HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սիրիայից` Հայաստան, այստեղից՝ Մոնտենեգրոյի բանտախուց

Կիսամերկ ու թալանված, Մոնտենեգրոյի բանտում, ապա Պոդգորիցա քաղաքի փախստականների ճամբարում 35 օր անցկանելուց հետո սիրիահայ Մարալ Նալպանտեանը երկու որդիների հետ վերադարձել է Հայաստան եւ իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել իրենց անօրինական միգրացիայի ենթարկած անձանց դեմ:

Ոստիկանությունը 2015 թ.-ի նոյեմբերի 11-ին ձերբակալել է Գեղամ Վահանյանին եւ Օհանիկ Շավիշյանին: Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին հրապարակեց սիրիահայ ընտանիքին անօրինական միգրացիայի ենթարկելու գործով դատավճիռը: Մարալ Նալպանտեանին ու նրա երկու որդիներին Շվեդիա մեկնելու համար օտարերկրյա պետության մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու փոխարեն, շահադիտական նպատակներով կեղծ փաստաթղթեր եւ կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար ամբաստանյալներ Գեղամ Վահանյանին եւ Օհանիկ Շավիշյանին դատարանը մեղավոր ճանաչեց  Քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտեց 5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Մարալ Նալպանտեանը 2013թ. մարտին սիրիահայերի մի խմբի հետ տեղափոխվում է Հայաստան եւ երկու որդիների հետ վարձով է բնակվում Երեւանում: Ասում է, որ դժվարությամբ էին վարձը վճարում, եւ ծանոթ սիրիահայերը խորհուրդ են տվել տեղափոխվել կաթոլիկ եկեղեցուն կից (Թբիլիսյան խճուղի) հանրակացարանը, որտեղ Սիրիայից բռնագաղթած բազմաթիվ հայեր էին բնակվում: Իրենք եկեղեցում մնացել են մոտ 7 ամիս, որից հետո եկեղեցու սպասավորներն առաջարկել են ազատել սենյակը: «Ասացին՝ գնացեք Շվեդիա կամ բնակարան վարձեք, մենք բնակարանի վարձը կվճարենք»,- պատմում է տիկին Մարալը:

Մարալի ասելով՝ սիրիահայերն արտագաղթելուց հետո 1-2 ամիս ապաստանում էին եկեղեցու հանրակացարանում, հետո մեկնում էին եվրոպական որեւէ երկիր, հիմնականում Շվեդիա: Իրենք էլ են ցանկացել մեկնել Հայաստանից, որովհետեւ «այստեղ անելիք չունեին», բայց գումարն էլ քիչ էր Եվրոպա գնալու համար: Կրկին բնակարան են վարձել Երեւանում, բայց ինքը երբեմն եկեղեցի էր գնում: Ասում է, որ տղաների հետ աշխատել, գումար են հավաքել, հետո եկեղեցում հետաքրքրվել է, թե ով է տանում Շվեդիա: «Ասացին` Մարալին էլ տվեք հեռախոսահամարը, եւ մի տղա փոխանցեց ինձ: Զանգեցի այդ համարով, «Շվեդիա տանողը», որի հետ հանդիպել են Մեղեդի սրճարանի մոտ, հայտնել է, որ ինքն էլ սիրիահայ է` Օհանիկ Շավիշյան: Խոստացել է օրինական ճանապարհով վիզա ստանալ նրանց համար եւ 15 օր հետո ճանապարհել Շվեդիա: Վիզայի համար պահանջել է հայկական անձնագրերը, 2-ական լուսանկար եւ յուրաքանչյուրի համար 5,5 հազար եվրո:

2015թ. օգոստոսի 11-ին Վիեննա գնալու փոխարեն ինքնաթիռը նրանց իջեցրել է Մոնտենեգրոյի օդակայանում: Այստեղ նրանց դիմավորել են երկու հայեր (որոնց կոչել են Հովո) եւ Շվեդիա ճանապարհելու փոխարեն տարել են հյուրանոց: Ասել են, թե իրենց չեն ասել, որ Շվեդիա են գնալու: Հարցրել են, թե ուր են նրանց ինքնաթիռի տոմսերը: «Պայուսակումս ինչ կար՝ տվեցի նրանց: Նա ասաց, որ տոմս չկա մեջը: Որոշ զանգեր կատարելուց հետո ասաց, թե տոմսերն առավոտյան կուղարկեն, մի քիչ ուշացել է: Նրանք մեզ տոմսեր տվեցին` Փարիզ մեկնելու համար, ասելով, թե այնտեղ մեզ կդիմավորեն ու կուղարկեն Շվեդիա: Առավոտյան 6-ին տաքսիով ուղարկեցին օդանավակայան, այնտեղ պարզվեց, որ կեղծ անձնագրեր են տվել: 20-ից ավելի զինվորականներ շրջապատեցին մեզ եւ ասացին, թե ձեր անձնագրերը կեղծ են, դուք ահաբեկիչներ եք եւ այլն: Ես վախից թուլացած ծնկեցի գետնին, այլեւս ոչինչ չէի զգում»,- իրենց ոդիսականն է ներկայացնում տիկին Մարալը:

Ասում է, որ մի արաբ վանականի են հրավիրել, որին բացատրել են եղելությունը: Նա թարգմանեց, որ հայ են եւ Սիրիայից փախել են պատերազմի պատճառով: Հայաստանում վատ վիճակ է, եւ նրանք Եվրոպա պետք է գնան: Հետո ասացին, որ մեզ դատարան պետք է տանեն, որովհետեւ կեղծ անձնագրեր են մեր ձեռքում եւ գնալու տեղ էլ չունենք:

Մոնտենեգրոյի Պոդգորիցա քաղաքի գլխավոր դատարանը 14.08.2015թ. փաստաթղթերի կեղծելու համար 35 օր ժամկետով ազատազրկման է դատապարտում Մարալ Նալպանտեանին ու նրա որդիներին: «Ես խենթացել էի, լեզուս բռնվել էր, եւ շաբաթներով անզգա վիճակում էի եւ հրաժարվում էի սնունդ ընդունելուց, բանտում կարծում էին, թե մեռած եմ: Երկրորդ անգամ հարցաքննեցին դատարանում եւ ասացին, թե համոզվել են, որ անմեղ ենք, մեզ ազատում են եւ այստեղից ցանկացած երկիր կարող ենք գնալ»,- պատմում է Մարալը:

17.09.2015թ. դատարանը հիշյալ անձանց կալանավորումը չեղյալ է հայտարարել, եւ վերջիններս տեղափոխվել են Պոդգորիցա քաղաքի փախստականների ճամբար: Առաջարկել են մնալ այնտեղ կամ մեկնել Եվրոպա, բայց իրենք չեն ցանկացել:

«Ասացի, որ միայն Հայաստան պիտի գնամ, մեզ խաբել են, պետք է վերադառնամ եւ հետ ստանամ մեր գումարը: Հոկտեմբերի 2-ին վերադարձանք Հայաստան՝ սոված, անփող, տղաներս ամառային շապիկով էին, իսկ երբ եկանք արդեն աշուն էր: Սիրիացիներին օգնողներ կային, եկան մեզ ճաշարան տարան եւ 20,000 դրամ տվեցին: Բնակարան վարձեցին եւ մի քանի օրից տեղափոխվեցինք այնտեղ,- պատմում է Մարալը:

Ասում է, որ ոչինչ չունեին, որովհետեւ գնալուց առաջ Օհանիկ Շավիշյանը վերցրել էր իրենց բոլոր ապրանքները: Ասել է` երբ հասնեք Շվեդիա, ձեզ ամեն ինչ կտան, իսկ դա կտամ ուրիշներին, շատերը դրա կարիքն ունեն: Իրերը տարանք տաքսիով նրա տան առջեւը դրինք, մյուսները տվինք հարեւաններին:

Երեւանում զանգել է Օհանին եւ պահանջել է հանդիպել «Մեղեդի» սրճարանում, որտեղ նա էր հանդիպման հրավիրում: Գումարս պահանջեցի, իսկ նա ասաց, թե ի՞նչ անեմ, որ բախտներդ չբերեց, դու դեռ պետք է մեզ փող տաս: Այնուհետեւ դիմել է ոստիկանություն, որտեղ նրանց բացատրության հիման վրա հայտնաբերվել եւ կալանավորվել են «Շվեդիա տանողները»՝ Օհանիկ Շավիշյանը եւ գեներալ ներկայացած, Եղվարդ քաղաքի բնակիչ Գեղամ Վահանյանը:

«Կյանքումս Սիրիայից դուրս չեմ եկել, առաջին անգամն էր, որ փախուստի դիմեցինք երկու տղաներիս հետ եւ Հայաստան եկանք երթուղայինով: Անգամ այդ ժամանակ օդանավ չեմ նստել, որովհետեւ օդակայանը ռմբակոծված էր»,- ասում է Մարալը: Դատարանում նույնպես հայտնել է, որ չգիտեր Մոնտենեգրո գնալու համար վիզ պետք չէր, չգիտեր, որ կեղծ ռուսական անձնագրեր են տվել իրենց, որովհետեւ փաստաթղթերը տվել են օդակայանում, մեկնելուց անմիջապես առաջ եւ այլն:

Մինչ այդ Գեղամը միայն հեռվից է ցույց տվել, նրա ասելով՝ Շենգեն վիզայի կնիքը, բայց իրենց ձեռքը չի տվել, ինքն էլ կարծել է, թե հայկական անձնագրի մեջ է վիզան դրված: Գեներալ ներկայացած անձը, որին հանդիպեցնելուց առաջ Օհանիկը պահանջել է նրա ներկայությամբ հերթով խոսել եւ հարգանքով, ինչպես հետագայում պարզվել է, Եղվարդի բնակիչ Գեղամ Վահանյանն էր:

Մարալ Նալպատեանն ու որդիները դատարանին հայտնել են, որ ի սկզբանե պայման են դրել, որ գումարը կթողնեն երրորդ անձի մոտ, երբ հասնեն Շվեդիա, նրանից գումարը կստանան: Նրանց ասելով՝ Օհանիկ Շավիշյանը համաձայնել է իրենց պայմանին, ծանոթացրել են իրենց մտերիմ սիրիահայի հետ, որի մոտ պետք է թողնեին դրամը: Բայց մեկնելու օրը, երբ տեղավորվել են մեքենայում, նկատել են, որ այլ ճանապարհով են ընթանում: «Մենք պետք է Բաղրամյան փողոց գնայինք դրամը մեր ծանոթի մոտ թողնելու համար: Ասացին, թե օդակայան ենք գնում, ի՜նչ 3-րդ մարդ, ի՜նչ բան: Փողերը շո՛ւտ տվեք, առավոտյան դուք արդեն Շվեդիայում կլինեք, հիմա օդանավը կթռնի: Ես վախեցա, որ նրանք մեզ կվնասեն եւ 15.000 եվրոն հետեւից նետեցի իրենց: Օհանն ուրախացավ եւ արագ-արագ փողերը հավաքեց: Այնուհետեւ 1500 եվրոն ետ նետեց, թե այնտեղ ձեզ դիմավորողներին կտաք»,- վերհիշում է Մարալը:

Քրեական գործի նախաքննությունն իրականացրել է Ազգային անվտանգությունը: Նախաքննական մարմինը Մարալ Նալպատեանին ու նրա որդիներին քրեական գործով տուժող չի ճանաչել, դատարանը նույնպես նրանց հարցաքննել է վկայի կարգավիճակով: Դատավճռով վերացվել է նաեւ Գեղամ Վահանյանի անձնական գույքի վրա դրված արգելանքը, ինչպես նաև անձնական խուզարկությամբ Օհանիկ Շավիշյանի մոտ հայտնաբերված 500 եվրո գումարի վրա դրված արգելանքը: Դա նշանակում է, որ նրանցից խաբեությամբ վերցված գումարը վերադարձնելու հույսը չափազանց փոքր է:  

Մեկնաբանություններ (1)

լեվոն
Ցավալի է լսել իրականությունը լավ է որ անփորձանք է վերջացել թող լինի օրինակ բոլորին զգոն եվ խոհեմ մնալու Չարագործներն ալ երեվի կզղչան ու չեն կրկնի Ապրի քաջ մայրը այդքանեն հետո գլուխ հանելուն համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter