HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են տրանսպորտի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է գործընկերոջ այցը Հայաստան' հույս հայտնելով, որ այն կխորացնի հայ-իսրայելական համագործակցությունը տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ՏՏ ոլորտներում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ Ցախի Հանեգբին ընդգծել է բոլորովին վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների ներդնումը, որպես երկու երկրների միջև գործակցության խթան:

Ցախի Հանեգբիի հարցին ի պատասխան' Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային համակարգն ու սպասվող ծավալուն բարեփոխումների ծրագիրը:

Վահան Մարտիրոսյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում երկու երկրների համագործակցությունը' նկատի ունենալով երկու ժողովուրդների մտավոր մեծ ներուժը: Նա նշել է, որ Հայաստանում գործող մի քանի տեխնոլոգիական կենտրոններ ուրախ կլինեն իրենց հարկի տակ ընդունել իսրայելական ՏՏ ընկերություններին:

Վահան Մարտիրոսյանը Տարածաշրջանային համագործակցության նախարարին և իսրայելական ՏՏ ընկերություններին այդ համատեքստում հրավիրել է ներկա գտնվելու աշնանը Երևանում կայանալիք ամենամյա «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Ցախի Հանեգբին նույնպես կարևորել է ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները և համոզմունք հայտնել, որ այդ բնագավառում երկու երկրների միջև գործակցությունն ապագա ունի:

Վահան Մարտիրոսյանը Ցախի Հանեգբիին ներկայացրել է նաև Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությունները, օպերատորների կողմից ներդրվող նոր տեխնոլոգիաները' նշելով, որ նրանք արդեն իսկ օգտագործում են նաև իսրայելական սարքավորումներ:

Կիբերանվտանգության համատեքստում նախարարները անդրադարձել են երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter