HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդվի համայնքը պահանջում է մերժել «Միռամ» ընկերության հայտը Շեկաղբյուրի ոսկի- բազմամետաղային հանքերևակման վերաբերյալ

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը: Սույն թվականի օգոստոսի 2-ին համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանին:

Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի նախարարներ,

նորաստեղծ «Միռամ» հանքարդյունաբերական ընկերությունը մտադիր է Լոռու մարզի Արդվի համայնքի 146 հա  վարչական տարածքում` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել:

Սույն թվականի հուլիսի 26-ին Արդվու համայնքապետարանում նախատեսված էր  Շեկաղբյուրիոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի երկրորդ հանրային քննարկումը, մինչդեռ մեզ ոչ մեկ չի տեղեկացրել առաջին հանրային լսումների մասին և չի հարցրել մեր կարծիքը, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Առաջին հանրայինլսումները չեն անցկացվել, այլ տեղի է ունեցել հանդիպում «Միռամ» ընկերության, համայնքապետի և 4 հոգու միջև, որտեղ արձանագրության տակ ստորագրել է 5 հոգի:  Լսումների մասին ոչ մի հայտարարություն չի եղել, և մենք պնդում ենք, որ այդ հանդիպումը չի կարող համարվել հանրային լսումներ և հանրային լսումների մասին արձանագրությունը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ խախտվել է մեր` որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը` երաշխավորված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով:

Հուլիսի 26-ին` երկրորդ հանրային լսումների օրը, Արդվիի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել համայնք և հանրային լսումներ անցկացնել:

Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում է գտնվումգյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը և անասունների արոտավայրը:Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Հանքերևակման տարածքը անտառային հողեր են: Արդվու անտառներում կան դարավոր կաղնիներ ու հաճարենիներ: Հանքի տարածքում աշխատանքները կազդեն անտառի վրա: Արդյունքում մենք կզրկվենք, մաքուր ջրից և անտառից: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովհան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև Ռուսական կայսրության արիստոկրատ Քալաթարյանների տոհմային դամբարանը և Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է 1000-ավոր զբոսաշրջիկներով: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի համայնքը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Հանքարդյունաբերական այս նախագիծը կխոչընդոտի նաև այս կարևոր և կայուն «կանաչ» տնտեսական ծրագրի իրականացմանը:

Պահանջում ենք մերժել «Միռամ» ընկերության հայտը»:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

02.08.2017թ.

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ Կիրակոսյան
,,ՀԵՏՔ,, - ԻՆ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ! Հույս ունենանք որ հաց ուտող մարդու ձեռքը չի բարձրանա այդ պատմական գյուղն ավերելու եւ այդ աննման բնության անկյունը պղծելու համար - հատկապես որ այնտեղի ոսկու պաշարների մասին լուրերը խիստ չափազանցված են: Իսկ նա, ով գումարներ է դնում այդ անմիտ ու չար գործի վրա - շատ մեծ սխալ է կատարում: http://hetq.am/arm/news/80904/mer-oskin-mer-patmutyunn-e-ardvecinery-hanqatereri-araj-pakecin-tchanaparhy.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter