Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ստեփան Շաքարյան․ «Արվեստագետը պետք է հայրենիքում ապրի»


Գագիկ Աղբալյան

Կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանին Երեւանի մարդ-խորհրդանիշներից կարելի է համարել։ Նրա անունով անգամ աստղ է տեղադրվել մայրաքաղաքի Տերյան փողոցում։

Կովկասյան արծվաքթով, խոշոր ակնոցներն աչքերին, բարի ժպիտով 81-ամյա կոմպոզիտորին ամառ-ձմեռ կտեսնեք մայրաքաղաքի կենտրոնում շտապ-շտապ քայլելիս։ Եթե իրեն ժպտացող աչքեր է տեսնում, հին ծանոթի նման ողջունում է ու շարունակում քայլքը։

Կոմպոզիտորի քայլվածքը հիշեցնում է «Պինգվինաշեն» սիրված մուլտֆիլմի հերոսի որոնումները ցուրտ Անտարկտիդայում։ Վինիկի երգի հեղինակը հենց Ստեփան Շաքարյանն է՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, սիմֆոնիկ գործերի ու հարյուրից ավելի ջազային երկերի հեղինակ։ Նա Արամ Խաչատրյանի միակ հայ ուսանողն է։ Շաքարյանը 1956 թվականին Խաչատրյանի խորհրդով եւ հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը եւ վերադարձել Երեւան, չնայած, պատմում է, դասականը նրան համոզում էր մնալ Մոսկվայում։

Ստեփան Շաքարյանը երեխայի նման անմիջական է զրույցի մեջ։ Անկեղծորեն կպատմի, որ իր հայտնի գործերից մեկը՝ «Ֆրանսիական կվինտետը», գրել է «կոպեկների»՝ 500 դոլար հոնորարի դիմաց։ (Անգամ եթե դու Շաքարյանն ես, բայց ապրում ես Հայաստանում, կարող ես ու երբեմն ստիպված ես գրել ոչ այնքան բարձր հոնորարներով)։

Մաեստրոյի հետ պայմանավորվում ենք հանդիպել Մաշտոցի պողոտայում, իր շենքից ոչ շատ հեռու։ Գալիս է պայմանավորված ժամից 3 րոպե շուտ ու կատակում․ «Ուզում եմ գերմանացի դառնալ»։

Նույնիսկ գերմանացիները չունեն Շաքարյանի՝ համակեցության խիստ կանոններով ապրելու համբերությունը։ Կոմպոզիտորը հարեւաններին չանհանգստացնելու համար սուրդինա՝ խլացուցիչ է տեղադրել դաշնամուրին։

Երբ ասում եմ, որ պետք է զրուցենք խնդիրներից, Շաքարյանը ձեռքերը վեր է բարձրացնում հանձնվելու նման․ «Ես եթե խոսեմ, 3-րդ համաշխարհային պատերազմ կլինի։ Ախր ես բարություն եմ ուզում միայն։ Ես չեմ կարող որեւէ մեկին նեղացնել»։

Դասական իմաստով հարցազրույց չի ստացվում։ Պայմանավորվում ենք՝ զրույցից կքաղեմ պատառիկներ։

Երեւանի մասին

«Անցյալ-ներկա-ապագա կապերը մեզ մոտ խզված են։ ԽՍՀՄ տարիներին մեր ազգը փրկվեց՝ Երեւանը դարձավ քաղաք։

Երբ մայրս իր երեք զավակներին Բաքվից բերեց Երեւան, երեք փողոց կար ընդամենը՝ Աստաֆյան, Ալավերդյան եւ Նալբանդյան։ Քաղաք որպես այդպիսին չկար։ Առանձնացած տներ էին, Օպերան կար, ներկայիս ԱԺ շենքն էր, կառուցվում էր Մատենադարանը եւ այլն։ Թամանյանը տուֆից կառուցում էր թանգարանատիպ քաղաք։ Այլազգիների տպավորությունը մեծ էր։ Տարբեր երկրներից գալիս էին տեսնելու, թե էդ ինչ քար է տուֆը։

Հետո ամեն ինչ փոխվեց։ Քննադատական խոսքեր չեմ ուզում ասեմ, բայց․․․ Աղմուկը քաղաքում չափազանց շատ է հիմա։ Շենքերը լցված են իրար գլխի։ Բակերը լցված են մեքենաներով։ Քայլելը դժվարացել է:

Քաղաքի 90 տոկոսը գեղցիներ են՝ մտածելակերպով ու հեռանկարով։ Իսկ քաղաքի իսկական բնակիչները՝ կրթված, ինտելիգենտ, արտագաղթել են»։ 

Ինքնակրթության մասին       

«Ինքս ակադեմիական լավ կրթություն եմ ստացել, բայց միեւնույն ժամանակ համարում եմ, որ ինքնակրթությունն ինձ ավելին է տվել։ Էսօր ակադեմիական կրթությամբ արդուկում են երիտասարդների գլուխը։

Իսկական կրթություն ստանալու համար դու պետք է մտնես դարերի ծալքերը։ Պետք է քեզ գտնես այդտեղ։ Մոսկվայում կար Լենինի անվան գրադարան, որը նախկինում եղել է կոմս Ռազումովսկու տունը։ Կային գրքեր, որ ոչ մեկին չէին տրամադրում։ Հետո տեսան, որ ես խենթուկ եմ, սկսեցին չարգելել։ Ես գրադարանի աշխատակիցներին շոկոլադե սալիկներ էի նվիրում, եւ ինձ թողնում էին առանձնանալ գրադարանում, ուսումնասիրել այդ արգելված գրքերը։

Ես չեմ ասում, թե այսօրվա երիտասարդությունը կիրթ չէ։ Բայց ժամանակները փոխվել են, եւ մենք 21-րդ դարում ապրում ենք 19-րդ դարի մոտեցումներով։ Այդպես լինել չի կարող»։ 

Հայրենիքի մասին

«Արտագաղթը նմանեցնում եմ ցեղասպանության հետ։ Նույն բանը չէ, բայց նույնքան տխուր է։ Իմ հայրենասիրությունն ամեն օր լացում է։

Մոսկվայում Արամ Խաչատրյանին ասացի՝ «Арам Ильич, я пришел к вам домой с чувством благодарности попрощаться с вами. Я еду в Армению»: Կատաղած ասաց. «Что? Тебе нельзя туда ехать»։ Որովհետեւ նա պայծառատես էր։ Նա էսօրվա օրն է կռահել»։

Այսօրվա ուսանողները դեռ երիտասարդ են, բայց հենց դիպլոմը վերցնեն, պիտի գոյատեւելու խնդիր լուծեն, չէ՞, դժվար կլինի իրենց համար։ Շատերն են ուզում մեկնել Հայաստանից։ Բայց ես կարծում եմ, որ արվեստագետը պետք է հայրենիքում ապրի։ Կապը պետք է լինի հայրենիքի հետ, ոչ թե գնաս գերի դառնաս այլ պետությանը։ Շատերը գնացել են, տարբեր միջոցներով են ապրում, այնքան է՝ գոյատեւեն։

Ինձ շատ են կանչել տարբեր երկրներ՝ Վաշինգտոն, Լոնդոն, Լյուքսեմբուրգ։ Անգամ հրավիրեցին Վրաստանի ջազ նվագախումբը ղեկավարելու։ Մերժեցի։ Ես իմ երկիրն ունեմ։

19-րդ դարի լեհ հանճարեղ դեմքերից մեկն է Յոզեֆ Ստրժիգովսկին։ Մի քանի հատոր է գրել հայկական ճարտարապետության մասին։ Ու մի հոդված ունի, որտեղ ասում է, որ հայկական ճարտարապետության ազդեցությունը համաշխարհային ճարտարապետության վրա անսահման է: Հիմա նմանվել ենք կարկատած վերմակի»։ 

Կոչումների մասին

«Զարմանում եմ, որ մինչեւ հիմա արվեստի վաստակավոր կոչում ունեմ։ Ինձնից ցածր՝ նկուղային մակարդակը նույնպես նման կոչումներ է ստանում։ Կոչումները ես համարում եմ բարոյական մերսում։ Դրանց կարեւորություն չեմ տալիս։ Ես կարեւորություն եմ տալիս արվեստի բոլոր բնագավառներում ավանդույթները շարունակելուն։

Մեղքս գալիս է, որ Վերնիսաժ եմ գնում։ Մեր նկարիչները հացի խնդիր են լուծում։ Բա ամոթ չէ՞։ Տարիներով մշակույթի նախարարները արվեստն արհամարհել են»։ 

Պինգվին Վինիկի երգի մասին

«1970 թվականն էր։ Օրերից մի օր մուլտֆիլմի ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանը զանգում է, թե՝ շուտ արի մեր տուն։ «Պիոներ» կինոթատրոնի մոտ էր ապրում։

Գնում եմ, թե՝ «Պինգվինաշենի» համար երգ է պահանջվում։ Ասում եմ` տեքստը ունե՞ք։ Ցույց է տալիս բառերը, կարդում եմ, գրպանիցս բլոկոնոտ հանում ու տեղն ու տեղը գրում երաժշտությունը։ Դա 47 տարի առաջ էր։ Մինչեւ հիմա մանուկները երգում են»։ 

Արարչի մասին

«Ամեն առավոտ մոտենում եմ պատուհանին ու շնորհակալության խոսքեր ասում Ստեղծողին։ Աստված են ասում Ստեղծողին, թող այդպես լինի։ Ստեղծողն ինձ ամեն օր տալիս է թթվածին, գոյատեւելու խնդիր է լուծում։ Ես դարձել եմ կրոնապաշտ, որովհետեւ մի պատուհանը որ փակում է, մյուսն է բացվում։ Ես շնորհակալ եմ։ Էսօր գիտե՞ք որքան բարի զանգեր են եղել։ Էդ բարության համար եմ շնորհակալ»։ 

Ինչն է հիացնում Ստեփան Շաքարյանին

«Ես հիանում եմ գյուղի կանանցով։ Կաթը եռացնում են, մերանը ավելացնում, դառնում է մածուն։ Սա փիլիսոփայություն է, գիտե՞ք։ Մերանը մտցնում ես կաթի մեջ, դարձնում է մածուն։ Սա համախմբվածության սիմվոլ է։ Կուզեմ, որ մեր երկրում մի մերան լինի, մեր կաթը դարձնի մածուն»։ 

Բարության մասին

«Մարդիկ նույնիսկ քնած ժամանակ են փողի մասին մտածում։ Մի կատակ ունեմ՝ մարդը քնած ժամանակ խռմփացնելիս էլ է փող հիշում՝ խռռռռ-փոոոո՜ղ, խռռռ-փոոոո՜ղ։ Որ վաղը թթվածին էլ չունենանք, փողն ի՞նչ է տալու մեզ։ Ամեն օր լուրեր են գալիս՝ այսինչ տեղում աղետ է, այնտեղ աղետ է։

Ամեն տեղ հանքեր են։

Չարությունը կործանում է աշխարհը։ Քրիստոսն ասում է՝ երբ մի այտիդ ապտակում են, մյուսը դեմ տուր։ Սա փիլիսոփայություն է, ոչ թե կրոն։ Մեզ միայն բարությունը կփրկի։ Բարությունը։ Ուրիշ ոչինչ»։

 

Ստեփան Շաքարյանի ստեղծագործություններից՝

«Լուսինը սարերի վրա»

«Բինգյոլից մինչեւ Կանզաս-Սիթի»

«Բլյուզի ալիքների վրա»


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։