HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀԷՑ-ի բաժնետոմսերի մեծ մասը կգրավադրվեն՝ վարկ ստանալու նպատակով

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը գրությամբ դիմել է Հայաստանի կառավարություն` խնդրելով տալ համաձայնություն՝ սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի շուրջ 70%-ը կազմող 172 հազար 496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: Գրավադրումն անհրաժեշտ է ՀԷՑ-ի կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով` որպես ապահովման միջոց:

Կառավարության վաղվա՝ հուլիսի 27-ին կայանալիք նիստին, այս հարցը կքննարկվի։ Ինչպես ենթադրվում է օրակարգում ներառված նախագծից` ՀՀ կառավարությունը կհաստատի այն։

Ըստ նույն նախագծի՝ այս համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն, եթե Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի հետ կնքվելիք պայմանագրերի համաձայն` գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների: Իսկ մյուս պայմանն է, որ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից այդ համաձայնության պայմանները գրավոր կերպով ընդունվեն։

Նախագծի վերջում նշված է, որ դրա ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին հաստատվեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է ՀԷՑ-ը։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է։

Թե որքան վարկ է պատրաստվում վերցնել ՀԷՑ-ը ՎԶԵԲ-ից և ԱԶԲ-ից, նախագծում նշված չէ։ Փոխարենը, այս տարվա հուլիսի սկզբին հայտարարվեց, որ ԱԶԲ-ն ՀԷՑ-ին վարկ կտրամադրի 80 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Նպատակը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը եւ էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելն է։ «Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով. 2016 թ-ի մոտ 10%-ից մինչեւ 2021թ-ը հասցնելով 8%-ի»,- նշված է ՀԷՑ-ի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ: Ենթադրվում է, որ վաղը կքննարկվի հենց այս վարկային պայմանավորվածության շրջանակներում գրավադրման հարցը։

լուսանկարը` forbes.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter