HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային նշանի բացակայության հետևանքով վթարի ենթարկված վարորդը Վանաձորի քաղաքապետարանից փոխհատուցում է պահանջում

Գայանե Սարգսյան

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Տավրոսի 21 փողոցների հատման խաչմերուկում Արամ Ավետիքյանի կողմից վարած «ՕՊԵԼ ԿՈՐՍԱ» մակնիշի 34 VZ 015 հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում նշանակվել է դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն, որի արդյունքում եզրակացություն է տրվել այն մասին, որ  «ՕՊԵԼ ԿՈՐՍԱ» մակնիշի 34 VZ 015 հ/հ ավտոմեքենայի վարորդը՝ Բաղրամյան-Տավրոսի 21 փողոցների հատման խաչմերուկին մոտենալիս ու այն հատելիս, խաչմերուկում երթևեկության կազմակերպման առկա պայմաններում, ճանապարհը չզիջելով աջ կողմից խաչմերուկ մուտք գործած «ԻԺ 2715» մակնիշի 36 LU 137 հ/հ ավտոմեքենայի վարորդին, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների  98-րդ կետի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, ինչի հետևանքով էլ գրանցվել է պատահարը:

Փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությունը որոշում է կայացրել նյութերը կարճելու մասին:

«Արամ Ավետիքյանը ճանաչվել է վերը նշված ավտովթարի մեղավոր այն պատճառով, որ խաչմերուկում այդ պահին բացակայող ճանապարհային նշանների հետևանքով  Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցը, որով երթևեկել է Արամ Ավետիքյանը, փորձագետների կողմից դիտարկվել է ոչ թե որպես գլխավոր ճանապարհ, այլ Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի հետ հավասարազոր: Մինչդեռ, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցը, հանդիսանալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի (Մ-3) մաս, Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի նկատմամբ հանդիսանում է գլխավոր ճանապարհ»,- ասում է Ա. Ավետիքյանի շահերի պաշտպան, փաստաբան Արթուր Սուքիասյանը, կարծիք հայտնելով, որը նշվածից ելնելով  Վանաձոր համայնքից հօգուտ Արամ Ավետիքյանի որպես պատճառված վնասի հատուցում պետք է բռնագանձվի 150.000 ՀՀ դրամ գումար:

Փաստաբանի դիտարկմամբ՝ Վանաձոր համայնքը ոչ օրինաչափ վարքագիծ է դրսևորել Տավրոսի 21 փողոցի ու Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի (Մ-3) հետ հատման հատվածում համապատսախան «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանը չտեղադրելով:

Այն, որ ճանապարհային նշանների տեղադրման պատավորությունը Վանաձոր համայնքինն է, հայցվորի ներկայցուցիչը հիմնավորում է հղում կատարելով    օրենքին.

-«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով`

19) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երևան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. 1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

2) իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևեկությունը համայնքային ենթակայության ճանապարհների վրա.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

2) համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը` ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողներն իրականացնում են`

բ) ավտոմոբիլային ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով:

Նշելով, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Արամ Ավետիքյանին սեփականության իրավունքով պատկանող «ՕՊԵԼ ԿՈՐՍԱ» մակնիշի 34 VZ 015 հ/հ ավտոմեքենային պատճառվել է 150.000 ՀՀ դրամի վնաս, Ա. Սուքիասյանն ասում է.  

«Արամ Ավետիքյանն իրեն պատկանող տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցումը չի ստացել, քանի որ վերջինս ճանաչվել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Տավրոսի 21 փողոցների հատման խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր: Վարորդը, սակայն, ճանաչվել է վերը նշված ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր այն պատճառով, որ Վանաձոր համայնքը չի կատարել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի կահավորում ճանապարհային նշաններով»:

Ասվածից ելնելով հայցվոր կողմը դիմել է դատարան, որպես պատճառված վնասի հատուցում Վանաձոր համայնքից հօգուտ Արամ Սուրենի Ավետիքյանի 150.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով:

Առաջին դատական նիստը կկայանա օգոստոսի 29-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter