HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Մամուլում տրված մեկնաբանությունները համարում եմ սխալ»,-ՀՀ նախագահի նստավայրում ասել է Արտաշես Բիշարյանը

(Տես նաեւ` Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-3, Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-2 եւ Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-1

Մարտի 16-ին ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը «Կոռուպցիան դեղերի շուկայում» թեմայով քննարկում հրավիրեց: Ներկա էին ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ: Քննարկման ընթացքում խոսվեց նաեւ «Հետք»-ի մի քանի հրապարակումներում բարձրացված խնդիրների մասին` կապված մարդասիրական դեղերի բաշխման, դրանք ժամկետանց դարձնելու հետ եւ այլն:

Սակայն առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, անդրադառնալով մի շարք խնդիրների, այդ թվում` մարդասիրական դեղերին, ամեն ինչ բարդեց «օրենսդրական թերությունների» վրա:

Առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը, որը զբաղվում էր նաեւ մարդասիրական դեղերի ընդունմամբ եւ բաշխմամբ, ասաց հետեւյալը. «Օգնության դեղերի առումով Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են, դեղերի գերակշիռ տոկոսը գրանցված չէ, թեպետ որակի ստուգում անցնում են, պետք է աշխատենք ներկրել հնարավորինս երկար ժամկետ ունեցող դեղեր եւ հնարավորինս ճիշտ բաշխել դրանք»:

Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը Բիշարյանի այս կարճ խոսքից հետո դարձյալ անդրադարձավ մամուլում մարդասիրական դեղերի բաշխման վերաբերյալ հրապարակումներին` նշելով, որ այդ դեղերի բաշխման գործընթացը պետք է խիստ թափանցիկ լինի. «Միգուցե մարդասիրականի տակ եկող դեղը Հայաստանում դառնում է ապրա՞նք»,-հարցրեց Բ. Եսայանը:

Ա. Բիշարյանի պատասխանը հետեւյալն էր. «Մամուլում տրված մեկնաբանությունները համարում եմ սխալ, աղավաղված, դրա համար ոչինչ չեմ պատասխանում»: 

Այս քննարկումից ուղիղ երկու օր անց` մարտի 17-ին, ՀՀ գլխավոր դատախազության քննչական խումբը ՀՀ առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի բազայի վարչական շենքի կտուրում հայտնաբերել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի դեղորայք եւ բժշկական նյութեր, որոնք մուտքագրված չեն եղել:

ՀՀ գլխավոր դատախազի օգնական Հովիկ Հախվերդյանը դեպքի վայրում ներկա լրագրողներին ասաց, որ իրենք պետք է պարզեն, թե ինչու է բարեգործական նպատակների համար օգնության կարգով ստացված այդ դեղերի պիտանելիության ժամկետն անցել, եւ ինչու մինչ այդ դրանք չեն հասել հասցեատերերին: 

ՀՀ գլխավոր դատախազությունում այս դեպքի առթիվ արդեն հարուցված է քրեական գործ: Դեպքի վայր ժամանած Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը զարմացել էր այդտեղ լրագրողներ տեսնելով: Նա անակնկալի էր եկել եւ ասես խուճապի մեջ էր:

Նշենք նաեւ, որ մարդասիրական դեղերի բաշխմամբ ինչ-որ ժամանակահատվածում զբաղվել է նաեւ Թաթուլ Հակոբյանը: Հնարավոր է պարզվի, որ հայտնաբերված դեղերի մի մասն էլ հենց այդ ընթացքում է դարձել ժամկետանց:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter