HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մարդասիրական դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-4

 2001-2002թթ. մարդասիրական ճանապարհով Հայաստան մուտք գործած դեղերից ժամկետանց են դարձել մոտ մեկ մլրդ դրամի դեղեր: 

2001թ. օգոստոսից մինչեւ 2002թ. նոյեմբեր մարդասիրական ճանապարհով Հայաստան առաքված դեղերի բաշխումը կատարել ՀՀ Առողջապահության նախարարությւան (ԱՆ) դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ է նշանակվել Արտաշես Բիշարյանը: 

Ժամկետանց դեղորայքի առաջացման պատճառը հիմնականում դեղի բիզնեսի տերերի գործունեության խթանումն է եղել, այսինքն` հումանիտար դեղորայքի բաշխումը միտումնավոր դանդաղեցվել է, որպեսզի բիզնեսը չտուժի:

Մարտի 23-ին «Առավոտ» օրաթերթը տպագրել է «Մեկնաբանություններն անհիմն են» վերնագրով մի նյութ, որտեղ Առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը պատասխանել է մեր, ինչպես ինքն է ասում, «մեղադրանքներին»:

Առնվազն տարօրինակ է, որ Ա. Բիշարյանի «մեկնաբանությունների» հրապարակումից հետո նա դեռ շարունակում է պաշտոնավարել: Նրա ներկայացրած «պատճառաբանությունների» հիման վրա դատախազությունն առնվազն պետք է նոր քննություն սկսի եւ քրեական նոր գործեր հարուցի ինչպես Ա. Բիշարյանի, այնպես էլ Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի դեմ:

Վարչության պետը նշել է դեղերի ժամկետանց դառնալու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները. «2001թ. մայիսին 113 չվերթով եկած օգնության դեղերը երկու ամսից ավելի պահվեցին մաքսակետում, որովհետեւ սխալ տեղեկություն էր ստացվել, թե դրանց մեջ առկա հոգեմետ դեղերը փորձ է արվում ներմուծել մաքսանենգ ճանապարհով։ Այդպես առանց այդ էլ կարճ ժամկետ ունեցող օգնության դեղերը, գործածության ժամանակը լրացած, մտան Հայաստան»,-նշել է Ա. Բիշարյանը:

Սա օբյեկտիվ պատճառն էր: Սա պարզապես իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ օգնության դեղերի մեջ չի եղել երկու ամիս ժամկետ ունեցող դեղ: Իսկ Ա. Բիշարյանի նշած հոգեմետ դեղերն ունեցել են մեկ տարի երկու ամիս ժամկետ: Այս հարցի պարզաբանումը կփորձենք ստանալ Միացյալ հայկական հիմնադրամի տնօրեն Հարութ Սասունյանից: Վերջինս խոստացել է պատասխանել իրեն ուղղված մեր հարցերին: 

Ա. Բիշարյանը նշել է նաեւ դեղերի ժամկետանց դառնալու սուբյեկտիվ պատճառը. «Երբ ես նշանակվեցի վարչության պետ, հենց սկզբից զգացի, որ կան կուտակված ժամկետանց դեղեր, որոնք, չգիտես ինչու, դեռ բաց էին թողնվում։ Ես ահազանգեցի նախարարին, նույնիսկ 6-7 զեկուցագիր եմ գրել, որ պետք է շտապ գույքագրում եւ ֆինանսատնտեսական գործունեության ստուգում անել։ Չարեցին, այնինչ մեր բացթողած թվերը մարդասիրական օգնության հանձնաժողովի պահեստում փոխվում էին՝ պակասում էին կամ ավելանում։ Նրանց հաշվետվությունները մեր թվերին չէին համապատասխանում։ Այս ամենի մասին ժամանակին զեկուցագրերով տեղեկացրել եմ ղեկավարությանը, ընթացք չեն տվել, իսկ հիմա ստացվում է՝ ե՞ս եմ մեղավորը»։

Պարզվում է, որ Հիպոկրատի երդում տված Արտաշես Բիշարյանը գիտեր, որ ժամկետանց դեղեր են տալիս բուժհիմնարկներին եւ դրա մասին տեղյակ է պահել ղեկավարությանը, սակայն ղեկավարությունը ոչինչ չի արել, իսկ ինքը չի փորձել կանխել այդ հանցագործությունը:

Իր օրոք շարունակվել է ժամկետանց դեղերի տրամադրումը հիվանդներին: Թե ինչու դատախազությունը մինչեւ հիմա չի փորձել պարզել, թե որ հիվանդներին են բաժանվել այդ դեղերը, հայտնի չէ: Գուցե դրանք ստանալով այդ հիվանդները մահացել են, կամ խորացել են նրանց հիվանդությունները:

Դեղերի ժամկետների մասին խոսելով` Ա. Բիշարյանը նշել է. «Մենք դեղերը ստանում ենք հիմնականում Ամերիկայից, իսկ ամերիկյան դեղերի 1-2%-ն է մեր շուկայում գրանցված։ Եվ մինչեւ բժիշկներին ծանոթացնում ենք, թե որը ինչի համար եւ ինչպես օգտագործել, դրանց առանց այդ էլ կարճատեւ ժամկետն ավարտվում է»։

Նշենք միայն, որ մինչեւ դեղերը ստանալը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը եւ Միացյալ հայկական հիմնադրամը երկուստեք համաձայնեցնում են, թե ինչպիսի դեղորայք է առաքվելու: Եղել են դեպքեր, երբ Առողջապահության նախարարությունը մերժել է այս կամ այն դեղի առաքումը:

Մենք հրապարակել էինք նաեւ մի փաստ այն մասին, որ Ա. Բիշարյանը 26 մլն դրամի մարդասիրական դեղ է հատկացրել Հրազդանի թիվ 2 պոլիկլինիկային, որը վաղուց օպտիմալացվել էր: Մի խոսքով` նման հիմնարկ այլեւս չկար: Ահա թե ինչ է պատասխանում Ա. Բիշարյանն այս կապակցությամբ. 

«Եթե պոլիկլինիկայի գլխավորը կնիքով ու լիազորագրով գալիս է դեղորայք ստանալու, իսկ ինձ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր չեն տեղեկացրել, որ այդ պոլիկլինիկան օպտիմալացվել է, ես ինչպե՞ս կարող եմ դեղ դուրս չգրել»:

Առողջապահության նախարարության այս պաշտոնյան շատ լավ գիտեր, որ այս պոլիկլինիկան օպտիմալացված էր (նա իր սեղանին ունի օպտիմալացված բուժհիմնարկների ցանկը), ավելին` այս պոլիկլինիկայի դեղերը ստացել է նրա առաջին կինը` Մելսիդա Գասպարյանը: Վերջինս այժմ կալանքի մեջ է եւ գտնվում է Աբովյանի կանանց գաղութում: Փաստորեն, այս կինը դարձել է Ա. Բիշարյանի զոհը: 

Ա. Բիշարյանի ավելորդ պատճառաբանությունները չեն ցրում կասկածները, որ մարդասիրական դեղերը միտումնավոր են դարձրել ժամկետանց: 

Մարդասիրական կենտրոնում ժամկետանց դարձած դեղերի ցանկը Հայաստան ներմուծված դեղերի ցանկի հետ համեմատելով՝ մի քանի ուշագրավ փաստեր ենք հայտնաբերել, որոնց կապակցությամբ Բիշարյանն, անշուշտ, դարձյալ կունենա իր անհեթեթ բացատրությունները: Ժամկետանց դեղերի մեջ էին «Դիլակոր 240 մգ N 500» դեղը (500 տուփ) 7,5 մլն դրամ արժողությամբ եւ «Դիլակոր 18 մգ N 100» դեղը (1943 տուփ) 3,4 մլն դրամ արժողությամբ: Պարզվում է, որ այդ ժամանակահատվածում այս դեղերը Հայաստան ներկրել է Ա. Բիշարյանի «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ-ն:

Մենք փորձում ենք պարզել, թե օգնության դեղերը ժամկետանց դարձնելու ընթացքում նույնանուն դեղերի մնացած մասը որ կազմակերպություններն են ներկրել Հայաստան: Եւ թե Ա. Բիշարյանի՝ օգնության դեղերը ժամկետանց դարձնելու եւ ներկրած դեղերը իրացնելու ջանքերը բացի իրենից էլ ում համար էին: 

Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից հայտնի է դարձել մեկ այլ փաստ եւս: Բիշարյանի ջանքերով ժամկետանց են դարձել ոչ միայն մարդասիրական ճանապարհով առաքված դեղերը, այլեւ Պետական գնումների գործակալության կողմից մեկ մլն դրամ արժողությամբ ձեռք բերված երեք տեսակի դեղեր: Դրանք տուբերկուլյոզով տառապող հիվանդների համար նախատեսված «Պիրազինամիդ» եւ «Լորազիպամ» ու «Մոդիտեն դեպո» հոգեմետ դեղերն են: 

Սոցիալապես անապահով հազարավոր ընտանիքներ դեղեր ձեռք բերելու դրամ չունեին, միեւնույն ժամանակ Առողջապահության նախարարության մարդասիրական կենտրոնում դեղերը դարձնում էին ժամկետանց: 

Մարդասիրական ճանապարհով 2001-2002թթ ներկրված ժամկետանց դարձած դեղերի ցանկ

Դեղի անվանումը                տուփ        արժեքը

Դիլակոր 240 մգ N 500        301,8       7,5 մլն դրամ

Դիլակոր 180 մգ N 100        1943       3,4 մլն դրամ

Ցեկլոր 500 մգ N 42            1058        26,5 մլն դրամ

Կեպրա 750 մգ N 120          835        54,2 մլն դրամ

Կլարիտին 10 մգ N 30         4348       9,2 մլն դրամ

Տրիկոր 134 մգ N 90           7176       304,3 մլն դրամ

Տրիմոքս 500 մգ N 500        1148      28, 7մլն դրամ

Զիտրոմաքս 25 մգ N 6        54000     200,2 մլն դրամ

Զոֆրան 24 մգ N 1              3938      54,8 մլն դրամ

Նապրելան 375 մգ N 100    2412      8,5 մլն դրամ

Ընդամենը                                        697,3 մլն դրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter