HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Անուշ Հարությունյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Անուշ Հարությունյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Եթե երրորդ դեմքով խոսեմ իմ մասին, Անուշ Հարությունյան չեմ ասի․ Անուշիկ Հարությունյան կամ ուղղակի Անուշիկ կասեմ։ Մի քիչ հակասական կերպար է Անուշիկը․ ինքը «թամբալ» է, բայց նաեւ շատ աշխատասեր։ Խայտառակ ծանր է իրեն տեղից պոկելը, բայց երբ մի բան անում է, ժամանակը շատ արդյունավետ է կազմակերպում։

Շատ արդար մարդու մի տեսակ, նույնիսկ, երբ ինքը սխալվել է, ասենք, ինֆորմացիայի պակասից, ինքն իր հետ է արդար այդ պահերին, եւ, եթե պետք է, փորձում է շտկել սխալմունքը, որովհետեւ չի սիրում, երբ շուրջը նեղսրտած մարդ է լինում։ Ինքը բոլոր բջիջներով զգում է անշահախնդիր մարդկանց։ Անուշիկը մեծամիտ մարդու տպավորություն է թողնում, որովհետեւ կան մարդիկ, ում հանդիպում է, բայց չի շարունակում շփումը․ էներգետիկ առումով վանող են, կամ չկա էներգիայի փոխանակման պրոցես։ Սա մեծամտության տակ է ընկալվում, բայց այդպես չի։

Ներկայիս ճանապարհը, որով անցնում է, ամենից ճիշտն է, որովհետեւ երբ չէր երգում, «պատժվում» էր։ Ձեռնարկում էր մի բան, որը չէր ստացվում, ու զգացում ուներ, որ պատժվում է, քանի որ չի երգում։ Հետո, երբ սկսեց երգել արդեն «Օլդ բենդում» եւ հրաժարվեց հոգեբանություն մասնագիտությունից, հասկացավ, որ «պարգեւատրվում» է։

Վերլուծությունն ու գործողությունները տարան այն բանին, որ բնությունից տվածը պետք է կիսել, այլապես կպատժվես։ Ինքը ժառանգել է հորաքրոջ գեները, ով շատ տարիներ չարչարվել է ու փոխանցել այդ ամենն իրեն, իսկ ինքը, բնության օրենքներին դեմ, այդ կարողությունը կողպել էր մի դարակի մեջ։ Հիմա գլխով գցված է երաժշտության մեջ եւ աշխատանքի, որը շաղկապված է արվեստին։

Ցավոք, կենցաղից հեռու մարդ է, բայց երբ պետք է, կենցաղային ընդունված գործողությունները հմտորեն կիրառում է․ բարեբախտաբար, ժամանակին երեք տարի ապրել է ամուսնական կյանքով, եւ ոչինչ չի մոռացվել․ կեղտաբծեր կարողանում է վերացնել, բայց ժամանակն է ափսոսում։

Վախենում է մարդկային կորստից, գնահատում նվիրվածությունը՝ բառիս բուն իմաստով։

Ու որպես վերջաբան՝ նման է պոզավոր կատվի ու ունի սպիտակ մի կատու՝ Սեւո անումով, ում անչափ սիրում է։ 

Այսօր բալկոնում մասնագիտությամբ հոգեբան, բայց մասնագիտությունից ինչ-որ պահից հրաժարված եւ  երաժշտությունից անբաժան, «Օլդ բենդ» էթնիկ խմբի, «Հայջի» բենդի վոկալիստ Անուշ Հարությունյանն է։

Քաղաքի ու քո հարաբերության մասին ի՞նչ կասես։

Եթե քաղաք ասելով հասկանում ենք հենց շենքերը եւ շինությունները, ոչ թե մարդիկ․․․ Հասկանամ, որ կարողանամ հարցին պատասխանել։

Ասում եմ՝ դու ու քաղաքըմնացածն արդեն ինքդ կարող ես որոշել։

Մանկությանս տարիներից ի վեր քաղաքը շատ է փոխվել ու ոչ դեպի լավը․ քանդվել են շենքեր, որոնք մենք սիրում էինք եւ չէինք ուզում, որ քանդվեին, բայց նույնիսկ այս դեպքում էներգիան չի կորել։

Միեւնույնն է, երբ ինչ-որ տեղից հետ ես գալիս Երեւան, չես մտածում՝ դե իմ քաղաքն է, սիրում եմ․ էլ չես նայում էնպես, որ տունդ է ու քանդված է, այլ սիրում ես, որովհետեւ ուրիշ մի բան կա այստեղ պահված, կուտակված, որն անընդհատ օդում լողում է։ Նույնիսկ ամենածանր պահերին, երբ գիշերները դուրս ես գալիս մի տեղից կամ լուսաբաց ես դիմավորում, մի պահ ուղղակի, եթե կանգնած ես մնում քաղաքի աուրայի մեջ (մեքենաներ չկան, մարդկանց շարժ չկա), հենց այդ ժամանակ խորը շունչ ես քաշում ու հասկանում, որ այս քաղաքը ոչ թե քո քաղաքն է ու դրա համար է լավը, այլ ինքն իսկապես մի հզոր ուժ ունի, որը, հուսով եմ, երբեք չի մարի։

Քաղաքի ու իմ հարաբերությունները մոտավոր այսպիսինն են՝ խիստ զգայական։ Մեկ- մեկ կռիվ եմ անում, ուզում եմ ասեմ՝ ինչի մի բան չես անում, ինչի ես թողնում, որ քեզ վատ վերաբերեն․․․ Դուրս շատ կգար մի այսպիսի տեսարան, երբ տեսնեի՝ մի տղա քայլում է ու թքում է գետնին, ու հենց այդ պահին թքած տեղից մի քար պոկվում է ու կպչում իր ճակատին։

Շատ կուզեի քաղաքի նման վերաբերմունքը տեսնել անմշակույթ երեւույթների հանդեպ։ Երբեմն այդ անարդար վիճակի պատճառով ենք կռվում, բայց հետո իրեն տեսնում եմ որպես անպաշտպան մեկի, սկսում եմ ինքս ինձ վրա ջղայնանալ, հետո հասկանում եմ, որ դա էլ պետք չի․․․ Ուղղակի ինչքան կարող ես՝ դրական էմոցիաներդ ուղղիր մի տեղ, որտեղ ստեղծում ես, արարում։

Արվեստի մարդու (այսպես անվանենք) համար քաղաքը մեծ ճնշումներ ունի պահածքեզ զբաղեցնում են, դու զբաղվում ես, պետք է նաեւ սոցիալական խնդիր լուծես։ Ներքին մեծ վաակում կարող է առաջանալ։ Ու հիմա, երբ ասում ես՝ ներքին կռիվ ես ունենում իր (քաղաքի) վերաբերմունքի հետ կապված, մտածում եմ՝ ինքդ քեզ հետ էլ նույն հարցի շուրջ կռիվների մեջ ես։

Իմ բախտը բերել է շատ իմաստներով, որովհետեւ կան երաժիշտներ կամ արվեստով զբաղվող մարդիկ, ովքեր բառացիորեն սոված են․ ես այդ խնդիրը չունեմ։ Ես չեմ աշխատում որպես վաճառող, որ սոցիալական խնդիրս այդկերպ լուծեմ, չնայած աշխատել եմ որպես մատուցող, նաեւ ակումբում՝ որպես մենեջեր։

Հիմա ինձ երջանիկներից եմ համարում, որովհետեւ աշխատում եմ այնպիսի վայրերում (արդեն թվով երեք), որոնք որ իրարից շատ տարբեր են, բայց նաեւ շատ ճյուղերով կապված։ Իհարկե, մեկ-մեկ կուտակվում է գործը, երբ հստակ գրաֆիկի մեջ ես, հստակ աշխատանքային պլան կա, հասկանում ես, որ ժամանակ չմնաց՝ գոնե մի նոր երգ սովորելու կամ փորձին տասնհինգ րոպե ավելի մնալու։ Փորձում ես, օրինակ երաժշտություն լսել, բայց հասկանում ես, որ դու հիմա պետք է քնես, որովհետեւ վաղը ի վիճակի չես լինի ոչինչ անելու։

Հասկանում եմ նաեւ, որ այստեսակ ռիթմը ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ ծերանալու եմ, բայց այժմ էներգետիկ անհագ վիճակում եմ՝ անելու այս, այն գործը։

«Տերյան» մշակութային կենտրոնում այնքան բան եմ անում, որից ուղղակի հաճույք եմ ստանում․ չեմ կարող ոչ մի դետալ անտեսել։ Նույնը «Ժամ» ամսագրի հարցում, որտեղ նոր եմ ու շատ բան ունեմ ապացուցելու։

Ընդհանուր առմամբ, եթե ամփոփ, ապա գիտես, որ կարող ես, բայց պետք է անես, որ համոզվես։ Ինձ համար դա մոլուցքի պես մի բան է, որն ինձ պահում է ջրի երեսին։ Ես անընդհատ անելիք ունեմ, եւ ուղեղս մարմնիս «ծրագրավորում» է որպես դիմացկուն մեկի։

Ես քեզ շատ եմ տեսել բեմում, կուլիսում, ընկերական միջավայրում, նույնիսկ երբ մենեջեր կամ մատուցող էիր։ Նկատել եմ, որ շատ հաճախ ինքնաքննադատությունդ ուժեղ կերպով ազդում է գործողություններիդ վրա։ Երբ վերջերս քեզ տեսա շատ կարճ մազերով, ինչպես հիմա է, մտածեցի՝ ինչ տեղի ունեցավ, որ տարիներ շարունակ խնամված, երկար մազերն անհետացան։

Հարցին կարելի է ուղիղ պատասխանել, ասել, որ հոգնել էի երկար մազերից, որովհետեւ դրանք արդեն 10-15 տարի էի՝ կային։ Միշտ մտածել եմ, եթե մեջքիս վրա չզգամ մազերս, կխելագարվեմ։ Երբ այդ կախվածության մասին սկսեցի մտածել, ամաչեցի։ Կախվածություն՝ մազերից․․․ Ամաչեցի, որովհետեւ ես շատ ազատատենչ խառնվածքի տեր մարդ եմ, եւ կախվածությունը՝ բոլոր իմաստներով, անընդունելի է ինձ համար․ ես չեմ կարող լինել կուսակցական, ես չեմ կարող շարժվել կարծրատիպերով, ես չեմ կարող ընդունված նորմերով առաջ գնալ։

Ու մազերի դեպքում էլ վիճակը նույնն էր։ Որոշեցի հաղթահարել դա։ Մի շաբաթում չորս կտրվածք արեցի․ ինքնաքննադատության տարր ուներ, այո։ 

Մի հետաքրքրիր բան էլ կար․ կյանքիս ռիթմն արագացել էր, իսկ մազերը խնամք էին պահանջում՝ ամեն անգամ մոտ մեկ ժամ․ այդ ժամանակը ես չունեի։ Կտրված մազերով արդեն  գործունեությանս մեջ շատ բան փոխվեց։

Ընդդիմության մասին․․․

Ընդդիմությունը միայն քաղաքականը չի, ինչպես ընդունված է համարել։

Հարցս ընդունվածի մասին չէր։ Քո այն որոշումներն ու քայլերը, որոնք հանրային բնույթ ունեն, ավելի շատ անհամաձայնության տարրեր են պարունակում։

Ես շատ ադեկվատ մարդ եմ, չնայած մեկ-մեկ էմոցիոնալ առումով չափս անցնում եմ, կարող եմ ինձ ինչ- որ բան թույլ տալ․ իմ խառնվածքն է այդպիսին։ Փաստորեն ադեկվատ, բայց բռնկուն։ Ընդդիմությունը արդարության զգացումից է գալիս։ Կարող եմ հստակ ասել, որ փոքր տարիքից ունեմ շատ ուժեղ ձեւավորված արդարության զգացում։ Եթե անարդար բան է կատարվում, չեմ կարող անտարբեր անցնել, բայց նաեւ այնքան ադեկվատ եմ, որ իմ ուժերը չեմ վատնում մի տեղ, որտեղ իսկապես ոչ մի բան անել չեմ կարող։

Խորենացիի դեպքերի ժամանակ ես ու իմ մի քանի ընկերները այնտեղ էինք, ու մտածում էի՝ եթե մենք այստեղ ենք, տղաներին չեն խփի։ Դա առնվազն ծիծաղելի էր, որովհետեւ հենց այդ գիշեր էլ Պավլիկին վիրավորեցին։ Իմ լինելը ազդեցություն չունեցավ, իսկ ես վստահ էի։ Ու ինքս ինձ հարցնում էի՝ ախր, ոնց, արդար չի։

Անուշ, համակարգի մաս քեզ համարու՞մ ես։

Համակարգի՞․․․ Ինչ-որ չափով մի ոտքով համակարգի մեջ եմ, որովհետեւ եթե չլինի այդպես, չեմ կարող այս միջավայրի մեջ ապրել, առաջ տանել այն գործերը, որոնք կարեւորում եմ նաեւ երկրի համար․․․ Ամբողջությամբ չի կարող այդպես լինել, որովհետեւ այս համակարգը չի այն մեկը, որի մեջ ես ամբողջությամբ կարող եմ լինել։

Ա՜յ, օրինակ, «Տերյան» մշակութային կենտրոնի համակարգը այն է, որտեղ ես կարող եմ գլխով գցվել ու չմտածել, որ հատակն այնքան ցածր է, որ գլուխս կջարդվի։ Նույնկերպ նաեւ «Ժամ» ամսագրի հարցում է, «Օլդ բենդ»-ի, «Հայջիի» ու այսպիսի  այլ շատ միջավայրերում։

Ընդդիմություն, համակարգ, միջավայրեր՝ այդ նույն համակարգի մեջ ու համակարգից դուրս։ Իսկ մարդն ու կոնֆլի՞կտը...

Եթե կոնֆլիկտը հարազատի հետ է, ում ես երբեք չեմ ցանկանա կորցնել, ուրիշ հարց է․ օրերով կարող եմ խոսել, վիրավորել, բայց ընկնեմ ոտքերն ու ասեմ՝ կներես, ես ուղղակի գժվել էի։ Բայց կոնֆլիկտներ կան, որոնք կարող եմ շատ հեշտ լուծել․ այսպես՝ հասկացավ՝ լավ, չէ՝ էլի լավ։ Ավելի թեթեւ եմ վերաբերում այն դեպքերում, երբ կարեւորությունն եմ գնահատում։

Հարազատի հանդեպ պահանջներդ, սպասելիքներդ շատ են, այնքան, որ նույնիսկ հավասարակշռությունդ կարող ես կորցնել իր հետ խնդիր ունենալու դեպքում։ Իսկ երբ չկա հարազատության պահը, ուրիշ պատմություն է արդեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter