HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչներն իրեն շանտաժի են ենթարկել և անհիմն մեղադրանք առաջադրել

20 տարի ուժային կառույցներում աշխատած գնդապետ Արմեն Գալստյանը դիմել է «Հետք»-ին՝ հայտնելով,  որ Քննչական կոմիտեի քննիչները իր հանդեպ ծանր հանցագործություն են կատարել՝ անհիմն, առանց որևէ փաստի իրեն մեղադրանք առաջադրել:

Ասում է՝ 2014 թվականից քննիչները ահաբեկումների և շանտաժի են ենթարկել իրեն՝ այն բանի համար, որ որդին հանցագործություն է կատարել, իսկ  2015 թվականի դեկտեմբերի 23-ին առանց որևէ պատճառի և փաստի քրեական գործ հարուցել՝ Քրեական օրենսգրիք 178-րդ հոդվածի 3-րդ մասով(խարդախություն), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով,կազմակերպված խմբի կողմից: Քրեական գործի հարուցման որոշումում նշված է. «Նկատի ունենալով, որ գործով հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել, ինչը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավելու»:

2016 թվականի հուլիսի 8-ին հարուցված գործը կարճվել է՝ հիմք ընդունելով Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 3-րդ կետերը, որով արարքի մեջ բացակայում է հանցակազմը, և որ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ, ինչպես նաև 53-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, որով դատախազությունը հրաժարվել է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

«Գործը կարճելուց ուղիղ մեկ տարի անընդհատ բողոքել եմ, որ իմ հանդեպ կատարվել է ծանր հանցագործություն՝ կազմակերպված հանցագործների խմբի կողմից: Դրա համար պետք է պատժվեն թե՛ դատախազության, թե՛ քննչական կոմիտեի գործը քննող աշխատակիցները, թե´ դրա վերահսկող դատախազը և նրա ղեկավարը՝ քրական օրենսգրքի 336-րդ հոդվածով՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Նրանք իմ ներկայացրած բազմաթիվ ստույգ փաստերի հիման վրա առ այսօր չեն պատժվել, յոթ ամիս ինձ պահել են ահաբեկումների մեջ և պատանդի կարգավիճակով, ինչպես նաև մեկ տարի չեն պատասխանել նամակներիս»,-ասում է Գալստյանը:

Ինչից սկսվեց պատմությունը

Ըստ քրական գործ հարուցելու որոշման՝ Արմեն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վլադիսլավ Մանգասարյանի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ հափշտակել է ԱՄՆ քաղաքացի Լևոն Սեդրակյանի 75 միլիոն դրամ արժողությամբ գույքը: Մասնավորապես՝ Արմեն Գալստյանը և Վլադիսլավ Մանգասարյանը խաբեությամբ Մաշտոց 33Ա հասցեում կառուցվող շենքի 11-րդ հարկից 107,7 քմ մակերեսով բնակարան և ավտոկայանատեղի վաճառելու պատրվակով Լևոն Սեդրակյանից 2008 թվականի օգոստոսի 6-ին կանխավճարի անվան տակ ստացել են 39 միլիոն դրամ՝ բնակարան հատկացնելու նպատակով: Այնուհետև՝ Արմեն Գալստյանն ու Վլադիսլավ Մանգասարյանը, Լևոն Սեդրակյանի վստահությունը չարաշահելով, նույն օրը նրան խաբեությամբ ներկայացրել են պայմանագիր, հավաստիացրել, որ Լևոն Սեդրակյանին վաճառվող, Արմեն Գալստյանին պատկանող բանակարանը փաստացի գրանցված է Մանգասարյանի փեսա Հայկազ Սարգսյանի անվամբ: Դրանից հետո Հայկազ Սարգսյանի և Լևոն Սեդրակյանի լիազորված անձ Կարեն Հովհաննիսյանի միջև կնքվել է գոյություն չունեցող իրավունքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, որի համար նույն օրը Արմեն Գալստյանն ու Վլադիսլավ Մանգասարյանը նրանից ստացել են 50 հազար դոլարին համարժեք 15 միլիոն դրամ, իսկ 2008-ի նոյեմբեր-դեկտեմբերին 58 հազար ԱՄՆ դոլար և հափշտակել դրանք: «Այսպիսով՝ Արմեն Գալստյանը և Վլադիսլավ Մանգասարյանը նախնական համաձայնությամբ Լևոն Սեդրակյանից խաբեությամբ հափշտակել են ընդհանուր 75.076.800 ՀՀ դրամին համարժեք 248 000 ԱՄՆ դոլար»:

Վերը նշված հանգամանքներով  հարուցվել է քրեական գործը, և մեղադրանք է առաջադրվել Արմեն Գալստյանին, սակայն 2016 թվականի հուլիսի 8-ին հարուցված գործը կարճվել է՝ Արմեն Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով։

Արմեն Գալստյանն ասում է, որ Լևոն Սեդրակյանը եղել է որդու՝ Կառլեն Գալստյանի ընկերը, ում ծանոթացրել է Վլադիսալավ Մանգասարյանի հետ՝ Մաշտոց 33Ա շենքում բնակարան գնելու նպատակով:

Կարճման որոշման մեջ ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանի ներկայացրած որոշումից տեղեկանում ենք՝ նախաքննության ընթացքում Լևոն Սեդրակյանը ճանաչվել է տուժող, սակայն քրական գործով հաղորդում չի տվել, չի հարցաքննվել, առերեսումներ չեն կատարվել. «Եթե Լևոն Սեդրակյանը հաղորդում չի տվել, ինչպես է ճանաչվել տուժող և ինձ վրա գործ հարուցվել, մեղադրանք առաջադրվել, եթե Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածով քրեական գործ չի հարուցվում, եթե բացակայում է դիմողի բողոքը»,-հարցնում է Գալստյանը:

Բացի այդ, դատախազ Պողոսյանը հայտնել է, որ Լևոն Սեդրակյանի լիազորված անձ Կարեն Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվելիս հակասական ցուցմունքեր է տվել՝ բնակարանը գնելու համար Կառլեն և Արմեն Գալստյանի տրված գումարների վերաբերյալ: Նախաքննության ընթացքում որևէ ապացույց ձեռք չի բերվել Լևոն Սեդրակյանի կողմից ԱՄՆ-ից գումարներ ուղարկելու, այդ գումարը, Կառլեն և Արմեն Գալստյանին փոխանցելու վերաբերյալ: Ինչպես նաև քննության ընթացքում որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ Լևոն Սեդրակյանին բնակարան վաճառելու և դրա դիմաց ստացված գումարը խարդախությամբ հափշտակելու շուրջ Արմեն Գալստյանի և Վլադիսլավ Մանգասարյանի միջև որևէ համաձայնություն է եղել:

Գնդապետը քննչական կոմիտեի քննիչներին մեղադրում է իրեն շանտաժի ենթարկելու մեջ

Ա․Գալստյանը ՀԿԳ քննության վարչության պետ Վահագն Հարությունյանին, նրա տեղակալ Ամբակում Գրիգորյանի, քննիչներ Արա Մկրտչյանին և Բագրատ Ադամյանին, դատախազ Վ. Պողոսյանին, իր փաստաբան Հրանտ Ավետյանին մեղադրում է, որ կազմակերպված հանցախմբի գործելաոճով 2014 թվականից մինչ 2016 թվականի հուլիս 8-ը իր նկատմամբ ծանր հանցագործություն են կատարել՝ առանց որևէ հիմքի մեղադրելով  ծանր հանցագործության մեջ, շանտաժի ենթարկել, յոթ ամիս պատանդ կարգավիճակով պահել, վարկաբեկել  իրեն և ոտնահարել արժանապատվությունը:

Գալստյանի խոսքով՝ Վ. Պողոսյանը 2017 թվականի հուլիսի 10-ին, իր՝ «Հետք»-ում հրապարակված նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակից հետո է միայն պատասխանում իր ուղարկված մի շարք անպատասխան նամակներին. «Ես մեկ տարի յոթ ամիս նրանց բողոքներ եմ ուղարկել: Ուղարկել եմ կոնկրետ իրենց կատարած հանցագործությունների մասին փաստեր, ձայնագրություններ: Ուղիղ յոթը ամսի ինձ ուղարկված միակ պատասխանը, որ եղել է Պողոսյանից և քննչական կոմիտեից, այն է, որ դրանց քննարկումը հետաձգվում է Քրեադատավարական օրենսգրքի 102 հոդվածով»:

Գալստյանը դատախազ Վ. Պողոսյանին հարցնում է՝ ինչու՞ են 2014 թվականին օգոստոսի 17-ին, իր հայրական տան վաճառքից վեց օր հետո, իրեն կանչում քննչական կոմիտե և անիմաստ հարցեր տալիս, որոնք կապ չեն ունեցել այդ ժամանակ քննվող գործի հետ:

Հարցնում է՝ դրանից հետո սեպտեմբերի 10-ին, Կարեն Հովհաննիսյանի հետ ինչու՞ են առերեսում կազմակերպում և Ամբակում Գրիգորյանի կողմից ուղղորդված ցուցմունքներ վերցնում, որի ժամանակ Հովհաննիսյանն ասում է, որ ինքը Արմեն Գալստյանի հետ որևէ կապ չունի, և խարդախը Կառլեն Գալստյանն է, ով խաբել է Լևոն Սեդրակյանին և Վլադիսլավ Մանգասարյանին: Հարցնում է՝ ինչու՞ են իրեն շանտաժ արել որդիով և ցույց տվել քննիչ Արա Մկրտչյանի տան ճանապարհը: Գալստյանը ապա շարունակում է՝ այդ օրը ի՞նչ իրավունքով են Ամբակում Գրիգորյանը, քննիչ Արա Մկրտչյանի աշխատասենյակից, Կարեն Հովհաննիսյանի հետ առերեսումից հետո, իր փաստաբան Հրանտ Ավետյանին և Հովհաննիսյանին դուրս հրավիրել և իրեն շանտաժի ենթարկել, ահաբեկել:

Հարցնում է՝ ինչու է ինքը սեպտեմբերի 12-ին գնացել քննիչ Արա Մկրտչյանի բնակարան: Իսկ դրանից հետո մեկ տարի 3 ամիս քննչական որևէ գործողություն չի կատարվել և 2015 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ 35 000 դոլար վարկ է ստացել, դրանից երկու օր անց, կրկին Կարեն Հովհաննիսյանին կանչել են քննչական կոմիտե  հարցաքննության, նորից ցուցմունք վերցրել, որից հետո ոստիկանների ուղեկցությամբ ծանուցագիր են ուղարկել՝  որպես վկա իրեն բաժին հրավիրելով:

Ասում է՝ քննիչ Բագրատ Ադամյանը 2015 թվականի դեկտեմբերի 22-ին նախօրոք պայմանավորվածություն է ստեղծել իր փաստաբան Հրանտ Ավետյանի հետ և իրեն հայտնել, որ քննչական կոմիտեն որոշել է  իրեն ձերբակալել: Ընդգծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքների դեպքում Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետը սահամանափակում է դնում քրեական գործ հարուցել առանց դիմում-բողոքի: Հարցնում է՝ ինչպե՞ս է այս պարագայում քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել, իսկ դատախազությունը փոխանակ գործը կարճելուն, դրա քննությունը վերահսկել:

Արմեն Գալստյանն ասում է՝ մի քանի անգամ դատախազություն նամակ է գրել` հայտնելով, որ փաստաբանի աշխատելաոճում հանցավոր դիտավորություններ է արձանագրել: Փաստաբանի և քննիչ Բագրատ Ադամյանի, իր գնահատմամբ՝ հանցավոր  համաձայնության մասին փաստեր և ձայնագրություններ է ուղարկել դատախազ Պողոսյանին, դրանց հիման վրա հրաժարվել փաստաբանի ծառայություններից: Իմանալով այս մասին, փաստաբանին օրեր անց կանչել են դատախազություն՝ գործը կարճելու միջնորդություն գրելու, որը Գալստյանի փոխանցմամբ՝ դեռ պետք է գրեր մեղադրանք առաջադրելու օրը:

Գնդապետը պնդում է՝ իրեն կանչել են քննչական կոմիտե և շանտաժի միջոցով գումար պահանջել այն ժամանակ, երբ կանխիկացրել և ստացել է խոշոր չափի գումար: Արմեն Գալստյանը պնդում է, որ իրենից շանտաժի, խաբեության, ընտանիքի անդամով վախեցնելով և ահաբեկելով շորթել են 100 հազար դոլար գումար:

Արմեն Գալստյանը նաև ունի ձայնագրություններ, որոնք արել է  իրավապահ մարմինների զանազան աշխատակիցների հետ իր հանդիպումների ընթացքում: Դրանք ներկայացրել է գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Պողոսյանին:

Դրանցից մի քանիսը փոխանցել է «Հետք»-ին։ Մեկը Գալստյանի զրույցն է քննիչ Բագրատ Ադամյանի հետ, որը կայացել է Քննչական կոմիտեի շենքում։ Ձայնագրության մի հատված սղագրում ենք, որտեղ քննիչը Աղվան Հովսեփյանի՝ Գալստյանի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը անվանում է «շոու»։ (Խոսակցության այդ հատվածը՝ 30 րոպեից)

Ա. Գալստյան- «Դու ինքդ ներկա էիր, տեսար Աղվան Գառնիկիչը հետս ո՞նց խոսաց»։

Բ. Ադամյան-«Ես կարամ, ասենք քեզի կեղծեմ»։

Ա. Գալստյան-«Չէ, տեսա՞ր, չէ, ոնց խոսաց»։

Բ. Ադամյան-«Էդ շոուները, եթե քո համար ա խորթ, Գալստյան ջան, մենք էնքան ենք տեսել»։

Ա. Գալստյան -«Ես չեմ ընդունում տենց բաները...»

Մյուս ձայնագրության 25-րդ րոպեից Գալստյանը Բագրատ Ադամյանին պատմում է, որ սեպտեմբերի 12-ին՝ հարցաքննվելուց երկու օր անց գնացել է քննիչ Արա Մկրտչյանի բնակարան։ Գնդապետը բազմիցս պնդել է՝ Արա Մկրտչյանի բնակարան է գնացել, գումար հանձնել, որպեսզի իրեն և որդուն չձերբակալեն, որից հետո մեկ տարի յոթ ամիս քննչական որևէ գործողություն չի արվել։ Արա Մկրտչյանին գումար հանձնելու մասին Արմեն Գալստյանը նաև հայտնել է այն ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ուղարկելով դիմում-բողոք։

Բացի ձայնագրություններից, Գալստյանը քանիցս դիմում-նամակներ է գրել Պողոսյանին և քննիչ Բագրատ Ադամյանին, ներկայացրել մանրամասներ՝ իր հանդեպ արվող խարդախությունների մասին: Սակայն, նրա փոխանցմամբ՝ դրանք մեկ տարի յոթ ամիս  անպատասխան են մնացել:

Արմեն Գալստյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված նամակի պատասխանում դատախազ Վ. Պողոսյանը հայտնել է, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության աշխատակիցների կամ փաստաբանի կողմից հանցագործություն կատարելու մասին որևէ տեղեկություն չի պարունակվում։ Գալստյանի խոսքով՝ փոխանակ քննիչների կողմից արված հանցագործությունների մասին իր ներկայացրած փաստերը ստուգելուն, քննիչը  իրեն հիշեցրել է Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության մասին:

Արմեն Գալստյանը նաև դատախազ Վ.Պողոսյանից պահանջում է իր՝ 2016 թվականի հուլիսի 4-ին այն ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղարկված  դիմում-բողոքում բարձրացված բոլոր հարցերին տալ հստակ պատասխաններ, որոնք մինչ օրս չի ստացել: (Կից ներկայացվում է այդ նամակը)

լուսանկարը՝ http://askislam.ir/index.php/category/islamic-laws/bribery/-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter