ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ծեծկռտուք` Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին



Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստին կողմերի միջև ծեծկռտուք սկսվեց:

Դատարանում այսօր շարունակվում էր սպանված Եղիշե Խաչատրյանի մոր`77-ամյա Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը: Վերջինիս նյարդայնացնում էին ամբաստանյալների պաշտպանների`դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով տրված հարցերը, և պարբերաբար հարցնում էր, թե ինչու են տանջում մեծ կնոջը:

Էմմա Աբրահամյանը, այնուամենայնիվ, շարունակում էր պատասխանել հարցերին, երբ դատարանում ներկաներից մեկը, դիմելով դատավորին, ասաց`չե՞ք խղճում այս մեծ կնոջը: Դա բարկացրեց ամբաստանյալների հարազատներին, և նրանք սկսեցին հակադարձել, թե որևէ մեկը չի՞ խղճում արդյոք ամբաստանյալներին:

Վայրկյանների ընթացքում լեզվակռիվը վերածվեց ծեծկռտուքի: Լարված իրավիճակ սկսվեց նաև ամբաստանյալների շրջանում, նրանցից ոմանք վեր կացան տեղից, սակայն ոստիկանները նրանց դահլիճից դուրս տարան:

Շուտով գետնին հայտնվեցին դատարանում ներկա լրագրողների ձայնագրիչներն ու ոստիկաններից մեկի գլխարկը, որը նետել էր քաղաքացիներից մեկը:

Դատարանի դահլիճում ներկա մեծաքանակ կարգադրիչներին ու ոստիկաններին դժվարությամբ հաջողվեց վերահսկել իրավիճակն ու դահլիճին հանդարտեցնել:

Դատական նիստն ընդմիջվեց:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ