HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Սա վերջն է աշխարհի»,- ասում 15 ամյա աղջնակը

«Ես վիրավորված եմ բոլորից, ինչու՞ էս կյանքով պիտի ապրենք: Էսօր հասել ենք աղբանոց, սրանից այն կողմ էլ աշխարհ չկա, սա վերջն է աշխարհի»,- ասում է 15-ամյա Համեստը: Համեստը մինչեւ 5-րդ դասարան գերազանցիկ էր: Երկու տարի է դպրոց չի գնում` կոշիկ ու շոր չունի: 

 Համեստի ընտանիքն ապրում է Չորրորդ գյուղի հարեւանությամբ գտնվող լքված ավտոբազայում` նախկին մեքենաների վերանորոգման համար նախատեսված տարածքում: Այս տարածքում, ինչպես արդեն պատմել ենք, ապրում է հինգ ընտանիք: 

 «Սպիտակի բնակիչ եմ, երկրաշարժից փլվեց մեր տունը, մահացավ երեխաներիցս մեկը: Ամուսինս 10 տարի առաջ մեկնել է Ռուսասատան` աշխատելու, մինչեւ հիմա ոչ մի լուր չկա: Սպիտակում փլված շենքերի բետոնից երկաթ էինք հանում եւ հանձնում: Ծանր գործ էր: Հետո էդ բետոնները վերջացան, երեխաներիս հետ եկա Երեւան»,- պատմում է Համեստի մայրը` Ալիսա Առաքելյանը: Նա երեք անգամ վիրահատվել է, ծանր երկաթներից ճողվածքներ էր առաջացել: 

 Այսօր Ալիսան երեխաների հետ աղբանոցից հավաքում է շշեր, պոլիէթիլենե տոպրակներ, կոշիկներ: Դրանք հանձնում է, ընտանիքը կերակրում: 

 Ալիսան ունի չորս երեխա: Քրիստինեն 11 տարեկան է, դպրոց է գնացել մինչեւ 4-րդ դասարան: Աշոտը 9 տարեկան է, մի քանի ամիս է դպրոց գնացել, հասցրել է սովորել միայն այբուբենը: 

 «Չորս տարի առաջ նորից ամուսնացա: Ծնվեց չորրորդ երեխաս, երկրորդ ամուսնուցս: Ամուսինս 7-8 ամիս է գնացել է Ղարաբաղ` գործ անելու, բայց լավ չի գործերը, փող չի կարողանում ուղարկել, մի անգամ եկել է, փող չի բերել, նորից այնտեղ է: «Ես որ էդքան ծանր աշխատանք էի անում, փոքր երեխաս երկկողմանի գրիժաներով ծնվեց: Անընդհատ ցավեր ուներ: Երեք անգամ շտապ օգնության մեքենայով տարել ենք հիվանդանոց, բայց փող չունեինք վիրահատելու, երեխուս դուրս էին գրում: Հետո ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը օգնեց, վիրահատեցինք, շնորհակալ եմ նրանցից, բարի մարդիկ էին»,- շարունակում է իր պատմությունը Ալիսան: 

 Հարցնում եմ` իսկ ինչու՞ Սպիտակում, ուր այդքան շատ բնակարաններ են կառուցել, ինքը բնակարան չի ստացել: 

 «Մենք գրանցված էինք կիսուրիս տանը: Այդ տունը փլվեց: Այդ տանը գրանցված էր նաեւ ամուսնուս եղբայրը: Հետո մեզ բոլորիս չորս սենյականոց բնակարան տվին: Այնտեղ ապրում են տեգրիս ընտանիքը եւ կիսուրս: Դիմեցի Սպիտակի գործկոմ, ասացին, որ ձեզ բոլորիդ մի հատ բնակարան է հասնում»,- պատասխանեց Ալիսան: 

Երրորդ տարին է` նրանք լքված ավտոբազայի տարածքում են ապրում: «Մենք սկզբից վարձով էինք ապրում, ես աշխատում էի, առեւտուր էի անում, հետո գործերս վատացան, առեւտուրը վատացավ, տան վարձը չէինք կարող տալ, ստիպված եկանք այստեղ, ընկերուհիս ասաց էս տեղի մասին: Հիմա ինքն էլ էն կողքի կացարանում է ապրում: Այստեղ մեզ հետ կարիճներ են ապրում, խնդրանքս էն է` էստեղից հանեն, պանելները փլվում են: Ամբողջ գիշեր նստած դողում ենք: Հողը թափվում է գլխներիս, ասում եմ կարող է փլվի երեխեքս մնան տակը: Էն օրը գիշերը հող թափվեց, ինձ թվաց պանելներն են թափվում, գոռացի երեխեքիս` դուրս փախեք: Երեխեքը խառնվեցին իրար, դուրս փախանք, գիշերվա չորսն էր, տեսանք չի թափվում, նորից ներս մտանք»-,լացելով շարունակում է Ալիսան:  

Ամռանը Ալիսայի որդին` Արթուրը ընկել է կացարանի կողքով հոսող կանալի մեջ: Մի կերպ կարողացել են երեխային փրկել: Ամռան ամիսներին այստեղ ապրող բոլոր երեխաներն աղիքային հիվանդություններով են տառապում: Այս մարդիկ բժշկական օգնություն չեն ստանում, որովհետեւ ոչ մի տեղ հաշվառված չեն: 

 «Անձնագիրս Սպիտակում տվել եմ փոխելու, չեմ կարողանում վերցել, փող չկա այնտեղ գնալու ու տեղ չկա գրանցվելու, չգիտեմ` ի՞նչ է լինելու մեր վերջը: Ոչ մի տեղից ոչինչ չեմ ստացել: Փոքր երեխաս էլ ծննդական չունի: Հիմա առողջությունս չի ներում, խեղճացել եմ, ծանր գործ չեմ կարողանում անել: Մեծ աղջկաս` Համեստի հետ գիշերները զրուցում ենք երկար, ինքն արդեն մեծ է, ամեն ինչ հասկանում է, գիշերները չի քնում, ասում է. «Մամ, մի տուն ունենաք, մի փոքր հողամաս, որ կարողանանք ապրել, չգնանք զիբիլանոցից իրեր հավաքենք»-, շարունակում է Ալիսան: 

Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter