Երկուշաբթի, 23 հոկտեմբերի

10 խոշոր հարկատուներն ու նրանց հարկերի փոփոխությունը



Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները միասին պետբյուջե են վճարել շուրջ 378.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ցանկից։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 1000  խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն ավելացել է շուրջ 32 մլրդ  դրամով կամ 9.2%-ով։ 

Երկրի խոշորագույն հարկատու «Գազպրոմ Արմենիա»-ն տարվա առաջին կեսին վճարել է  24.5 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանկահատվածում, ընկերության վճարած հարկերի համեմատ, նվազել է 91 մլն դրամով կամ 0.4%-ով։ 

Հանրապետության 2-րդ խոշորագույն հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ»-ն է։ Վճարել է 14.6 մլրդ դրամի հարկ, ինչը 2.8 մլրդ դրամով կամ 23.5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 

Եռյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ մոտ 11.9 մլրդ դրամով։ Հարկերն ավելացրել է 2.6 մլրդ դրամով կամ մոտ 29%-ով։ 

4-րդ տեղում «Ալեքս Հոլդինգ»-ն է (նախկինում՝ «Ալեքս Գրիգ»)։ Տարվա առաջին կեսին վճարել է մոտ 11.3 մլրդ դրամի հարկ, աճը՝ 3.9 մլրդ դրամ կամ 54%: 

Հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ), որի վճարած հարկերը կազմել են 9.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի քան եռապատկելով։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում ամենամեծ թռիչքը հենց կոմբինատինն է։ Նախորդ տարի այն 17-րդ տեղում էր, այս տարի՝ 5-րդ։ 

Հարկերն ավելացրել է նաև հանքարդյունաբերական մեկ այլ ընկերություն՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը։ Վճարել է մոտ 8.2 մլրդ դրամ՝ կրկնապատկելով հարկերը։ Արդյունքում 15-րդ հորիզոնականից բարձրացել է 6-րդ հորիզոնական։ 

Խոշոր հարկատուների ցանկում 7-րդ տեղում  «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ն է՝ 6.2 մլրդ դրամի հարկերով։ Աճը՝ 588 մլն դրամ 10.5%: Ընկերությունը հայտնի է  բենզինի և դիզելային վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով։ 

Հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտում գործող «Թեղուտ» ՓԲԸ-ն։ Ընկերությունը հունվար-հունիսին վճարել է 6 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա համեմատ հարկերը նվազեցրել է 1.8 մլրդ դրամով կամ 23%-ով։ 

9-րդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է՝ 5.3 մլրդ դրամի հարկերով։ Նվազումը՝ ավելի քան 100 մլն դրամ կամ շուրջ 2%-ով։ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն ու  «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ»-ն ներառված են «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում։ 

Իսկ տասնյակի վերջում ծխախոտի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն է։ Վճարել է 5.1  մլրդ դրամի հարկեր։ Աճը՝ 1.2 մլրդ դրամ կամ 32%:

Ըստ ՀՀ ՊԵԿ-ի տվյալների

Ընդհանուր առմամբ, 10 խոշորների վճարած հարկերը միասին կազմել են շուրջ 103 մլրդ դրամ։ 

Խոշոր հարկատուների երկրորդ տասնյակում են «ՄՏՍ Հայաստան»-ը (VivaCell-MTS), «ԱրմենՏել»-ը, «Ֆլեշ»-ը, «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» -ը, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ»-ը, «Յուքոմ»-ը,  «Արդշինբանկ»-ն ու «Գրանդ Քենդի»-ն։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ