HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական ծաղիկների պահանջարկը Ռուսաստանում մեծացել է

Հայաստանում ծաղիկների առևտուրը կտրուկ ակտիվանում է տոն օրերին՝ մարտի 8-ին, ապրիլի 7-ին, սեպտեմբերին 1-ին և այլն։ Մեծ ծավալով ծաղիկներ վաճառվում են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝  ապրիլի 24-ին։ 

Մեր փոքր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ներքին շուկայում գերիշխում են տեղական ծաղիկները։ Վերջին երկու տարիներին Հայաստանը կրճատել է ծաղկի ներմուծումը։ Փոխարենը զգալի աճ կա արտահանման մասով։ 

45 մլն  հատ ծաղիկ՝ մեկ տարում 

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականին Հայաստանում դաշտերի հողերում, ջերմոցներում և ջերմատներում հավաքված ծաղիկների քանակը կազմել է շուրջ 45 մլն հատ, 2015 -ին այն կազմել է  ավելի քան 34 մլն հատ, նախորդող տարիներին՝ 20 մլն հատի շրջանակներում է եղել։ 

Զուգահեռաբար Հայաստանը վերջին տարիներին արտահանում է  ավելի քան 10 մլն հատ ծաղիկ, ներմուծում՝ կես միլիոնից ավելի քիչ։ Սա նշանակում է, որ ներքին շուկայում ներմուծվող ծաղիկների կշիռն էական չէ։ 

Հայկական ծաղիկների պահանջարկը Ռուսաստանում մեծացել է 

Ընդհանուր առմամբ, վերջին երկու տարիներին Հայաստանից ծաղկի արտահանումը ավելանում է՝ ձեռք բերելով համեմատաբար էական ծավալներ։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մաքսային ծառայության հրապարակած ցանկից,  2016 թվականին Հայաստանից արտահանվել է  11.2 մլն հատ ծաղիկ (հատած ծաղիկներ և կոկոններ)՝ ընդհանուր 4.8 մլն դոլար մաքսային արժեքով։ Նախորդող տարվա համեմատ 65%-ով, իսկ արժեքը՝ 59%-ով։ 

Արտահանման կտրուկ աճ է գրանցվել 2015 թվականին։ Տեմպը պահպանվել է նաև նախորդ տարի։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալները դեռևս չեն հրապարակվել։ 

Ինֆոգրաֆիայի առաջին էջում արտահանումն է ըստ քանակի, երկրորդում՝ ըստ մաքսային արժեքի։ 

Հայաստանից արտահանված ծաղիկների ծավալները (2010-2016թթ.)
Infogram

Արտահանված հայկական ծաղիկների մեծ մասի գնորդը Ռուսաստանն է։ 2016 թվականին, ըստ քանակի, արտահանման 70%-ից ավելին բաժին է հասել այս երկրին։ Մնացյալը՝ հիմնականում Բելառուսին ու Վրաստանին։

2016   թվականին դեպի ՌԴ արտահանված հայկական ծաղիկների քանակն աճել է 78%-ով։ Մեծապես, հենց դեպի ՌԴ արտահանման աճի հաշվին է ավելացել ծաղիկների արտահանման ընդհանուր ցուցանիշը։ 

Նպաստել է նաև դեպի Վրաստան  ու Բելառուս արտահանման ավելացումը։ Չնայած ոչ մեծ ծավալներին՝ դեպի Վրաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է, դեպի Բելառուս՝ եռապատկվել։ 

Արտահանված ծաղիկների ոչ մեծ խումբ էլ Մաքսային ծառայությունը դասակարգում է  տոննայով։ Օրինակ, նախորդ տարի, բացի նշված 11.2 մլն հատը, արտահանվել է նաև  22.5  տոննա ծաղիկ և կոկոն՝ ընդհանուր 33 հազ. դոլարով։

Պետական եկամուտների կոմիտեից «Հետք»-ին տեղեկացրին, որ վերջին երկու տարիներին Հայաստնից ծաղիկ արտահանող հիմնական ընկերությունները յոթն են՝ «Էկոտոմատո»-ն, «Ավիա գիտ ագրո»-ն, «Գագ թրեյդ»-ը, «Արմյանսկիյ ուրաժայ»-ը, «Վարտ»-ը, «Էմ ընդ էր»-ն ու «Արտակ Ջանվելյան» ԱՁ-ն։

Նրանցից «Էկոտոմատո»-ն ու «Արմյանսկիյ ուրաժայ»-ը մի քանի անգամ հարկային արտոնություն են ստացել Կառավարության որոշմամբ։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի՝ «Արմյանսկիյ Ուրաժայ»-ի հիմնադիրներն են ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արման Ղարիբյանը և նրա եղբայր Աբել Ղարիբյանը։Ներկայում Արման Ղարիբյանը ընկերությունում իր անունով բաժնեմաս չունի։ Փոխարենը բաժնեմասերը պատկանում են նրա հարազատներին՝ Աբել, Արա և Մարկոս Ղարիբյաններին, ինչպես նաև՝ոմն Արմենակ Սանդոյանի։

Իսկ «Էկոտոմատո»-ն փոխկապակցված է «Արմյանսկիյ ուրաժայ»-ին։ Երկուսն էլ գտնվում են Գողթ համայնքում։

Մեր տեղեկություններով՝ արտահանման կազմում ամենամեծ բաժինը զբաղեցնում են հենց այս երկու ընկերությունները։

Ներմուծումը նվազել է 

Արտադրության ու արտահանման ծավալների աճին զուգահեռ՝ նվազում է ներմուծումը։ Եթե 2014  թվականին ներմուծվել է 560 հազ. հատ ծաղիկ, 2012-ին՝ ավելի քան 1 մլն հատ, ապա նախորդ տարի` 260 հազ. հատ։ 

Ինֆոգրաֆիայի առաջին էջում ներմուծումն է ըստ քանակի, երկրորդում՝ ըստ մաքսային արժեքի։ 

Հայաստան ներմուծված ծաղիկների ծավալները (2010-2016)
Infogram

Ներմուծվում է հիմնականում Էկվադորից, Վրաստանից ու Ռուսաստանից։ Ժամանակին ոչ մեծ քանակությամբ ներմուծվել է նաև Նիդերլանդներից ու Հունաստանից, իսկ այժմ՝ նաև Թուրքիայից, Թաիլանդից և այլ երկրներից։

Իսկ ներմուծող հիմնական կազմակերպությունները տասն են։ Նրանց շարքում առավել հայտնի են «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» -ն ու «Քեթրին գրուպ»-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter