«Հայկական ժամանակ»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձը տուգանվեց
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը Երևանի Ավագանու ընտրությունների ժամանակ խոչընդոտելու առթիվ քրեական գործը:
Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Հայկ Հունանյանն իրեն մեղավոր էր ճանաչել և արագացված դատաքննություն պահանջել:
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանին միջնորդեց Հունանյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել և 6 ամիս ժամկետով ազատազրկումը, իսկ տուժող կողմի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը նշեց, որ կարևոր է պատասխանատվության անխուսափելիությունը, ոչ թե պատժի խստությունը:
Ամբաստանյալ Հունանյանը նշեց, որ զղջում է կատարածի համար, որ այլևս նման արարք թույլ չի տա:
«Հայցում եմ բոլորի ներողամտությունը, խնդրում եմ հնարավորինս մեղմ վերաբերվել»,- ասաց Հունանյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա մոտ տասը րոպե անց վերադառնալով հրապարակեց դատավճիռ՝ Հունանյանի նկատմամբ պատիժ սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթ հարյուրապատիկի չափով:
Քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Ըստ տուժող Խաչատրյանի ցուցմունքի՝ ինքն Ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, թիվ 64 դպրոցում, որտեղ գործել է թիվ 10/29 ընտրատեղամասը, տեսանկարահանում իրականացնելիս է եղել, երբ Հայկ Հունանյանը մոտեցել ու, ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, պահանջել է դադարեցնել տեսանկարահանումը: Ապա, ըստ Խաչատրյանի, Հունանյանը փորձել է իր ձեռքից վերցնել հեռախոսը, որով ինքը տեսանկարահանում է իրականացնելիս եղել:
Նախաքննության ընթացքում Հունանյանը չի ընդունել մեղադրանքը:
Մեկնաբանել