
«Վեոլիա ջուր» ընկերության որևէ աշխատակցի հրավիրում եմ Կապանի Կավարտ բանավան՝ մեկ բաժակ սառը ժանգաջուր ըմպելու
«Վեոլիա ջուր» 12-ժամյա ջրամատակարարման ստի վկա
Մեկ շաբաթ է` նորածին երեխայի հետ եկել ենք Կապան քաղաքի Կավարտ բանավան։ 185. «Վեոլիա ջուր» ընկերութան թեժ գծի համարը օրական մի քանի անգամ զանգեր է ստացել ինձնից՝ ջրամատակարարման իսպառ բացակայության մասին, ապա երրորդ օրը կես ժամով ժանգաջուր է մատակարարել, որից հետո օրական երկու ժամ ջուր են բաց թողնում, մեկ ժամը` ժանգաջուր, մյուս մեկ ժամը` էքստրիմի սիրահարների համար. մեկ ժամում շոգ ամռանն ընտանիքի անդամները պետք է լողանան, նորածիններին ու երեխաներին լողացնեն, լվացք, խոհանոց, այգիների մասին` լռենք։
«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներից մեկը որոշեց իմ համառ զանգերից հետո հետ զանգել ու փորձել համոզել, թե մենք ջուր ունենք, թե որակը կարգավորված է, նաև` խոհուրդ տալ, որ երկու ժամանոց ջրամատակարարման ընթացքում մեկ ժամը բացենք ծորակը, մաքրվի ջուրը, մեկ լիարժեք ժամն էլ օգտագործենք, ապա նշեց, որ միայն ես եմ բողոքում ամբողջ բանավանից, ուրեմն՝ կամ ստում եմ, կամ մյուսներին լիարժեք բավարարում է ջուրը։ Աշխատակիցը չհասցրեց արձանագրել, որ իրենց թեժ գիծը վճարովի է, ոչ բոլորը կարող են զանգել, ոչ բոլորն են հավատում, թե մի բան կփոխվի։
Այս խորհրդից հետո հարցում (կցվում է) ուղարկեցի ընկերության լրատվական ծառայություն, և պարզվեց՝ ջրամատակարարումն ավելի բարձր որակի է, քան այս վարչության աշխատաոճը. էլեկտրոնային հասցեիս, որով հարցումն ուղարկել էի, պատասխանելու փոխարեն ֆեյսբուքյան նամակ եմ ստանում` կցված պատասխան (կցվում է), բայց պատասխանն ուղղված է ոչ թե ինձ կամ իմ հարցերին, այլ պարոն Վարդանյանին: Չգիտեմ` ով է պարոն Վարդանյանը, բայց «Վեոլիա ջուր» ընկերությունում կարծես զլացել են գոնե պատասխանի մեջ անուն, ազգանուն փոխել։
![]() |
![]() |
![]() |
Ինչևէ, անգամ այդկերպ տրված պատասխանը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, իբր 12-ժամյա ջրամատակարարում կա ապահովված, երևի 10-ը պատահաբար է հայտնվել 2-ի դիմաց։ Ամեն դեպքում, «Վեոլիա ջուր» ընկերության որևէ, գեթ մեկ աշխատակցի հրավիրում եմ Կապան քաղաքի Կավարտ բանավան` մեկ բաժակ սառը ժանգաջուր ըմպելու։
Փառանձեմ Հովհաննիսյան
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել