HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին վարչապետի դասընկերոջ վարկային պատմության ոդիսականը

Ռուբեն Խաչատրյանը 2005թ. Երևան քաղաքի Վ. Համբարձումյանի անվան փողոցի վրա գտնվող բնակարանը գրավադրել է «Էքսպրես Կրեդիտ» վարկային կազմակերպությունում և ստացել 35 000 դոլար վարկ: Հետագայում չի կարողացել վարկը մարել, ինչի հետևանքով բնակարանը աճուրդով իրացվել է: Ռուբեն Խաչատրյանը «Հետք»-ին պատմեց, որ հետո է տեղեկացել՝ գնորդն այն գնել է 120-140 հազար դոլարով, իսկ իր պարտավորությունը վարկային կազմակերպության նկատմամբ կազմել է 70.000 դոլար: Ռ․Խաչատրյանն ասում է, որ մնացած գումարը հափշտակվել է:

2015թ. սեպտեմբերի 24-ին Ռ. Խաչատրյանն այդ փաստով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ներկայացրել: Նույն տարվա հոկտեմբերի 5-ին քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերով խարդախության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգիրք, 178 հոդված, 3-րդ մաս 1-ին կետ) հարուցվել է քրեական գործ:

5 ամիս անց, քննիչի որոշմամբ, քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով և վարկային կազմակերպության տնօրեն Արմեն Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Նշված որոշման դեմ քաղաքացի Խաչատրյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին, ով այն ժամանակ ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր: Բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ռուբեն Խաչատրյանն այս անգամ բողոք է ներկայացրել դատարան՝ իր խախտված արդար դատաքննության իրավունքը վերականգնելու պահանջով: 2017թ. մարտի 31-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, բավարարել է Ռուբեն Խաչատրյանի բողոքը: Դատարանը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռուբեն Խաչատրյանի իրավունքների խախտումը:

Դատարանը փաստել է, որ վարույթն իրականացնող մարմինը առանց անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելու, մասնավորապես՝ առանց Ռուբեն Խաչատրյանին տուժող ճանաչելու, առերեսումներ կատարելու, հավելվածի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունների ստուգման, ինչպես նաև առանց նոր ապացույցներ ձեռք բերելու անհնարինությունն արձանագրելու՝ 29.03.2016թ. «քրեական գործով վարույթը կարճելու է քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշում է կայացրել:

Դատարանը նաև արձանագրել է, որ նախաքննության ամբողջ ընթացքում Ռուբեն Խաչատրյանի կողմից բերված փաստարկները չեն ստուգվել: Նման պայմաններում դատարանը գտել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը չի ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Այդ պայմաններում խախտվել են Ռուբեն Խաչատրյանի իրավունքները: Բացի այդ, նշել է, որ քննիչի գործը կարճելու որոշումը չի բխում քննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունից և բավարար չէ Արմեն Արզումանյանի արարքում  հանցակազմի բացակայության վերաբերյալ հետևության հանգելու համար:

Դատարանի նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել «Էքսպրես Կրեդիտ» ընկերության ներկայացուցիչը և Երևան քաղաքի դատախազությունը: Վարկային կազմակերպությունը բողոքում նշել է, որ դատարանը դուրս է եկել բողոքի սահմաններից, քանի որ ինչպես նախաքննության, այնպես էլ բողոքի քննության ընթացքում Ռուբեն Խաչատրյանը իրեն տուժող ճանաչելու հարց չի բարձրացրել: Բացի այդ, նշել են, որ քրեական գործն ի սկզբանե անօրինական է հարուցվել, քանի որ բացակայել է հարուցելու իրավական հիմքերը:

Վարկային կազմակերպությունը նշել է, որ Ռուբեն Խաչատրյանի բնակարանն աճուրդով իրացվել է 25 միլիոն դրամով, որն այն ժամանակվա փոխարժեքի համաձայն կազմել է 70-75 հազար դոլար: Այդ գումարով մարվել են բոլոր պարտավորությունները, իսկ ավել գումարը՝ 1 միլիոն 200 դրամը, բանկային փոխանցումով վերադարձրել են քաղաքացուն: Շեշտել են նաև այն հանգամանքը, որ քաղաքացին մոտ 10 տարի անց է դիմել ոստիկանություն, մինչդեռ իրենից գույք խլած քաղաքացին այդքան տարի չէր լռի: Բողոքում նշված են նաև այլ փաստեր, ասենք՝ չէր կարող առերեսում լինել, քանի որ չի եղել մեղադրյալ և այլն:

Վարկային կազմակերպության փոխանցմամբ՝ Խաչատրյանի բնակարանը ընկերության սեփականությունն է դարձել 2008թ. իրականացված աճուրդի միջոցով, որի մասին քաղաքացին քաջատեղյակ է եղել: Ավելին, վերջինիս կողմից բնակարանն ազատելը կատարվել է դատական կարգով՝ վտարման միջոցով և այս տարիների ընթացքում այդ գործընթացը չի վիճարկվել: Իսկ բնակարանը ընկերության սեփականությունը դառնալու պահից, վերջինս ազատ էր այն տնօրինելու՝ վաճառքի պայմաններ, կարգ սահմանելու հարցում:  Ընկերությունը կարող էր բնակարանը վաճառել իր նախընտրած գնով և Ռուբեն Խաչատրյանին որևէ մաս չտալ, քանի որ Խաչատրյանն այդ բնակարանի նկատմամբ որևէ իրավունք չունի:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Չիչոյանի, մայիսի 22-ին բավարարել է վարկային կազմակերպության ու դատախազության բողոքները և բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, մերժել Ռուբեն Խաչատրյանի բողոքը: Ռուբեն Խաչատրյանը վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք:

Ռուբեն Խաչատրյանը պատմում է, որ վարկային կազմակերպությունն իրենից գաղտնի, հինգ անգամ աճուրդ անցկացնելուց հետո է բնակարանի սեփականատեր դարձել և այն գնով, որքան ինքն է պարտք եղել վարկային կազմակերպությանը՝ 70.000 դոլար։ Քաղաքացու ասելով՝ վարկային կազմակերպությունը դատարան է ներկայացրել աճուրդների վերաբերյալ ուղարկված նամակները, սակայն ոչ դրանց ստացականները։ Չկա որևէ ապացույց, որ ինքը տեղյակ է եղել բնակարանի աճուրդի մասին:

Նախկին վարկառուի խոսքով՝ Արզումանյանից տեղեկացել է, որ իր ունեցած պարտքը 70.000 դոլար է: Խնդրել է թույլ տալ բնակարանի առաջին հարկը առանձնացնել երկրորդ հարկից, վաճառել, որպեսզի կարողանա երկրորդ հարկում բնակվել։ Նրա փոխանցմամբ՝ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել: Արզումանյանը առաջարկել է 3500 դոլար կանխավճար թողնել։ Գնորդից, ում բնակարանը պետք է վաճառեր 95.000 դոլարով, 10.000 դոլար կանխավճար է վերցրել: 3500 դոլարը տվել է Արզումանյանին, իսկ մնացածով սկսել շինարարական աշխատանքներ՝ երկու հարկերը իրարից առանձնացնելու համար։ Սակայն տասն օր անց, ընկերությունից տեղեկացրել են, որ պետք է վճարի ոչ թե 70.000, այլ 120.000 դոլար։

Ռուբեն Խաչատրյանն ասում է, որ կրկին գնացել է Արզումանյանի մոտ, առաջարկել է 95.000 դոլարը վերցնել, մնացածը՝ մոտ 20.000 դոլարը, վերավարկավորել, սակայն վարկային կազմակերպության գործադիր տնօրենը մերժել է։

Ռուբեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ խնդիրը կարգավորելու համար 2010 թվականից մի քանի անգամ դիմել է այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով իր համադասարանցին է եղել։ Խնդրել է միջնորդել, որպեսզի Արզումանյանը բնակարանի վաճառքի գումարը 120.000 դոլար սահմանի, որից 20.000 դոլարը վերավարկավորի, որպեսզի հետագայում մարի այն, բնակարանը չկորցնի։ Նրա խոսքով՝ նախկին վարչապետը ամեն անգամ խոստացել է, որ կխոսի Արմեն Արզումանյանի հետ, սակայն այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել։ Ասում է՝ վերջին անգամ Սարգսյանին նույն խնդրանքով դիմել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին և ստացել նույն հավաստիացումները:

«Էքսպրես Կրեդիտ» վարկային կազմակերպության ներկայացուցիչն իր բողոքում նշել է, որ քրեական գործը հարուցվել էր Ռուբեն Խաչատրյանի անհիմն ենթադրությունների հիման վրա:

Խաչատրյանը պատմեց, որ նշված բնակարանը եղել է իր, եղբոր և մոր միակ սեփականությունը։ Այն կորցնելուց հետո, արդեն քանի տարի է ընտանիքը բնակվում է վարձով. «Մինչև հիմա վարձով ենք ապրում։ Գործ չունեցող մարդը ի՞նչ վիճակի կլինի»,- ասում է Ռուբեն Խաչատրյանը և սպասում վճռաբեկ դատարանի որոշմանը:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Դուք ձեր գրածից բան հասկացա՞ք։ Իրարամերժ բաներ են նկարագրված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter