական գործ չի հարուցված: 

 Այնուհանդերձ, նման քրեական գործ հարուցված է ԱՆ աշխատակից Արտաշես Բիշարյանի դեմ: Ավելին, այս քրեական գործի նախաքննության ժամկետը երկու անգամ երկարացվել է: Արտաշես Բիշարյանը առողջապահության համակարգի համար դեղերը ձեռք է բերել նաեւ իր ՍՊԸ-ից: Մարդասիրական օգնության դեղերը դարձրել է ժամկետանց, որպեսզի իր եւ իր գործընկերների դեղերը վաճառվի: 

Նշենք նաեւ, որ «Դեղագործների ասոցիացիայի» նախագահ Ա. Բիշարյանի միջոցով է կատարվել հանրապետություն ներկրվող դեղորայքի հավաստագրերի կազմումը, թույլտվությունը: Այսինքն` ՀՀ ներկրվող բոլոր տեսակի դեղերի, դրանց գների, առաջարկի եւ պահանջարկի ինֆորմացիան կատարվել է Ա. Բիշարյանի միջոցով: Հետեւաբար, մարդասիրական ճանապարհով Հայաստան ներկրված շուրջ մեկ միլիարդ դրամ արժողությամբ ժամկետանց դեղերի առաջացման պատճառը Ա. Բիշարյանի միտումնավոր գործողություններն են եղել: 

 Այս խնդրի հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի գրասենյակից պարզաբանումներ ստանալու մեր փորձերն առայժմ ոչ մի արդյունք չեն տվել: 

 Մեր ձեռքին է Միացյալ հայկական հիմնադրամի աշխատակից Նուրիցա Աբուջամրայի 12.08.02-ին գրած նամակը Արտաշես Բիշարյանին: Մեջբերենք այն ամբողջությամբ. «Շնորհակալություն 113 եւ 114 թռիչքներով առողջապահության նախարարությանը առաքած դեղերի եւ բժշկական պարագաների բաշխման վերաբերյալ հաշվետվության համար: Նայելով դեղերի բաշխման հաշվետվությունը մենք նկատեցինք, որ բաշխումը նվազագույն չափերի է հասնում: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հավելվածի երկրորդ սյունյակին, որտեղ ես ավելացրել եմ «բաշխված դեղերի ընդհանուր քանակը»: Այս սյունյակը ցույց է տալիս բաշխված սրվակների եւ տուփերի ընդհանուր քանակը:

«Չբաշխված դեղերի քանակը» սյունյակում երեւում է, թե ինչքան դեղորայք է մնացել պահեստում առաքումից մեկ տարի անց, որոնք ավելի մեծ թիվ են կազմում: Չբաշխված դեղերի մեծ մասն արդեն չի կարող օգտագործվել, որովհետեւ ժամկետանց է դարձել: Կարո՞ղ եք բացատրել մեզ թե, ինչու այսքան մեծ քանակի դեղեր չեն բաշխվել: Մենք նաեւ նկատեցինք, որ ստացողների մեջ շատ քիչ է հիվանդանոցների թիվը: Լոս Անջելեսում հաճախ ենք հանդիպում Հայաստանից եկած բժիշկների, ովքեր ասում են դեղերի կարիքների մասին: Երբ դուք ուղարկում եք հաշվետվությունները, նկատելի է, որ ստացողները քիչ են: Խնդրում եմ պարզեք սա: Կաթոլիկ միսիային եթե ուղարկենք նման նամակ, ապա կունենա ավելի շատ բացասական, քան դրական արդյունք, եւ կազդի հետագայում Հայաստանին օգնություն տրամադրելուն: Սպասում ենք ձեր բացատրություններին: Նուրիցա»: 

Հայտնի չէ, թե այս նամակին ինչ բացատրություններ է տվել ՀՀ ԱՆ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը: Սակայն այս պատմությունն այսքանով չի ավարտվում: Պարզվում է նաեւ, որ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչությունը դեղերի բաշխումը կատարել է մեծ չարաշահումներով: 

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter