HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակցիները` խոշորացման ծրագրի վերաբերյալ. «Պետք չէ չշարժվող մեքենայի բեռը դնել շարժվող, բայց բեռնավորված մեքենայի վրա»

2017թ-ի նոյեմբերի 5-ին Շիրակի մարզում համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է ձեւավորել եւս երեք փունջ՝ Ախուրյան (8 համայնք՝ Ջրառատ, Բասեն, Կառնուտ, Կամո, Ախուրյան, Այգաբաց, Արեւիկ, Հովիտ), Մարմաշեն (15 համայնք՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն) եւ Անի (17 համայնք՝ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Սառնաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Սարակապ, Քարաբերդ, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի) կենտրոններով:

Եթե նախորդ խոշորացված փնջերի (Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ) հետ կապված գրեթե խնդիրներ չէին առաջացել, եւ խոշորացման ծրագրին ընդդիմացող համայնքներ էլ գրեթե չկային, բողոքներն էլ հիմնականում վերաբերում էին խոշորացվող համայնքի կենտրոնի ընտրությանը (օրինակ՝ ցողամարգցիների կարծիքով փնջի կենտրոնը պետք է լիներ Ցողամարգը, ոչ թե Թորոսգյուղը), փնջերի տարանջատմանը (Արփի լճի շրջակայքի գյուղերը հրաժարվեցին միավորվել Ամասիայի հետ՝ ձեւավորելով առանձին փունջ), ինչպես նաեւ այս կամ այն փնջում ընդգրկվելու նախապատվությանը( հողմիկցիները հրաժարվում էին ընդգրկվել Ամասիայի փնջում, բողոքեցին եւ ներկայում ընդգրկված են Սարապատ փնջում), ապա այս փուլում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել: Առաջիկայում խոշորացվող 40 համայնքների ցանկում զգալի թիվ են կազմում անկախությունը պահպանել ցանկացողները:

Գյումրիում օրերս, «Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությամբ եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպվել էր երկօրյա կոնֆերանս՝ նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման խնդիրներին: Ակումբի փորձագետները 2014թ-ին մի քանի մարզերում ուսումնասիրություններ էին կատարել, լսել բնակիչների կարծիքները եւ գնահատականները համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Ուսումնասիրություններն ու վերլուծությունները ներկայացվել են շահագրգիռ կառույցներին:

«Հիմա, երբ արդեն իսկ ունենք ձեւավորված փնջեր, ինչպես նաեւ առաջիկայում խոշորացվող համայնքներ, ապա հարկ կա հասկանալու, թե տեղեկատվությունը որքանով է ընկալելի եղել հասարակության կողմից, արդյո՞ք ռիսկերը ծրագրի հետ կապված, որ այն ժամանակ տեսել ենք՝ փոխվել են,-բացատրեց «Տնտեսական լրագրողների ակումբի» գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանը,- ոււսումնասիրության համար ընտրվել են երկու մարզ՝ Շիրակի եւ Գեղարքունիքի:  Ասեմ, որ բոլոր համայնքներում բարձրացվում է համայնքապետի ու ավագանու ընտրությունները չկուսակցականացնելու հարցը: Մեծամասնական ընտրակարգի պարագայում մարդիկ ավելի ներգրավված են զգում իրենց գործընթացներում: Կարծում եմ, որ հատկապես սրան պետք է ուշադրության դարձնել»:

Գյումրիում կազմակերպված կոնֆերանս-քննարկմանը մասնակցում էին համայնքապետեր, հասարակական կազմակերպության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հատկապես բուռն քննարկում ծավալվեց տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի ելույթից հետո, ում էլ ուղղված էր հարցերի առյուծի բաժինը: Բասենի եւ Սառնաղբյուրի համայնքապետերը կոնֆերանսի ժամանակ փոխանցեցին համագյուղացիների տրամադրությունը՝ չեն ուզում միանալ, ցանկանում են ապրել ու զարգանալ սեփական միջոցների ու կարողությունների սահմաններում: Համայնքապետերին խիստ մտահոգել էր համայնքային սեփականության խոշորացման փաստը: Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանի կարծիքով պետք է խոշորացնել կառավարումը, իսկ սեփականությունը թողնել համայնքներին: «Բիոսոֆիա» ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանն էլ առաջ քաշեց համայնքապետերի պաշտոնը չկուսակցականացնելու հարցը: Վերջինիս մտահոգում էր նաեւ պետության բեռը համայնքների ուսերին դնելու միտումը:

Վաչե Տերտերյանը

«Որքան կատաղի է դիմադրությունն, այնքան համոզվում եմ, որ ճիշտ ճանապարհին ենք»,-նկատեց փոխնախարար Վաչե Տերտերյանը: Պատասխանելով «Հետք»-ի հարցերին` փոխնախարարը նշեց, որ փնջից առանձնացված մոդելային համայնքներ չեն լինելու, ինչպես որ ցանկանում են մի շարք համայնքապետեր, բացառություններ կլինեն, ինչպես օրինակ Արագածոտնի մարզի Մելիք գյուղը, որ շրջապատված է եզդիաբնակ համայնքներով: «Որովհետեւ չենք կարող հայաբնակ Մելիք գյուղը խոշորացնել եզդիաբնակ գյուղերի հետ՝ էթնիկ, մշակութային խիստ տարբերության պատճառով: Մնացած դեպքերում ես խնդիր չեմ տեսնում»,- նկատեց փոխնախարարը:

Վաչե Տերտերյանի համոզմամբ` բոլոր նախորդ եւ ապագա փնջերը ձեւավորվել են համապատասխան ուսումնասիրությունից հետո: «Մենք միշտ էլ մեր արգումենտացիան բերելով կամ հրապարակային ելույթների մեջ ասում ենք, որ չի կարելի վարչատարածքային բաժանումը նկարագրել մաթեմատիկական ճշտությամբ ու համարել գործընթացն անքննադատելի: 50 տարի հետո կարող է այլ մոդել լինել՝ ավելի էֆեկտիվ: Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ վարչատարածքային բաժանումը դոգմա չէ՝ ինքը զարգացումներին, փոփոխություններին համահունչ իրականացվող գործընթաց է: Վերցնենք մեր հարեւան վրացիներին: Իրենք էլ խոշորացրին: Հիմա գտել են, որ ինչ-որ տեղ շատ են խոշորացրել՝ որոշեցին բաժանել: Հիմա նայում են, որ իզուր են բաժանել՝ նորից խոշորացնում են: Էստեղ ընդամենը կառավարման մոդելի մասին է խոսքը: Գյուղում ապրող որեւէ բնակչի ապրելակերպի, տնտեսական գործունեության, ծառայությունների, չգիտեմ, օրինակ տրամադրության, մշակութային, էթնիկական որեւէ բանի խաթարում չի լինելու»:

Վաչե Տերտերյանի հույսը խոշորացող համայնքների ավագանին է, որ վերահսկողի դեր է կատարելու: «Տարբեր համայնքներից ընտրված ավագանու անդամները չեն թողնելու, որ խոշորացված համայնքի ղեկավարն ինքնագլուխ որոշումներ կայացնի: Բոլոր խոշորացված համայնքներում ավագանու նիստերն ուղիղ հեռարձակվելու են: Մենք անցյալում էդպիսի պատմություն ենք ունեցել, որ ընդհանուրը մի բան է, որտեղից մենք ինչ-որ բան պիտի փախցնենք: Հիմա դա չի լինելու, որովհետեւ էդ ընդհանուրը մերն է: Գյուղապետն ասում է՝ ինչու՞ եք սեփականությունը դարձնում ընդհանուր, այ հենց դրա համար, որ բոլորի սիրտն էլ ցավա էդ ընդհանուրի համար՝ չմտածենք ինչը տանենք, ուր տանենք»,- նկատեց Վաչե Տերտերյանը:

Քանի որ քննարկումների, հանդիպումերի արդյունքում, թեեւ աննշան, սակայն նախատեսված փնջերում այնուամենայնիվ փոփոխություններ կատարվում են, արդյո՞ք կգա մի պահ, որ կդիտարկվի ոչ թե 10 հազար բնակիչ ունեցող Ախուրյանի ու 7 գյուղերի միավորումն, այլ՝ Ախուրյանի եւ Գյումրու միավորումը՝ հաշվի առնելով այս երկու համայնքների միմյանց սերտաճած լինելը:

«Էս պահին չենք դիտարկել,- պատասխանեց Վաչե Տերտերյանը,- բայց դրանից չի հետեւում, թե էդ կարգի խնդիրներ չկան, որովհետեւ Գյումրին զարգանում է, ու ինչ-որ պահ էս խնդիրները պետք է նայենք: Մտածում ենք գուցե Գյումրին, Ախուրյանը, մյուս խոշորացված համայնքները հնարավոր լինի միավորել միջհամայնքային միավորման մեջ, ինչի արդյունքում, ասենք լուծենք իրենց միջհամայնքային տրանսպորտի խնդիրը: Մի 20-25 տարի առաջ Երեւանը երկու-երեք գյուղ ուներ, որ քննարկվում էր, դա Երեւան է, թե՞ Երեւան չէ: Անցել են տարիներ, հիմա ունի 20 գյուղ ու ինչ անենք, աչքներս փակե՞նք, Երեւանն է զարգացել, գյուղերն են մոտեցել: Վաղը մյուս օրը Մասիսը միանալու է Երեւանին, ակնհայտ է՝ ինչ-որ պահ է գալու, ու այդ խնդիրն առաջանալու է: Այնպես որ զարգացող Գյումրու պարագայում էլ ամեն ինչ հնարավոր է»:

Թոմաս դր. Շրապելը

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս դոկտոր Շրապելի համոզմամբ, եթե խոսքը գնում է ՏԻՄ-երի կառավարման մեջ փոփոխություն մտցնելու մասին, ապա չի կարող դա արվել ուղղակի՝ վերեւից ներքեւ, ուղղահայաց եղանակով, այլ պետք է իրականացվի բնակչության հետ երկխոսության միջոցով, որը կապահովի հետագայում նմանատիպ բարեփոխումների արդյունավետությունը:

«Ես ներկա էի քննարկմանը եւ տեսա, թե ինչ էմոցիաներ կային, եւ պետք է ասեմ, որ այդպես է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամենուր: Մենք քաղաքական հիմնադրամ ենք եւ գիտենք, թե արդյունավետ կառավարում իրականացնելու համար ինչպիսի փոխզիջումների պետք է գնալ, նաեւ գիտենք, թե արդյունավետ կառավարելու համար նման խոշորացումը ինչպիսի էական նշանակություն ունի: Որոշ դեպքերում կառավարությունը պարտադրված է նմանատիպ քայլերի գնալու, որպեսզի այդ փոփոխություներն իրականացվեն, սակայն ցանկալի է, որ այդ ամենը տեղի ունենա բնակիչների հետ քննարկման, երկխոսության արդյունքում»:

Դոկտոր Շրապելը չէր հասցրել լինել 18 խոշորացված համայնքներից որեւէ մեկում եւ չկարողացավ «Հետք»-ին փոխանցել իր տպավորությունները, սակայն խոսեց Ֆրանսիայում եւ Գերմանիայում իրականացված համայնքների խոշորացման առանձնահատկություններից:

«Ասեմ, որ տարբերվում են անգամ Գերմանիայի եւ Ֆրանսիայի մոդելները: Ֆրանսիայում մոդելը կենտրոնացված է` ՏԻՄ-ը կառավարվում է կենտրոնացված համակարգով: Կան դեպարտամենտներ, որոնք ունեն հստակ իրավունքներ եւ պարտականություններ՝ ուղղված տեղական ինքնակառավարման ոլորտում իրենց լիազորությունների իրականացմանը: Գերմանիայի դեպքում՝ ապակենտրոնացված է,- բացատրեց դոկտոր Շրապելը,-ինչպես գիտեք, Գերմանիան բաղկացած է տարբեր հողերից եւ յուրաքանչյուր հողում կան իրավասության որոշակի բնագավառներ, որտեղ դաշնությունն ընդհանրապես իրավունք չունի խառնվելու: Այդպիսի ոլորտներից են մշակույթը եւ կրթությունը: Գերմանիայի բոլոր դաշնային հողերի զարգացման համաչափությունն ապահովելու համար կան հրամայականներ: Օրինակ, եթե Գերմանիայի մեկ դաշնային հող տնտեսապես ավելի զարգացած է, ավելի կայուն, քան այլ դաշնային հող, ապա ուժեղը պարտավորված է ֆինանսապես աջակցելու թույլին, որպեսզի նա եւս հնարավորություն ունենա տնտեսական աճ գրանցելու: Այդպիսով ապահովվում է ողջ Գերմանիայի դաշնային հողերի միջեւ համաչափ զարգացվածությունը»:

Ղուկաս Մուրազյանը

Իսկ ահա Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ղուկաս Մուրազյանի կարծիքով` չի կարելի մեկ ուժեղ համայնքը միավորել ավելի թույլ մի քանի համայնքների հետ: «Դա կբերի արգելակման: Հանդիպման ժամանակ օրինակ էին բերում, թե ուժեղ լողորդը պիտի անպայման օգնի լողալ չիմացող խեղդվողներին, իսկ ինչու՞ չեն դիտարկում հանգամանքը, որ մի քանի լողալ չիմացողները կարող են իրենց հետ ջրի տակ տանել էդ լողալ իմացողին: Իրականությունն այն է, որ լողալ իմացողը կկարողանա 4-5 խեղդվողից փրկել 1-2-ին: Կամ, որ անընդհատ մեքենաներով են օրինակ բերում՝ երկու բեռնատար, որից մեկը շարժվում է, մյուսը՝ ոչ, վերցնեն շարժվողի բեռը դնեն էն բեռնավորված շարժվողի վրա, որ երկու մեքենան էլ տեղից պոկվեն: Բայց դա անհնար է, որովհետեւ կամ էն մեկն էլ կկանգնի՝ գերբեռնված լինելու պատճառով, կամ երկուսի ընթացքն էլ հավասարապես կդանդաղի»,- նշեց Ղուկաս Մուրազյանը:

Աշնանը սպասվող խոշորացվող համայնքների թվում Ազատանը չկա: Համայնքին խոշորացումը սպավում է 2018թ-ին: Ղուկաս Մուրազյանն, ով բնակվում է Գյումրիում, սակայն 6 տարի է` աշխատում է Ազատանի համայնքապետարանում, ասում է, որ ընդհանրապես չի անհանգստանում աշխատանքը կորցնելու համար. «Ինձ մտահոգում է, որ միավորման հետեւում մեկնաբանվում են շատ փոքր դրական ազդակներ՝ ռիսկի տակ դնելով բնակավայրերի զարգացման հետագա ընթացքը: Սա իմ կարծիքով ռեֆորմ է՝ ուղղված ոչ թե համայնքի զարգացմանն, այլ ինչ-որ աղետից խուսափելու վերջին ճիգ է: Ես չեմ բնակվել, բայց շատ եմ լսել, որ ԱՄՆ-ում ոչ թե վերեւից են պարտադրում օրենքի դրույթը, այլ նայում են, թե ներքեւից ինչ պահանջ է գալիս, ինչ առաջարկ կա, դրան են տալիս օրենսդրական ձեւակերպում ու հրամցնում ժողովրդին՝ ոչ թե հակառակը»:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Այդ ,,խելոք,, տնտեսագոտը չի հասկանում, որ իր ասած ,,մոդելների,, ցանկացած փոփոխություն (միացում կլինի թե բաժանում) մեծ նախնական վնասների է հանգեցնելու (որպես ռեւոլյուցիոն, կամ օպերատիվ միջոց) որը կարող է ճակատագրական լինել կիսաշունչ շատ գյուղերի համար (նարկոզին չդիմանան!) Ներկա պահին հանգչող գյուղերին կարելի է օգնել միայն զգույշ ներարկումային եղանակով (էվոլյուցիոն միջոցներով:) Գյուղացիները ձեզնից 100 անգամ լավ են հասկանում իրենց խերն ու շառը, թողեք իրենք որոշեն իրենց անելիքն ու ճակատագիրը: Իսկ եթե որոշել եք գյուղերի գլխին մի անգամ էլ զարկել ... դա ուրիշ հարց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter