HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սևքարցին կենսապայմանների բարելավումը տեսնում է երկրի սահմաններից դուրս

Գրիշա Բալասանյան

Տավուշի մարզի Սևքար գյուղական համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը վերջին տարիներին զգալիորեն նվազել է: 450 աշակերտ ունեցող դպրոցում այսօր սովորում է 315 աշակերտ: Դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը տեղեկացրեց, որ գյուղի ամենամեծ դժվարությունը սոցիալական բնույթի է` բնակչությունն արտագաղթում է: Աշխատանք չկա, և մարդիկ ստիպված լքում են գյուղը:

Սևքարը 6 կիլոմետր է հեռու պետական սահմանից: Գյուղի մուտքից արդեն զգացվում է, որ գյուղը ենթարկվել է կրակակոծության, քանի որ ճանապարհային նշանների վրա առկա են փամփուշտի հետքեր: Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրենն ասաց, որ հարևան Ադրբեջանից կրակոցներ են լինում գյուղի ողղությամբ: Պատմեց, որ անցյալ տարի սեպտեմբերին գյուղը նույնիսկ արկակոծվել է: Արկերից մեկն ընկել է դպրոցից քիչ հեռու, բարեբախտաբար, կորուստներ չեն ունեցել:

Վերջին տարիներին Սևքարում քիչ բան է փոխվել կամ կառուցվել: Ամեն ինչ գրեթե նույնն է: Խիստ վերանորոգման կարիք ունի 200 տեղանոց մշակույթի տունը, ճանապարհները գոնե հարթեցնելու անհրաժեշտություն կա, ոռոգման ջուր գրեթե չկա: Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցին ավիրված է, իսկ վերակառուցման համար գումար չեն գտնում: 

Մեր այցի ժամանակ Սևքարի համայնքապետ Թաթուլ Թելոյանը տեղում չէր, հեռախոսով լսելով մեր հարցերը` ասաց, թե զբաղված է, ժամանակ չունի պատասխանելու: Սևքարի գյուղացիները ևս խուսափում էին զրուցելուց` պատճառաբանելով, թե չեն ցանկանում «վատամարդ» լինել:

Նաիրա Թանանյանի կարծիքով` եթե մարդն աշխատանք ունենա, կմնա գյուղում: Նրանց խոսքով` կրակոցներից վախենալու պատճառով չեն լքում գյուղը, գնում Ռուսաստան կամ այլ երկիր: Իրենց համար սովորական է այս վիճակը: Պարզապես մարդիկ իրենց կենսապայմանները բարելավելու միջոցները դրսում են գտնում՝ տարիների ընթացքում իրենց հետ տանելով նաև ընտանիքը:

Դպրոցի տնօրենը նշում է, որ կառավարությունը որպես սահմանամերձ գյուղի բնակիչների` որոշակի արտոնություններ է տալիս իրենց հարկերի, ուսանողների ուսման վարձի զեղչերի ձեւով: Այլ արտոնություններ ևս ունեն, սակայն դա բավարար չէ սահմանային գյուղում ապրելու համար:

«Եթե աշխատանք լինի, ոչ ոք իր հայրենի գյուղը չի թողնի հեռանա»,-նշում է Ն. Թանանյանը եւ որպես լուծում առաջարկում է գյուղում փոքր գործարաններ կառուցել: Օրինակ՝ մրգերի չորացման, հյութերի պատրաստման, փայտամշակման գործարանները կարող են իրենց արդարացնել, մարդիկ էլ աշխատանք կունենան:

Նաիրա Թանանյանը նշեց, որ գյուղում հիմնականում զարգացած են բուսաբուծությունն ու անասնապահությունը, և այդ ուղղությամբ ևս պետք է քայլեր ձեռնարկվեն մարդկանց աշխատատեղով ապահովելու համար: «Հակառակ դեպքում մի քանի տարի հետո գյուղը կդատարկվի»,- եզրափակում է տնօրենը:

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter