HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Մայլս Դևիս. «Kind Of Blue» և դեպի երկինք ձգվող անսահմանություն

«Ես ուշադրություն չեմ դարձնում այն բանի վրա, թե ինչ են իմ մասին գրում քննադատները, լինեն դրանք լավ, թե վատ խոսքեր: Ամենախիստ քննադատը, ում ես հաշվի եմ առնում, ես ինքս եմ: Եվ բացի այդ, ես չափազանց սնապարծ եմ նվագելու համար մի բան, որն իմ կարծիքով վատ է»,- ասում էր Մայլս Դևիսը:

«1001 ալբոմ, որոնց անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը»  գրքում զետեղված երաժշտական շարքին մենք խոստացել ենք «Ռետրո Ակումբ»-ում պարբերաբար անդրադառնալ: Այսօր կհիշենք դրանցից մեկը՝ հեռավոր, բայց միևնույն ժամանակ երաժշտության պատմության մեջ վճռորոշ դեր ունեցած 50-ականներից:

«Kind Of Blue». կարծում եմ, այս մեկն իսկ բավական է վերը նշված վճռորոշությանը որպես  անքննարկելի ապացույց ընդունելու համար: Այն թողարկվեց 1959թ.՝ ներկայացնելով երաժշտի ջազ սեքստետը, որի կազմում էին Բիլ Էվանսը (դաշնամուր), Ջիմի Քոբբը (հարվածորդ), Փոլ Չեմբերսը (բաս), սաքսոֆոնահարներ՝ ջազի նորարար և հսկա Ջոն Քոլթրեյնը  և Ջուլիան «Քենոնբոլ» Էդերլին: Այստեղ ընդգրկված գործերից միայն մեկում՝ «Freddie Freeloader»-ում,  Էվանսին փոխարինել է դաշնակահար Ուինթըն Քելլին՝ իր կատարումների բլուզային էության ընտրությամբ: Այսօր Դևիսի «Kind Of Blue»-ն համարվում է ջազում ամենահայտնի, ամենակարևոր ու ազդեցիկ ալբոմներից մեկը, սակայն ժամանակին այն ավելին էր. դա հեղափոխություն էր, որը կոտրեց մինչ այդ եղածը՝ արմատապես փոխելով մոտեցումները, մտածողությունն ու երաժշտության լեզուն:

«Kind Of Blue»-ն մասնագետները գլուխգործոց են համարում. գլուխգործոց  ոչ միայն Դևիսի ստեղծագործության, այլև երաժշտության պատմության մեջ: Մոդալ իմպրովիզացիաները, որոնք շեփորի լեգենդար երաժիշտն արդեն ներդրել էր իր նախորդ՝ «Milestones» և «Porgy and Bess» ալբոմներում, այստեղ հիմնական բանալին էին: Մոդալիզմ՝ ի տարբերություն Դևիսի նախորդ գործերի, որտեղ նա առավելապես ջազի հարդ բոփ ոճում էր:

Ստեղծագործության ամենաառանցքային, այսպես ասած, հերոսներից էր վեցյակի միակ սպիտակամորթ երաժիշտը՝ Բիլ Էվանսը: Ստանալով ակադեմիական կրթություն և բարձրագույն դիպլոմ՝ այս երաժիշտը չբավարարվեց միայն կատարողական բարձ վարպետության մեջ հմտանալով և երաժշտություն գրելով: Նա խորասուզվեց ջազի, ավանդականի ու նոր շերտեր բացահայտելու, հարմոնիկ նոր լուծումներ գտնելու անհատակ մի օվկիանոսում, որից դուրս եկավ որպես բացառիկ երաժիշտ-անհատականություն:  Էվանսը ոչ թե նվագում, այլ պատմում էր երաժշտությունը իրեն հատուկ մեկնաբանությամբ: Մեղմ ու հանգիստ էր նրա ոճը, բայց երբ անհրաժեշտ էր, վառ ու բռնկուն: Էվանսը Մայլս Դևիսի խմբին միացավ 1958թ. փետրվարին, նախ՝ որպես փոխարնող նախկին դաշնակահար և արդեն խմբից հեռացված Ռեդ Գարլանդին: Նրան Դևիսի լարված փնտրտուքների ժամանակ առաջարկել էր Ջորջ Ռասելը (ջազային դաշնակահար, կոմպոզիտոր և երժ. տեսաբան):

Բրուքլինում կայացած համերգից հետո Էվանսը մտածում էր, որ այդ օգնություն-փոխարինումով  պիտի ավարտվի իր պատմությունը դևիսյան աստղային սեքստետի հետ, սակայն երեկոյի ավարտին Մայլսը նրան տեղեկացրեց հաջորդ՝ Ֆիլադելֆիայում կայանալիք համերգի մասին: Տեղեկացրեց Մայլս Դևիսին հատուկ ոճով՝ որպես վերջնականապես ընդունված որոշում, որին պիտի հաջորդեր միայն առանց այլընտրանքի աշխատանքի պատրաստվելը: Երբ նա վերջնականապես ընդգրկվեց հիմնական կազմում (այս խմբի հետ Էվանսն աշխատեց ընդամենը ինն ամիս), մյուս երաժիշտներ սկզբում այնքան էլ միանշանակ չընդունեցին Դևիսի որոշումը: Նախ՝ դեռևս լավագույն տարբերակ էին համարում հին ընկերոջը՝ Գարլանդին, երկրորդ՝ սպիտակամորթ լինելը: Այդ տարիներին երաժիշտների մեջ մի տարածված կարծիք կար, ըստ որի՝ սպիտակ մարդը երբեք չի կարողանա ջազ նվագել: Դևիսը պատասխանում էր, որ իրեն միայն երաժշտությունն է հետաքրքրում, ոչ թե մարդու գույնը: Ու դրանով եզրափակում բոլոր տեսակի քննարկումները:

 Էվանսի մուտքը սեքստետում իրականում շատ փոփոխություններ իր հետ բերեց: Նրա մոտեցումն ու կատարողական ոճն էին նաև հիմնական առիթներից մեկը, որոնց շնորհիվ Դևիսը այդ ժամանակահատվածում տեղափոխվեց մոդալ իմպրովիզացիաների դաշտ: Աշխատանքում խիստ պահանջկոտ, երբեմն՝ այս առումով անտանելի դժվար, իր երաժշտության մեջ չափազանց ամբիցիոզ, իսկ հաճոյախոսույունների մեջ շատ ժլատ այս երաժիտը զարմանալիորեն մեղմ ու ազատ էր Էվանսի հանդեպ: Նա հաճախ անգամ խոստովանում էր, որ Էվանսի նվագը գերում է իրեն: « Ես սիրում էի այդ մեղմ կրակը, որը Բիլը վառում էր ռոյալի վրա,- ավելի ուշ ասել է Դևիսը,- Նրա նվագելու ոճը, հնչողությունը նման էին անարատ աղբյուրից հոսող ջրի բյուրեղյա մասնիկների»:

Նրանց հարաբերությունները ներդաշնակ էին ոչ միայն ստեղծագործելիս, այլև կյանքում՝ և՛ վիճելիս, և՛ կատակելիս: Շեփորի լեգենդն ու այս հեղինակավոր սեքստետի ղեկավարը, սակայն, խառնվածքի համաձայն՝ սիրում էր երբեմն նաև «կծել» դաշնակահարին: Հարվածորդ Ջիմի Քոբբի վկայությամբ՝ Դևիսը նրան «whitey» էր անվանում, և հաճախ, երբ վերջինս փորձում էր որևէ նոր բան առաջարկել և որը դուր չէր գալիս Դևիսին, նա կատակում էր. «Հանգստացիր, հա՞… մեզ ոչ մի սպիտակ կարծիք պետք չէ»:  


Մ. Դևիսը, Բ. Էվանսը, Ջ. Քոլթրեյնը և Ջ. Ք. Էդերլին «Kind Of Blue»-ի ձայնագրության  օրերին

Հինգ գործ ընդգրկած «Kind Of Blue»-ում երկուսը՝ «So What»-ը և «Blue in Green»-ը Դևիսի և Էվանսի համատեղ աշխատանքն են: Խաղաղ ու խոհուն տխրությամբ «Blue in Green»-ը դարձավ ալբոմի ամենահայտնի կոմպոզիցիան:

Թեև կենտրոնական ձայնը Մայլս Դևիսն էր՝ բոլոր առումներով, և ալբոմի կայացման մեջ հիմնարար ներդրում արեց Բիլ Էվանսը, այնուամենայնիվ, այս ստեղծագործության կատարելությունը պայմանավորված էր սեքստետի բոլոր երաժիշտներով: Նրանցից ամեն մեկը անփոխարինելի էր՝ իր դերով,  առանձնահատկությամբ և իր մեծությամբ: Լսեք  Քոլթրեյնին և անմիջապես կհամոզվեք դրանում: Նա թեպետ այդ ժամանակ դեռևս բավականաչափ հայտնի չէր, բայց արդեն սկսել էր հստակ ուրվագծել ջազի բազմաշերտ ներդաշնակության ապագա հսկային: «Մայլսի երաժշտությունն ինձ ցույց տվեց ազատության անսահման մեծությունը»,- ասել է երաժիշտը: Երկու տարի անց նա ևս դուրս եկավ խմբի կազմից և հիմնելով սեփական քառյակը՝ ազդարարեց իր նոր ու նորարարական մուտքի մասին: Քոլթրեյնի անհատականությանն ու գործունեությանը մենք արդեն անդրադարձել ենք, ուստի այս խորագրում այսքանով կեզրափակվենք:

«Kind Of Blue»-ն Ջ. Քոբբը տարիներ անց անվանել է երկնքում ձայնագրված ալբոմ: Այն իմպրովիզացիոն հիմքով եղանակային էսքիզների մի աննման շարք է, որտեղ այդ էսքիզը գծագրող երաժիշտներից ամեն մեկն ինքն էր սահմանում գծի ուղղությունն ու չափը: Դևիսը նոտաների ու երաժշտական հստակ կանոնների փոխարեն երաժիշտներին ներկայացրել էր իր բանաձևը՝ հավաքական ազատություն, որը պիտի ստեղծվեր ոչ թե ակորդների ներդաշնակության, այլ մեղեդային տատանումների մեջ: «Ակորդների բացակայությունը ավելի է մեծացնում ազատությունը  և տարածություն բացում լսելու համար,- ասում էր նա:


Լուսանկարներում
՝ Մ. Դևիս, Ջ. Քոբ

Դևիսյան գլուխգործոց, բոլոր ժամանակների լավագույն ալբոմներից մեկն ու ամենավաճառված ձայնագրությունը ջազի աշխարհում. այսպիսին են «Kind Of Blue»-ի բնութագրումները: Դրանց մշտապես ավելանում է ևս մեկը՝ ամենաազդեցիկը, որը ներառում է երաժշտության տարբեր ժանրեր ու ոճեր՝ տարբեր, ոչ միայն ուղղությամբ, այլև սկզբունքներով…

«Երաժիշտների համար այն միշտ ավելին է եղել, քան միայն գեղեցիկ երաժշտություն լսելը,- ասում է Ջ. Քոբբը,- չնայած՝ այն հենց այդպիսն էլ կար` գեղեցիկ: Բայց ալբոմը նաև «ինչպես»-ի մասին է. իմպրովիզացիոն ուղեցույց, որը երաժշտին ցույց է տալիս, թե ինչպես պետք է ստանալ այն մաքուր մեղեդին, որը շատ անգամ ստվերվում է մատների էժանագին վազքի ու «հիփ» ակորդների փոփոխության արանքում:  Սակայն կարևոր չէ, թե որքանով է այս նրբությունը հասանելի երաժշտին կամ ունկնդրին. «Kind Of Blue»-ն միշտ էլ ավելին ունի տալու: Եթե մենք այն շարունակում ենք  լսել՝ նորից ու նորից, մեր ողջ կյանքի ընթացքում, ուրեմն միգուցե նրանից է, որ զգում ենք՝  այնտեղ դեռ ավելի ուրիշ բան էլ կա: Մի բան, որը մինչ այդ չէինք լսել: Իսկ միգուցե մեզ ուղղակի դուր է գալիս  վճարել դեպի երկինք կատարվող մեր պարբերաբար այցելությունների համար»:

Գլխավոր լուսանկարը՝  «Rolling Stone» ամսագրից

 

Մեկնաբանություններ (1)

Արթուր
շատ շնորհակալություն Մայլսի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter