HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյուղմթերք՝ առանց վերավաճառողների. բացվեց Մաշտոցի շուկան

Այսօրվանից ամեն շաբաթ-կիրակի Մաշտոցի պուրակի տարածքում կգործի գյուղմթերքի շուկա։ Գյուղացիներն այստեղ կվաճառեն իրենց գյուղմթերքը` առանց վերավաճառողների միջնորդության։ Շուկան կաշխատի 11։00-ից 17։00-ն։

Գրիգոր Վարդանյանն Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղից է։ Շուկայում այսօր վաճառում է բրոկոլի, խնձոր, սալոր, պղպեղ, դանդուռ։ Ապրանքի հիմնական մասը բանջարեղենն է, որ աճեցրել է տնամերձ հողամասում։ Բրոկոլին, կարելի է ասել, պարոն Գրիգորի վաճառքի այցեքարտն է։ Շուկայում այս բանջարեղենի քիչ քանակություն է ներկայացված։ Ասում է՝ այն շուտ փչացող է. եթե այսօր չվաճառի, վաղը ստիպված է լինելու թափել։

Մինչ այս, իր ունեցած գյուղմթերքը վաճառելու համար նա երբևէ շուկա չի գնացել, մեծ քանակությամբ մթերք վաճառել է վերավաճառողների։ Գյուղմթերքի ներկայիս վաճառքից դեռևս գոհ չէ, հատկացված տարածքում էլ որոշ թերություններ է նկատել, բայց չի դժգոհում, առավոտից կարողացել է ունեցած ապրանքի մի մասը վաճառել։

Շուկայում տաղավար ստանալու համար գյուղացիները դիմում են Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղեր` ստանալու տեղեկանք, որը կհավաստի, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը, որից հետո նրանց տրամադրվում է տաղավար։

Կարապետ Ավագյանի տաղավարը միակն էր շուկայում, որտեղ ալոե և ալոեի հյութ էր վաճառվում։ Նա ջերմատանը, ընտանիքի անդամների հետ, աճեցնում է ալոեի «հայկական հալվե» կոչվող ծառանման տեսակը։ Այն բուժիչ ալոե է, որն աճեցնում են ոչ թե ծաղկամաններում, այլ ջերմատանը։ Վերջինս Արմավիրի մարզի Գայ գյուղում է։ Ալոեն հիմնականում վաճառում են Երևանի գյուղմթերքի շուկաներում, սոցիալական ցանցերում: «Գյուղմթերքի շուկաները շատ մեծ առավելություն են։ Ընդհանուր վաճառքը չնայած քիչ է, որովհետև ժողովուրդը այդքան էլ տեղյակ չէ, բայց վաճառքը օրեցօր ավելանում է»,- ասում է ալոե մշակողը։

Չնայած գյուղացիների համար շուկան անվճար տարածք է՝ իրենց ունեցած ապրանքը վաճառելու համար, բայց նրանցից ոմանք մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ տարածքում չկան կոմունալ պայմաններ, ջուր, իսկ շինարարության պատճառով մշտապես փոշի է, գնորդներն այդքան էլ շատ չեն։

«Ինչ ծնվել եմ, գյուղատնտեսությամբ եմ զբաղվում»,- ասում է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի բնակիչ վաթսունամյա Թամար Մանուկյանը։ Նա շուկայում այսօր վաճառում էր ծիրան, կանաչեղեն, դդմիկ։ Հիմնականում մշակում է բանջարեղեն, արդեն նաև մրգի այգիներ ունի։ Դրանք վաճառում է Երևանի շուկաներում, բայց ոչ իր համար ցանկալի գնով։ Ասում է՝ այնտեղ վերավաճառողներն իրենց «գինն են թելադրում», իրենք էլ պարտադրված այն կես գնով են վաճառում` հետ չտանելու համար: «Գյուղմթերքի շուկաներում գյուղացու համար տեղ չկա։ Որ այս երկու շուկաները բացել են՝ Կասյան ու ստեղ, էլի հնարավոր է վաճառել, բայց էդ էլ մեկ շաբաթ առաջ պետք է գրանցվես»,- ասում է նա։

Գյուղմթերքի շուկաներից տիկին Թամարը կօգտվի շաբաթ-կիրակի օրերին, իսկ մնացած օրերին մթերքը վաճառելու է մեծածախ առևտրով զբաղվող շուկաներում։

Մեկնաբանություններ (1)

Марина
Здравствуйте, Карапет Авагян! Я заинтересовалась вашей продукцией соком алоэ, как можно с вами связаться?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter