HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուգարաց թեմն անդրադարձել է Սանահինի համալիրի հուղարկավորություններին

Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմն անդրադարձել է Սանահինի վանական համալիրի տարածքում հուղարկավորության ու գերեզմանաշինության դեպքերին: Թեմի տարածած մամուլի հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«Այս հաղորդագրությամբ Սանահին վանքի տարածքում վերջերս տեղի ունեցած ապօրինի հողարկավորության և գերեզմանաշինության առնչությամբ պարզաբանում ենք.  

Սանահին վանքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնվել 13 ապրիլ 2011 թվականի թիվ 2656312 սեփականության վկայականով (գրանցված է իրավունքների պետական գրանցման միասնական 06-002-3 մատյանի 134 համարի տակ):  

Համաձայն վկայականում սահմանանշվածի` եկեղեցու սեփականություն է հանդիսանում միմիայն վանքային համալիրն ու մատուռ սրբատեղիները` սահմանափակ չնչին հողակտորներով:  Վանքի հարակից ողջ գերեզմանոցը ընդգրկված չէ վանքի սեփականության վկայականում և այն իբրև պահպանման գոտի, հանդիսանում է հուշարձանների վարչության և կամ համայնքային սեփականություն:  

Մինչ Մայր Աթոռին հանձնվելը` Սանահին վանքի տարածքում խորհրդային և ապա ՀՀ անկախության առաջին տարիներին տեղական իշխանությունների, Սանահինի գյուղապետերի և ապա թաղապետերի թույլտվությամբ և հուշարձանների վարչության անտարբերության պատճառով կատարվել են հարյուրավոր հուղարկավորություններ:   

Գուգարաց թեմը սկսյալ 1996 թվականից երբեք նոր թաղումների թույլտվություն չի տվել, այլ ընդհակառակը` մշտապես ահազանգել և մարզպետների միջոցով արգելել է գյուղապետերին ու թաղապետերին վանքի հարակից տարածքում անօրինական թաղումներ իրականացնել: Այս մտահոգությամբ հուշարձանների վարչության մարզային ներկայացուցիչներին մշտապես թեմի կողմից հորդորվել է հսկել և տեր կանգնել այդ տարածքներին:

Հանրային հեռուստատեսությամբ մենք արդեն արտահայտվել ենք և սակայն  կրկին դատապարտում ենք կատարվածը և տեղի ունեցած ապօրինության կապակցությամբ ակնկալում դատախազության և քննչական մարմինների վճիռը: Կոչ ենք անում նաև ՀՀ Մշակույթի նախարարությանը,  պատկան կառույցներին` հետևողական լինել պատմական վայրերի և հուշարձանների, սրբավայրերի պահպանման գոտիների անձեռնմխելիության ապահովման հարցում:

Անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակումներում վանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ավետիք աբեղայի կողմից տրված բացատրություններին և հարցազրույցին` նշենք, որ դա ակնհայտ թյուրիմացություն է և հովվի անտեղյակության արդյունք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter