Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հանրային պաշտպանները հրաժարվեցին առանց «Սասնա ծռերի» համաձայնությանը նրանց շահերը ներկայացնելուց



Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած արտագնա դատական նիստին այսօր չէր ներկայացել 6 պաշտպան՝ Ինեսսա Պետրոսյանը, Արա Ղարագյոզյանը, Լուսինե Սահակյանը, որոնք գտնվում են արձակուրդի մեջ, ինչպես նաև Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը և Հայկ Ալումյանը:

Վերջինս դատարան դիմում էր ուղարկել՝ հայտնելով, որ այսօր ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատարան:

Դատավորն արձանագրեց, որ ՊՊԾ-ի գործի մեկնարկից հետո արդեն յոթ դատական նիստ է տեղի ունեցել, որից միայն մեկին է Ալումյանը ներկայացել դատարան, սակայն դահլիճ չի մտել:

Ալումյանի պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանն այս պահին հեռացված է նիստերի դահլիճից: Հաշվի առնելով, որ, փաստորեն, դատական նիստին ներկա չեն ո՛չ պաշտպանը, և ո՛չ էլ ամբաստանյալ Բարսեղյանը, դատարանը որոշում էր կայացրել դատարանում Բարսեղյանի շահերը պաշտպանելու համար դիմել Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Բարսեղյանին հանրային պաշտպանով ապահովելու համար:

Հանրային պաշտպանի գրասենյակը Բարսեղյանի պաշտպանությունը լիազորել է Արմինե Ֆանյանին, ով այս գործով արդեն ներգրավված է որպես մեկ այլ ամբաստանյալի՝ Արմեն Բիլյանի պաշտպան:

Ֆանյանը դատարանին հայտնեց, որ իրեն գործուն ներգրավվելու համար պարտադիր է Սմբատ Բարսեղյանի համաձայնությունը, որից հետո դատարանը պահանջեց Բարսեղյանին դահլիճ բերել:

Մինչ ամբաստանյալին դահլիճ կբերեին, ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը դատավորին ասաց, որ Ալումյանը նախորդ դատական նիստին ներկայացել է՝ մասնակցելու նպատակով, սակայն նրան թույլ չեն տվել ներս մտնել:

«Նախորդ նիստին եկել էր, չեք թողել՝ ներս մտնի»,- ասաց Նազարյանը:

«Սեդրա՛կ, ես ներս թողող մարմին չեմ»,- արձագանքեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

«Դո՞ւք չեք էստեղի «շեֆը»,-շարունակեց Նազարյանը, և դատավորը ծիծաղելով պատասխանեց, որ «էնտեղ շեֆ չկա»:

Ապա ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը բերվեց դահլիճ: Վերջինս հայտարարեց, որ դատարանում իր շահերը պաշտպանում է միայն փաստաբան Հայկ Ալումյանը և հրաժարվեց այլ պաշտպանից:

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը մեջբերելով քրեական դատավարության օրենսգրքի, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  և ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթները նշեց, որ ինքը չի կարող ստանձնել Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը, քանի որ Բարսեղյանը նման ցանկություն չունի:

Փաստաբան Արա Զաքարյանն էլ դատարանին հիշեցրեց, որ անձը կարող է օգտնվել Հանրային պաշտպանի գրասենյակից միայն այն դեպքում, երբ  պաշտպան ունենալու ցանկություն ունի, բայց վճարունակ չէ:

«Նման պայմաններում ինձ համար անհասկանալի է, թե ինչու է դատավորը ցանկանում Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպաններին ներգրավել այս գործում»,- ասաց Արա Զաքարյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, նշեց, որ ղեկավարվելով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջով՝ պաշտպան Արմինե Ֆանյանին ներգրավում է որպես Սմբատ Բարսեղյանի պաշտպան:

69-րդ հոդվածի կետերից մեկի համաձայն՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե դատարանում ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան,  մեկ այլ հոդված  էլ սահմանում է, որ եթե առկա է վերը նշված հոդվածի պայմաններն, ապա դատարանը չի ընդունում  պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը, օրենքով սահմանված կարգով նշանակում է նոր պաշտպան կամ պահպանում ամբաստանյալի պաշտպանի լիազորությունները:

Արմինե Ֆանյանը, սակայն, հրաժարվեց դատարանում ներկայացնել Սմբատ Բարսեղյանի շահերը։ Պաշտպանը նշեց նաև, որ ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ Սմբատ Բարսեղյանն իր հետ գործի վերաբերյալ  մարտավարություն չի քննարկելու, ինքը  չի կարողանալու Բարսեղյանի շահերն արդյունավետ պաշտպանել, որն արդեն խախտում է:

«Ես Սմբատ Բարսեղյանի շահերը չեմ ներկայացնելու»,- հայտարարեց Ֆանյանը՝ ընդգծելով նաև, որ պայմանագրային և հանրային պաշտպանների միաժամանակ ներգրավվածությունը որպես ամբաստանյալի շահերի պաշտպան անթույլատրելի է:

Դատավորն, այնուամենայիվ, շարունակեց Ֆանյանին ասել, որ նա կարող է տեսակցել Սմբատ Բարսեղանին, քննարկել մարտավարություն և այլն:

Դատավորն այսօր նշեց, թե դահլիճից հեռացված ամբաստանյալներից ով որքան ժամանակ է արդեն բացակայում նիստից, որպեսզի դատավարության կողմերին պարզ լինի, թե  ամբաստանյալներից ում դահլիճ վերադարձալու ժամը երբ է լրանում:

Դատավորը որպես դատական ժամ հաշվարկել էր միայն այն ժամերը, երբ դատական նիստերի դահլիճում է դատական պրոցես տեղի ունենում, և արդյունքում պարզվեց, որ 7 դատական նիստերի ընթացքում, որոնք, հիշեցնենք, մեծամասամբ տևել են ժամը 11:00-ից մինչև 17:30-ը, դատարանը նիստերի դահլիճում անցկացրել է երկու ժամից մի փոքր ավել:

Հարություն Բաղդասարյանն այս հանգամանքը փաստեց՝ կարծիք հայտնելով, որ դա դատավորին պատիվ չի բերում, Արայիկ Պապիկյանն էլ ընդգծեց, որ դատավորի՝ շարունակ խորհրդակցական սենյակում անցկացրած ժամանակահատվածը ևս դատական պրոցեսի մաս է կազմում, հետևաբար պետք է այդ ժամանակը ևս հաշվարկել:

«Դուք խորհրդակցական սենյակ հանգստանալու համար չեք գնում»,- դատարանին դիմելով՝ ասաց Արայիկ Պապիկյանը:

Դատարանն այսօր մերժեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը՝  դահլիճից հեռացված բոլոր ամբաստանյալներին նիստին վերադարձնելու վերաբերյալ, ինչից հետո պաշտպաններից ոմանք լքեցին  նիստերի դահլիճը՝ պատճառաբանելով, որ իրենք լիազորված չեն առանց իրենց պաշտպանյալների ներկա գտվել դատական նիստին:

Դատավորը դահլիճից հեռացած պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառեց:

Ապա, հաշվի առնելով, որ Արեգ Կյուրեղյանի պաշտպաններից որևէ մեկը ևս  ներկա չի դատական նիստին, իսկ Կյուրեղյանը դահլիճից հեռացված է, դատավորը որոշեց հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանին ներգարվել որպես Կյուրեղյանի շահերի պաշտպան: Դատավորն այս անգամ ևս հաշվի չառավ հանգամանքը, որ  դահլիճ բերված Արեգ Կյուրեղյանը հրաժարվեց այլ պաշտպանից, իսկ  հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանը՝ Կյուրեղյանի շահերը ներկայացնելուց:

Դատարանի որոշումից հետո Սյուզաննա Խչեյանը լքեց նիստերի դահլիճը:  Ներկաները սկսեցին ծափահարել:

Դատավորն, ով տևական ժամանակ Խչեյանին զգուշացնում էր, որ արգելում է լքել նիստերի դահլիճը, հերթական անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ