HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նախատեսում է հստակ տարանջատել անտառկառավարման և պահպանության գործառույթները

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ կառավարության կայքէջի՝ նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս անդրադարձել ենք անտառային ոլորտում առկա խնդիրներին և համալիր բարեփոխումների անհրաժեշտության հարցին: Անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրներին: Ավելին՝ փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ»: 

Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված հստակ գործնական և օրենսդրական լուծումներ, անդրադառնալով նաև անտառկառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատման, ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին: Հանձնարարվել է նաև միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ։ 

«Մենք ունենք անտառային տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որոնց գործառույթները հստակ տարանջատված չեն: Մենք ուզում ենք, որ այն կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի համապատասխան աշխատանքային շահերի բախում առաջանա և ստեղծվեն արդյունավետությանը նպաստող պայմաններ»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter