HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մշակույթի նախարարությունը այսուհետ առանց մրցույթի պետական կազմակերպության ղեկավար կնշանակի

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կառավարության այսօրվա նիստին առաջարկեց նոր կարգ սահմանել` առանց մրցույթի մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավար ընտրելու համար։ Առաջարկը ընդունվեց։

Ըստ այդ որոշման նախագծի՝ մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը առանց մրցութային կարգի կարող է նշանակվել պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում, եթե եղել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր և/կամ համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ, մշակութային ծրագրերով հանդես է եկել աշխարհի նշանավոր դահլիճներում, ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի կամ գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ։

Նախարարությունը որոշման նախագծում հավաստել է, որ այս փոփոխությունը կնպաստի ոլորտի կառավարման գործընթացներում արվեստի և մշակույթի բնագավառի հեղինակավոր գործիչների ներկայացվածության մեծացմանը, արհեստավարժ կադրերի ներգրավվմանը, ոլորտի կառավարման կատարելագործմանը, մշակույթի և արվեստի կառավարման ոլորտում միջազգային առաջավոր փորձի ներդրմանն ու տեղայնացմանը:

«Հաշվի առնելով մշակույթի ոլորտի բազմազանությունը և ինքնատիպությունը՝ նպատակահարմար է նաև պետական մարմնին վերապահել իրավասություն գործադիր մարմնի պաշտոնում նշանակել մասնագիտական գիտելիքներով և փորձառությամբ օժտված անձանց»,- հավելել է նախարարությունը։

Որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ են ունեցել ֆինանսների և արդարադատության նախարարությունները։

Ֆինանսների նախարարությունը նշել է՝ թեև առաջարկվող փոփոխության նպատակները հասկանալի են, այնուամենայնիվ, առաջադրվող պահանջներին կհամապատասխանի անձանց շատ նեղ շրջանակ, ինչի արդյունքում, փոփոխության նպատակահարմարության առումով, կարող է առաջանալ լրացուցիչ հիմնավորումների կարիք: Նախարարությունը նաև բերված փաստարկները համարել է ոչ բավարար, որպեսզի մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը առանց մրցութային կարգի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակումներ կարողանա կատարել: «Բացի այդ, որոշման նախագծի ընդունումը կհանդիսանա նախադեպ այլ պետական կառավարման մարմինների համար, և հետագայում նրանց էլ հնարավորություն կընձեռի հանդես գալ նույն առաջարկությամբ, որն էլ ըստ էության կվտանգի պետության կողմից միատեսակ քաղաքականության վարումը»,- ասվել է դիտողության մեջ։

Արդարադատության նախարարությունն էլ նույն մտահոգությունն է ունեցել։ Նշել է, որ հետագայում նման կարգավորում նախատեսելու առաջարկությամբ կարող են հանդես գալ նաև կրթության ու գիտության և այլ բնագավառների լիազոր մարմինները։ Այս պարագայում, միասնական մոտեցում ձևավորելու նպատակով, առաջարկել է քննարկել նախագծի կարգավորումը այլ բնագավառների վրա տարածելու նպատակահարմարության հարցը, անհրաժեշտության դեպքում՝ մշակել միասնական չափանիշներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter