Երկուշաբթի, 21 օգոստոսի

Ստեփանավանի օդանավակայանի նախկին կառուցապատողը կլուծարվի



Ստեփանավանի օդանավակայանի նախկին կառուցապատող «Նյուտեք Շին» ՍՊԸ-ն հունիսի 8-ից լուծարման գործընթացում է: Այս մասին հայտարարել է ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյանը: «Նյուտեք Շինը» սնանկ էր ճանաչվել դեռեւս 2015-ի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ ընկերությունը կառավարության՝ 2014-ի մարտին կայացրած որոշման հիման վրա պայմանագիր էր կնքել ՀՀ պետգույքի կառավարման վարչության հետ: Ըստ այդմ՝ ՍՊԸ-ն արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար Երեւանի երկու հասցեներում ու Ստեփանավանի օդանավակայանում իրականացնելու էր շինարարական ու կապիտալ վերանորոգման աշխատանքներ (331 մլն դրամ ընդհանուր արժեքով), որոնց դիմաց իբրեւ վճար ստանալու էր ԱԻՆ-ի կողմից օգտագործվող 3 միավոր այլ անշարժ գույք: Այսինքն՝ վարձատրությունը լինելու էր այդ գույքը: Սակայն մինչեւ շինաշխատանքների ավարտը վճար հանդիսացող գույքը մնալու էր պետգույքի կառավարման վարչության իրավասության ներքո իբրեւ գրավ:

Կառուցապատողի կողմից Ստեփանավանի օդանավակայանում կատարած աշխատանքների մասին ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր. «Ընկերությունը իր նախաձեռնությամբ քանդել է օդանավակայանի վարչական շենքը՝ ավելի թեթեւ կոնստրուկցիաներով եւ ավելի ցածր արժեքով վերակառուցելու նպատակով: Սակայն մինչ օրս նշված շինության մասով աշխատանքներ չեն իրականացվել, իսկ օդանավակայանի պարիսպի եւ այլ վերանորոգման աշխատանքները կատարվել են թերություններով եւ դեռեւս ավարտված չեն, հետեւաբար տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից աշխատանքների կատարման որեւէ ավարտական ակտ չի ստորագրվել եւ նախարարություն չի ներակայացվել: Հարկ ենք համարում նշել, որ ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի տարածքում 2016 թ. երկրորդ կիսամյակից սկսած որեւէ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում»:   

Ըստ ԱԻՆ-ի՝ «Նյուտեք Շինը» բազմիցս խախտել է կառավարության 2014-ի որոշման հիմքով կնքված պայմանագրի պահանջները, սակայն նախարարության կողմից ՍՊԸ-ին տրվել են բազմաթիվ հնարավորություններ՝ չկատարած եւ թերի աշխատանքներն ավարտին հասցնելու եւ պայմանագրով հասանելիք վճար հանդիսացող գույքը գրավից հանելու համար:

Չնայած այս ամենին՝ ընկերությունը 2017-ի փետրվարին՝ սնանկ ճանաչվելուց հետո, դատարան էր մտել ու պահանջել իրեն վճարվելիք 3 միավոր գույքից 2-ի (ընդհանուր 65 մլն դրամ արժեքով) վրայից հանել գրավը, այսինքն՝ իբրեւ արդեն կատարած աշխատանքների վարձատրություն հանձնել իրեն: Հետաքրքիր է, որ դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում գտնվող այս գործը դեռեւս ընթացքում է, հաջորդ դատական նիստը, ըստ datalex.am հարթակի, նշանակվել է սեպտեմբերի 11-ին, սակայն հայցվոր ՍՊԸ-ն արդեն բռնել է լուծարման ճանապարհը:

Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով ԱԺ-ն հունիսին հավանություն տվեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրին, որի մեջ ընդգրկվել է նաեւ Ստեփանավանի օդանակայանը (պաշտոնապես՝ «ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ):

ԱԻՆ-ից մեզ հայտնել էին, որ նախարարությունը որոշել է օդանավակայանը մասնավորեցնել՝ ներդրումների միջոցով դրա հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու եւ հետագայում շահագործելու նպատակով: «Նյուտեք Շինի» հետ պայմանագրում Ստեփանավանում շինաշխատանքների արժեքը գնահատվել էր 213 մլն դրամ (մոտ 450 հազար դոլար): Այսինքն՝ պոտենցիալ ներդրողն առնվազն այդքան գումար պիտի հատկացնի՝ օդանավակայանը կարգի բերելու համար:  

Լուսանկարում՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքի տարածքը (մայիս, 2017. հեղ.՝ Հակոբ Պողոսյան)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ