HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին հակա ու արտ սրճարանները` Վանաձորում

Գայանե Սարգսյան

Մոտ մեկ ամիս է` Վանաձորում բացվել է «Թեյնիկ» անվանմամբ հակասրճարանը: Հիմնադիրները 25-ամյա Դավիթն ու Ավետիսն են, ովքեր 6-7 ամիս առաջ քննարկել ու որոշել են Վանաձորում բացել հակասրճարան:

«Վանաձորում զբաղմունքի վայրեր չկան, ամեն ինչ մռայլ է: Ուզեցինք մի տեղ բացվի, որտեղ մարդիկ կկարողանան ընկերներով ու ընտանիքներով ժամանակ անցկացնել, ոչ թե կգնան տուն ու համակարգիչների առաջ կնստեն, համակարգչի միջոցով իրար հետ կշփվեն»,- ասում է Դավիթը:

Վերջինիս խոսքով` հակասրճարանի բացվելը վանաձորցիների մի մասն ուրախությամբ է  ընդունել, սրճարաններին սովոր մի զգալի հատվածը, սակայն, դեռևս լիովին չի ընդունում ժամավճարով գործող հակասրճարանի առկայությունը:

«Մի կողմից լավ աչքով է նայվում էն, ինչը չկա, բայց մյուս կողմից էլ` եթե մինչ այս չի եղել, մարդկանց դժվար կլինի ներգրավել։ Բայց մարդկանց հոսքն աստիճանաբար ավելանում է»,- ասում է Դավիթը։

Անտիկաֆեի յուրօրինակ արտաքին ու ներքին դիզայնն աչքի է զարնում հենց առաջին հայացքից: Դաշնամուրի ստեղներով աստիճանահարթակն ու ներքին կահավորման մեջ տարբեր երաժշտական գործիքների առկայությունը հուշում են հիմնադիրների երաժշտության հետ կապ ունենալու մասին:

Դավիթը երաժիշտ է՝ կիթառահար: Որոշ ժամանակ նվագել է տեղի ռոք խմբերից մեկում, հիմա արդեն, ինչպես ինքն է նշում, իր համար է նվագում:

Կիթառներն այստեղ ներկայացված են ոչ միայն տեղում այցելուների կողմից փորձարկվելու, նվագելու համար, այլև՝ առաստաղին: Անտիկաֆեի մի անկյունում ներկայացված են սեղանի ամենատարբեր խաղեր, մյուս մասում՝ փոքրիկ գրադարանն է՝ ընթերցասերների համար: Տարածքի մի փոքր հատված երիտասարդները հատկացրել են  ռետրո անկյուն ստեղծելու համար:

Պատերին փակցված են լոռեցի երիտասարդ նկարիչների կտավները, որոնք նրանք հիմնականում նվիրել են:

Սրահի մի անկյունում էլ տեղ է գտել աստղադիտակը, որով վանաձորցիները կարող են հիանալ աստղալից երկնքով:

Առանձին անկյուն է նախատեսված նաև հաճախորդների կարծիքների, դիտողությունների ու առաջարկների համար: Առաջարկների անկյանը կից աշխարհի քարտեզն է փակցված: Տարբեր երկրներից հաճախող հյուրերը դրոշակով նշում են իրենց հարազատ քաղաքը քարտեզի վրա ու գրում իրենց անունները:

Այցելուների առաջարկները հաշվի առնելով` երիտասարդներն անընդհատ նորամուծություններ են մտցնում:

«Երիտասարդներից առաջարկեցին նաև սեմինարներ, կինոդիտումներ, քննարկումներ անցկացնել: Նրանց առաջարկները հաշվի առնելով` նաև կենդանի երաժշտության երեկոներ ենք կազմակերպում»,- նշում է  Դավիթը:

Անտիկաֆեում անց են կացվում նաև տեղի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ: Դավիթի խոսքով՝ ցուցահանդեսների միջոցով փորձում են նաև մարզի երիտասարդ արվեստագետներին ներկայանալու հնարավորություն տալ:

Սրահի դիզայնի ու կահավորման հարցում երիտասարդներին աջակցել են ընկերները: Երբեմն նաև այցելուների կողմից են նվերներ ստանում: Դավիթն ուրախությամբ է նշում, որ վանաձորցի մի զույգ, վերջերս իրենց մոտ լինելով ու հավանելով միջավայրը, հաջորդ այցին գրքեր է նվիրել գրադարանի համար:

«Ով ինչով կարողացել` օգնել է,- ասում է Դավիթը` հույս հայտնելով, որ քաղաքի միակ անտիկաֆեի գործունեությանը կաջակցի նաև քաղաքապետարանը:- Սայաթ-Նովայի զբոսայգին, որտեղ մեր անտիկաֆեն է, գիշերային լուսավորություն չունի: Լավ կլիներ, որ քաղաքապետարանը ընդհանուր զբոսայգու տարածքը լուսավորեր»:    

Անտիկաֆեն գործում է ժամավճարով. առաջին երկու ժամը՝ 500 դրամ, հաջորդող յուրաքանչյուր ժամը՝ 300 դրամ: Այս գումարի շրջանակներում այցելուները կարող են օգտվել անտիկաֆեի հնարավորություններից ու հյուրասիրությունից՝ թեյ, սուրճ, թխվածքաբլիթ:

«Կոպիտ ասած՝ սա ուտելու տեղ չէ, հետաքրքիր ժամանակ անցկացնելու տեղ է»,- ասում է Դավիթը:

Ցերեկային ժամերին, երբ այցելուները քիչ են, աշխատանքային մթնոլորտ է տիրում: Այստեղ կարելի է տեսնել տարբեր ծրագրերով Վանաձորում գտնվող օտարերկրացիներին:

Հիմնադիրները ցանկանում են բարեկարգել հարակից տարածքը, ստեղծել բացօթյա կինոդիտումների հնարավորություն, ժայռամագլցման պատ կառուցել... Ուզում են ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի «Թեյնիկ»-ը դառնա ժամանցի հաճելի վայր:

«Արտկաֆեն կարող է դառնալ հայկական արվեստը ներկայացնելու հրաշալի վայր»

Հակասրճարանից մեկ կանգառ այն կողմ գտնվում է քաղաքի նորաբաց, առաջին արտսրճարանը:

«Սովորական սրճարանի ստանդարտներից դուրս է մեր արտկաֆեն, շեշտը դրված է գեղագիտական հաճույք ստանալու վրա»,- ասում է արտսրճարանի մենեջեր Շուշաննա Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ այն ստեղծված է արվեստագետների ու արվեստասերների համար:

Այստեղ ներկայացված են հիմնականում Լոռու մարզի արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների աշխատանքները. կտավներ, փայտի, ապակու վրա արված ձեռքի աշխատանքներ։ Նորաբաց արտսրճրանում մտադիր են համալրել ցուցադրության ու վաճառքի համար ներայացվող ցանկը, այն գրավիչ դարձնելու համար ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար:

Արտսրճարան այցելող զբոսաշրջիկների թիվը դեռևս փոքր է: Պատճառն, ըստ մենեջերի, Վանաձորում զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պակասն է:

«Վանաձորում զբոսաշրջությունը զարգացած չէ, ենթակառուցվածքներ չկան, ինչի պատճառով արտկաֆեն նաև դժվարություններ ունի զբոսաշրջիկներին ներգրավելու ու հայկական արվեստի գործերը ներկայացնելու առումով»,- նշում է Շուշանիկը:

Վերջինիս խոսքով, Արտսրճարանի առկայությունը նաև լավ հնարավորություն է  այն արվեստագետների համար, ովքեր իրենց գործերը ներկայացնելու հնարավորություն չունեն:

«Արտերկրից կամ հանրապետության այլ վայրերից հյուր ունեցող ցանկացած վանաձորցի մշտապես կանգնում է  խնդրի առաջ. ո՞ւր տանել իր հյուրին: Արտկաֆեն կարող է դառնալ հայկական արվեստը ներկայացնելու հրաշալի վայր»,- ասում է Շուշանիկը:

Արտսրճարանում անկյուն են հատկացրել նաև գրքասերների համար: Հնարավորություն է տրված նաև գրադարանի կողքին տեղ գտած ներկապնակից օգտվելու ու ուժերը նկարչության մեջ հենց տեղում փորձարկելու համար:

Լուսանկարներ` Արտսրճարանի

Մեկնաբանություններ (5)

Սոֆիյա
Շատ լավն էր, բայց նկարները խառն եք գցել։
Arturo
This place is indeed anti-cafe! It's 10:35 in the morning, all the cafes and stores are open but this anti-cafe is still sleeping! For me this is the worst place to spend my morning in Vanadzor!
Arturo
Will you provide addresses for both cafes, Dun and Teinig?
Մարիաննա
Ավելի կոնկրետ`《Տուն》 և 《Թեյնիկ》 սրճարանների նկարները հակառակ են տեղադրված:
Մարիաննա
Հարգելի' Գայանե, Շնորհակալություն բովանդակալից հոդվածի համար, սակայն պիտի նշեմ` շփոթմունք է եղել. հոդվածին կցված ոչ բոլոր նկարներն են 《Թեյնիկ》հակասրճարանինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter