HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Սևան Ստարտափ սամիթ» 2017-ը

«Կարգապահությունը՝ ամենակարևոր պահանջներից մեկը: Երկրորդ անգամ անկարգապահ լինելու համար անվանական կրծքանշանը դակելուց հետո մասնակիցը կհեռացվի ճամբարից: Արգելվում է ոգելից խմիչքը, բոլորն առավոտյան 8-ից պետք է արթուն լինեն և պատրաստ՝ պայքարելու խմբային մրցումներում հաղթելու համար: «Սևան ստարտափ սամիթ» 2017թ. հավաքի կանոնները հատարարելուց հետո 6-օրյա ճամբարը հայտարարվեց բացված»,- այս մասին տեղեկացնում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը:

Ըստ հաղորդագրության՝ 92 թիմ 20 ջոկատի կազմում մարզական մրցույթներից բացի պայքարելու է նաև իրենց ստարտափները զարգացնելու և հաջողելու համար անհրաժեշտ ֆինանսավորում գտնելու համար: 

Բիզնես մրցումներն ընդգրկելու են զբոսաշրջության, սննդի, գյուղատնտեսության, գիտական ոլորտները: Յուրաքանչյուրում թիմերի և ջոկատների բաժանված ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, իսկ ժյուրին ընտրելու է լավագույններին, որոնք էլ հնարավորություն կունենան ֆինանսավորում  ստանալ: Գլխավոր մրցանակը 8000 ԱՄՆ դոլար արժեքով գրան պրին է: 10 երկիր ներկայացնող ավելի քան 1000 մասնակիցներն այս տարի հնարավորություն կունենան ներգրավել մինչև 200,000 դոլարի ներդրում:

Սևան ստարտափ սամիթի կազմակերպիչ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը հիացմունք հայտնեց երիտասարդների կազմակերպվածության վերաբերյալ: «Այստեղ այսօրվանից մենք փորձելու ենք հիմք դնել նոր ձեռնարկությունների, որոնք էլ իրենց նպաստը կբերեն մեր երկրի զարգացմանը»,- ասել է նա:

Միջոցառման համակազմակերպիչ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը նշեց, որ տարեց տարի միջոցառման մասնակիցների քանակը, ծավալը ավելանում և փոխվում է: «Հենց այս տիպի միջոցառումների շնորհիվ է, որ պետք է նաև փոխվի ՓՄՁ ոլորտի բովանդակությունը՝ այնտեղ բերելով նորարարական շունչ»,- ասաց նա: Գևորգյանը վստահեցրեց՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միջոցառումից հետո էլ պահպանելու է կապը մասնակից սկսնակների հետ, մշտապես գնահատելու է նրանց կարիքները, իր գործիքներով աջակցելու է նրանց, օգնելու է սկնակներին  նոր կապեր ստեղծել և միջազգային ասպարեզ դուրս գալ:

Սևան ստարտափ սամիթի մյուս կազմակերպիչ «Գլոբալ էյ-էմ» ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը նշեց, որ անցած անգամ մասնակցել է որպես դասախոս և որոշել այսուհետև աջակցել միջոցառման կազմակերպմանը: «Ես այնքան էի ոգևորվել մասնակիցներով և նրանց գաղափարներով, որ որոշեցի կազմակերպման մեջ նույնպես ներդրում ունենալ: Համոզված եմ, որ այ միջոցառումը դառնալու է ավանդական և գնալով՝ ավելի մեծ շրջանակ է ընդգրկելու»,- վստահություն հայտնեց Պողոսյանը:

Միջոցառմանը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում: Ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասաց. «Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը: Ուստի մեր ծրագիրը որոշեց աջակցել Սևան ստարտափ սամիթին, քանի որ այստեղ ձևավորում են ապագայի ՓՄՁ-ները»:  

Այս տարվա Սևան ստարտափ սամիթը բանախոսներ ունի Ռուսաստանից, Հնդկաստանից և Ֆրանսիայից: Առաջիկա 6 օրերի ընթացքում երիտասարդ սկսնակների համար դասախոսություններ են կարդալու բիզնես և ՏՏ ոլորտի առաջատար մասնագետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter