Կիրակի, 23 սեպտեմբերի

Հյուսիսային պողոտայի իրացումը լավ հաշվարկված չէր



Սառա Պետրոսյան
Սոնա Մաշուրյան 

Հյուսիսային պողոտայի իրացման գոտում գտնվող 72.000քմ տարածքից վաճառվելու է 32.000քմ, որի վաճառքից ստացած գումարով Երեւանի քաղաքապետարանը պետք է փոխհատուցի իրացման տարածքի բնակիչներին եւ կառուցապատի 40.000քմ տարածքը, այսինքն՝ Հյուսիսային պողոտան: Առաջին լոտը վաճառվել է 1քմ-ը 650 դոլար, որը ծրագիրն իրականացնողներն անսպասելի հաջողություն են համարել, սակայն...: Պողոտայի իրացման ակունքներում կանգնածները հայտնեցին, թե կանխատեսում էին ամեն ինչ, սակայն նկատի չէին առել, որ Հյուսիսային պողոտան Երեւան քաղաքի հողի գինը կտրուկ կբարձրացնի, կհանգեցնի ընդհանուր գույքի թանկացման: Այս երեւույթը նրանց գնահատմամբ, որպես մակրոտնտեսային շուկայի զարգացումներին նպաստող երեւույթ՝ դրական է, բայց բուն ծրագրի իրականացմանը խանգարեց: «Մենք չէինք մտածել, որ առաջին մասը թանկ իրացնելով, ետնամասի հին տների արժեքը նույնպես բարձրացնում ենք: Դրան ինչ-որ տեղ նպաստեցին նաեւ գույքի շուկան տնօրինողները՝ արհեստականորեն բարձրացնելով տների արժեքը»,-ասաց նրանցից մեկը չցանկանալով ներկայանալ ընթերցողին: 

 Ծրագիրն իրականացնողներն ընթացքում կանխատեսել են, որ գումարի դեֆիցիտ պիտի առաջանար եւ առաջացավ: Պատճառը նրանց ասելով այն էր, որ իրացման աշխատանքները տեւում էին 6 ամիս, այդ ընթացքում հողի արժեքը բարձրանում էր եւ դեֆիցիտը բնականաբար գնալով մեծանում էր: Իրացման տեւական ժամանակը նպաստեց նաեւ մարդկանց հոգեբանության փոփոխմանը, բնակիչներն սկսեցին վերանայել իրենց իրավունքները, դատարան դիմեցին, տարբեր տեսակի շահագրգռություններ ի հայտ եկան: Ծրագիրն իրականացնողները հավաստում են, որ իրենց համար գլոբալ խնդիրը բնակիչներին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն տալն էր, որպեսզի նրանք հնարավորինս գոհ հեռանային: Փոխհատուցում էին բնակարանով, սկզբում նաեւ հող է հատկացվել Կենտրոնում, սակայն, նրանց ասելով, դա աներեկայելի ֆինանսական կորուստների էր բերում: 

«Պետությունը չի կարող իր վրա վերցնել Հյուսիսային պողոտայի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդիրը, պետությունը սեփականատիրոջը փոխհատուցում է իր գույքի դիմաց: Բայց, քանի որ մենք բարոյապես պարտավոր ենք սոցիալական խնդիրը հաշվի առնել, այդ դեպքում պետությունը աջակցության գումար է տալիս մարդկանց՝ 30% խրախուսում»,- ասաց Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն առաջին իսկ օրից ղեկավարում է «Հյուսիսային պողոտայի» ծրագրի իրականացման աշխատանքները: Նրա ասելով, հանձնաժողովը կառավարությանն առաջարկեց փոփոխել փոխհատուցման կարգը: Սակայն, մինչեւ կառավարության նոր որոշումը՝ տարածքները չազատելու, գնային առաջարկի հետ համամիտ չլինելու պատճառաբանությամբ ԾԻԳ-ը բնակչությանը վտարելու պահանջով դիմեց դատարան: Փաստաբանները վկայում են, որ դատարանում գործերի նման արագընթաց «քննություն» չեն հիշում: Քաղաքացիներն անտեղյակ էին դատական հայցերի մասին կամ էլ արագընթաց քննությունների արդյունքում անկարող էին դատական պաշտպանություն իրականացնել, որին էլ հետեւեցին զանգվածային վտարումները:

Արագացված գնահատում, արագացված դատաքննություն, արագացված վտարում 

 «Հյուսիսային պողոտայի իրացումը պետք է ավարտեինք մինչեւ 2004թ.-ի վերջը: Յուրաքանչյուր լոտի իրացման համար հատկացվել էր 1 ամիս, սակայն հունվարի սկզբներին քաղաքապետը կարգադրեց 20 օրում ավարտել աշխատանքը, ավելի երկար աշխատել, նաեւ հանգստյան օրերին»,- ասաց «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի իրացման հարցերով փոխտնօրեն Ֆելիքս Աֆյանը: 

 Լոտերի իրացման ժամկետները կրճատելը, բնակչությանը հապճեպ վտարելու պահանջով դատարան դիմելը երկու հիմնական պատճառ ուներ՝ ֆինանսական դեֆիցիտը հնարավորինս մեղմելը, չնայած նրան, որ բնակչությանը փոխհատուցելուն էր նպատակաուղղված նաեւ Կասկադի հողերի վաճառքից ստացված գումարները: Մյուսը՝ ՀՀ նախագահը կառավարության նիստերից մեկի ժամանակ դժգոհելով աշխատանքի դանդաղ ընթացքից՝ 2003թ.-ի աշնանը իր հովանու տակ վերցրեց ծրագրի իրականացման հսկողությունը, որի հետ կապված ձեւավորվեց աշխատանքային հանձնախումբ՝ ՀՀ նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Հանձնախմբում ընդգրկված էին քաղաքապետը, Կադաստրի պետը, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը, ԾԻԳ-ի տնօրենը եւ թաղապետարանի ներկայացուցիչը: «Չանեին այդ բանը՝ ծրագիրը ձախողվում էր: Եկել էր մի պահ, որ առանձին քաղաքացիների եւ մարդկանց մի խմբի, որ շատ ավելին էր ուզում` հաջողվեց աղմուկ անել: Գործերը երկար ժամանակ պտտվում էին ԾԻԳ-Կադաստր-դատարան շրջապտույտում»,-հայտնեց ծրագիրն իրականացնողներից մեկը: 

 «Վերջին օրերին գլխապտույտ տեռոր է սկսվել բնակիչներիս հանդեպ: Մինչ այս՝ ով դուրս է եկել` բոլորը շատ բավարարված են եղել, իրենց ուզած բնակարանն են գնել եւ գոհ են հեռացել»,-ասաց Արամի 36 հասցեի բնակիչ Ռաֆիկ Մաթեւոսյանը: Նրա ասելով իրեն 54 հազար դոլար էին առաջարկել 100քմ-ի դիմաց, բայց` բանավոր: «Մեզ չեն ասել գումար եկեք ստացեք` դուրս եկեք, բայց ասում են, եթե հրաժարվում եք պայմանագիրը ստորագրելուց, ուրեմն խրախուսումից զրկվում եք: Առանց մեզ տեղյակ պահելու գործերը ուղարկեցին դատարան: ԾԻԳ-ն ամեն ինչ անում է, որպեսզի խրախուսումից զրկեն մեզ»: Ռ. Մաթեւոսյանի այս տեսակետը կիսում էին նաեւ տարածքի մյուս բնակիչները: «Մեզ գումար չեն առաջարկել: Սկզբից բոլ-բոլ տվին, իրենք մեջը օգտվելով: Իրենց խարդախություններն ունեցել են, գրել են` կիսվել: Թող պայմանագիր բերեին ասեին՝ կնքեք»,- հայտնեց Լալայանց 11 հասցեի բնակչուհի Լիդուշ Պողոսյանը: «Ես պայմանագիր չեմ ստորագրել, իմ տունը գնահատել են 2 տարի առաջ, 104քմ-ը 30 հազար դոլար են գնահատել, 10քմ էլ չեն գրել, որ օրինական իմ նախագծի մեջ է մտնում»,- ասաց նույն բակի բնակիչ Գառնիկ Միրզոյանը: 

 «Բոլորին գնային առաջարկը տարել ենք, քաղաքացին չի համաձայնել առաջարկված գնային տարբերակին, արձանագրություն են կազմում, բոլորը ստորագրել են հետո է ներկայացվել դատական հայցը: Միշտ գնացել են 2-3 հոգով, որպեսզի այլ տրամադրություններ չլինեն»,- պնդում է ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ պրն. Աֆյանը: Ասվածին ի պատասխան նշենք, որ օրինակ` ըստ դատական գործում եղած փաստաթղթերի, ԾԻԳ-ը Ռ. Մաթեւոսյանին գնային առաջարկով դիմել է հոկտեմբերի 1-ին, այն դեպքում, երբ տան գնահատման ակտը կազմվել է հոկտեմբերի 6-ին: Հետեւաբար առաջարկված գնային տարբերակը չընդունելու եւ արձանագրության իսկության մասին խոսք լինել չի կարող, որը ԾԻԳ-ին հիմք տար վտարելու պահանջ ներկայացնել դատարանին: 

 Նարեկ Սարգսյանը համաձայնեց մեզ հետ, որ ի վերջո տարածքների իրացման ժամկետների կրճատումը բնակչությանը խրախուսումից զրկելու խնդիր ուներ, որով թերեւս փորձում էին փակել առաջացած գումարային դեֆիցիտը, սակայն հանդիպելով լուրջ դիմադրության՝ տեղի տվեցին: «Դատական ատյաններին, իրոք շատ դեպքերում հապճեպ ներկայացնելը, արագորեն խրախուսումից զրկելը, ժամկետների խիստ կրճատումը, համենայնդեպս ԾԻԳ-ը չոր վարչարարական մոտեցում էր ցուցաբերել»,- ասաց նա:

 Նոր որոշումն առավել բորբոքեց դժգոհ բնակիչներին 

 Անհամաձայնությունների ալիքը գագաթնակետին հասավ հունվարի վերջին: Հունվարի 29-ին ընդունած որոշումով կառավարությունը փոփոխեց բնակչությանը փոխհատուցելու կարգը՝ ոչ թե բնակարան, այլ գումարային փոխհատուցում կամ բնակարան, բայց առաջարկվող փոխհատուցման գնի սահմաններում: Միաժամանակ, Կառավարությունը 1մլդ գումար հատկացրեց առաջացած ֆինանսական դեֆիցիտը փակելու համար: 

 Հանրության ճնշման արդյունքում փետրվարի 10-ին ձեւավորվեց նոր հանձնաժողով Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ` դիմում-բողոքներին ծանոթանալու եւ ԾԻԳ-ի աշխատանքների վիճակը գնահատելու համար: Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ժամանակավորապես կասեցվեցին դատական պրոցեսները, բոլորի խրախուսման ֆոնդը վերականգնվեց եւ որոշակի ժամանակային պայմաններ դրվեցին: «Իրացումը չվերածենք վտարման: Պետք է նորմալ փոխհատուցում լինի, որպեսզի մարդիկ դժկամությամբ չհեռանան»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Հանձնաժողովի նախագահը աշխատանքի ավարտին հայտնեց, թե կարծում բնակիչները լիարժեք բավարարված են, իսկ ովքեր բավարարված չէին փոխհատուցման չափից, բայց հասկանում էին ծրագրի նշանակութունը եւ խնդրի հրատապությունը՝ եւս պայմանագրեր կնքեցին: Կան ընտանիքներ, որոնց հետ դատական կարգով հարցը կլուծվի: Պրն. Սարգսյանի ասելով՝ մինչեւ 20 հոգի: ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Ֆելիքս Աֆյանը կարծում է, որ պայմանագիր կնքելու հարցում իրականում մեծ դեր ուներ կառավարության վերջին որոշումը: «Կառավարության նոր որոշումը ավելի հստակեցրեց փոխհատուցման կարգը եւ մեզ համար հեշտ է աշխատելը: Այս նոր որոշումը, եթե լիներ մեր ձեռքի տակ, մենք էլ վերջին հաշվով պայմանագիրը կնքելու էինք»: 

 Ծրագիրն իրականացնողները կարծում են, որ ճիշտն այն կլիներ, եթե ի սկզբանե վարկային միջոցներ գտնեին, իրացնեին ամբողջ տարածքը՝ լոտերի բաժանելով աճուրդի հանեին: Այդ դեպքում միանշանակ շահած դուրս կգային: Ընդունում են, որ լոտերի իրացումը լավ հաշվարկված չէր եւ շատ մեծ շտկումների կարիք կար: Կառավարության որոշումով փոխվեց նաեւ լոտերի իրացման կարգը. աճուրդային վաճառքը փոխարինվեց ուղիղ բանակցությունների, քանի որ, ինչպես պրն. Սարգսյանը հայտնեց, հենց աճուրդները բերեցին այս դժվարություններին, անկանխատեսելի թանկացումներ եղան: Նրա ասելով, ուղիղ բանակցությունները թույլ են տալիս տվյալ լոտի գինը, նրա վրա արվող ծախսերը ձեւավորել տասնյակ մարդկանց հետ բանակցելու արդյունքում, նաեւ գնորդին պարտավորվում է հարակից տարածքների բարեկարգումը, լուսավորությունը իրականացնել, ֆինանսապես օգնել ԾԻԳ-ին եւ այլն: «Ուղիղ բանակցությունները հնարավորություն տվեցին փոխելու վիճակը»:

Բոլորը հնարավորինս շատ են ուզում օգտվել 

 Միանգամայն բնական այս մոտեցումը ոչ միայն բնակիչներն են որդեգրել, այլեւ իրացնողները: Այդ են հաստատում մասնավորապես ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները: Փետրվարի 4-ի երեկոյան աշխատանքից ազատվեց «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Բայբուրտյանը: Քաղաքապետը լուծարեց ԾԻԳ-ի հանձնաժողովը եւ նոր հանձնաժողով ձեւավորեց: «Մեր տնօրենը շատ նյարդայնացած էր, ես չգիտեմ նրան ազատեցին, թե ինքն ազատվեց, բայց ես գիտեմ, որ ֆիզիկապես հնարավոր չէր, որ նա այլեւս աշխատեր: Ս. Բայբուրտյանին ճանաչողները նրան բնութագրում են իբրեւ պրոֆեսիոնալ, ազնիվ ու զգուշավոր մարդու: Տեղեկացանք, որ վերջինս մեկ անգամ դիմել էր տնօրենի պաշտոնից ազատվելու համար եւ մերժվել էր: 

 Այնուամենայնիվ ղեկավար անձանցից ոչ ոք չբացառեց «առանձին մարդկանց կողմից առանձին դեպքերում անարդար մոտեցումը»: Բացի թերեւս, ԾԻԳ-ի փոխտնօրեն Ֆելիքս Աֆյանից, որը բացառում է անարդար մոտեցումը. «Հանձնաժողովը մանրակրկիտ նայում է բոլոր գործերը, լսում գնահատողի բացատրությունները: Չի եղել, որ միանձնյա մեկը որոշում կայացնի»: Ն. Սարգսյանն այդ հարցին հետեւյալ պատասխանը տվեց. «ԾԻԳ-ում, եթե կային ոչ պարկեշտ մարդիկ՝ նրանց դաշտը մաքրվեց: ԾԻԳ-ն ընդամենը պայմանագիրը պետք է ձեւավորեր, նա այլեւս գին չի որոշում, բայց ինչպես միշտ, ցանկացած պետական ատյանում ԺԵԿ-ի հոգեբանությունը կա, քաշքշուկներ եւ այլն, դրանից ձերբազատվելը հեշտ չի լինի»: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի ասելով, մարդկանց հետ երկխոսություն չտանելը ծրագրի նկատմամբ անվստահության շատ լուրջ պատճառ էր եւ իր գլխավորած հանձնաժողովի խնդիրը մարդկանց մոտ վստահության դաշտ ստեղծելն էր: 

 Ծրագիրն իրականացնողները պնդում են, թե փոխհատուցման ժամանակ գոհ լինել հասկացություն չի կարող լինել, մանավանդ հայ իրականության մեջ: Ն. Սարգսյանը նույնպես, իբրեւ ԾԻԳ-ին կից գործող հանձնաժողովի նախագահ այդ համոզման է՝ կան անհիմն պահանջներ եւ հիմնավորված: «Մենք տեսել ենք խիստ մտավորական մարդկանց, որոնք ոչ մի քայլի չեն դիմել, տեսել ենք մարդիկ, որոնք բնակարան են ստացել, նորից գրանցվել, մարդկանց են գրանցել եւ այլն, ամեն ինչը կա»,- ասաց պրն. Սարգսյանը: «Համոզված եմ, որ այսօր էլ տրվում է ավելի շատ, քան իրենց պետք է, պարզապես մեկի հասկացողությունը թույլ է տալիս գնահատելու, թե ինչ ուներ եւ ինչի տեր դարձավ, մյուսինը՝ ոչ»,- ծրագիրն իրականացնող մի պաշտոնյա ավելացնելով, որ բնակիչները 1,5-2 անգամ շահեցին այս ծրագրով: ԾԻԳ-ի անդամները կարծում են, որ բնակիչները ոչ թե դժգոհ են փոխհատուցման նոր կարգից, այլ դժգոհ են համեմատության մեջ՝ մյուսներին տրված փոխհատուցումից: «Դժգոհում են, որ 20քմ համար նրանց տունը գնահատել էին 15 հազար դոլար, նա 60 հազար դոլար ստացավ: 60 հազար դոլար չստացավ, 60 հազարով նրանց համար 2 բնակարան գնվեց»,-շեշտեց պրն. Աֆյանը: 

 - Ինչ տարբերություն գումարն ստացավ, թե բնակարան այդ արժեքով: 

 -Այն ժամանակ բնակարան գնելու թույլտվություն կար եւ թաղապետարանն է եղել գնորդը ի սկզբանե, ամեն ինչը պատրաստում էին՝ բերում ԾԻԳ-ի տնօրենի հետ համաձայնեցնում: Երկու բնակարան գնելու դեպքում ընտրության հնարավորություն էր տրված նրանց: 

 «Ղեկավարվում էինք կառավարության որոշմամբ, որի կետերից մեկը մարդկանց բնակարանով ապահովելն էր՝ սեփականատերերը քաղաքի կենտրոնում, իսկ օգտագործողներին՝ վարչական տարածքում: «Գնային փոխհատուցումը խրախուսման հետ համատեղ տալիս էինք եւ գոհ էր: Այն մարդիկ, որոնց գույքը փոքր էր, բայց այնտեղ մեծ թվով մարդիկ էին բնակվում ընտրում էին բնակարանային տարբերակը»: Որոշված էր սեփականատիրոջը իր գույքի արժեքը տալ, օգտագործողներին՝ անձին 3500 դոլար, այսինքն՝ 2000 դոլար+ օժանդակություն, իսկ միայնակ մարդկանց տալ 2000+ 4000, որպեսզի կարողանան ինչ-որ բան գնել: Աբովյան 1/2 բակի բնակիչներից շատերը ներկայումս հրաժարվում են տարածքն ազատել, չնայած նրանց զգուշացված է մինչեւ ապրիլի 1-ը ազատել տարածքները: «Այս տանը 3 ընտանիք ենք գրանցված, մեզ 3 բնակարան պետք է տան: Նրանք մեզ 30 հազար դոլար են առաջարկում, որով քաղաքի կենտրոնում չենք կարող բնակարան գնել»,-ասում է Արմենուհին: «Մեր տարածքը 98քմ՝ 38 հազար են վճարում, մենք 7 շունչ ենք նաեւ աղջիկս է մեզ մոտ գրանցված, թեպետ ամուսնացած է եւ այստեղ չի ապրում: Հույսը այս տներն են»,- ասաց Նազիկ անունով մի կին: Կամ թող ինձ տան իմ ունեցած տարածքի չափով բնակարան քաղաքի կենտրոնում»: «115քմ-ի համար 42 հազար են տալիս, նրանց տված գումարով քաղաքի կենտրոնում 3 սենյականոց բնակարան չեմ կարող առնել, իսկ ծայրամաս չեմ գնալու»,-հայտնեց նույն բակի բնակիչներից Անահիտ Բանդուկանյանը: «Բնակիչները 80 տարի գիտեին, որ տարածքն իրացվելու է եւ հոգեբանորեն մտածել են, որ դրանով բոլոր հարցերը կլուծեն»,-հայտնեց քաղաքի գլխավոր ճարտարապետը՝ բնակիչների հետ շփումների արդյունքում գնահատելով նրանց հիմնական դժգոհությունը: Հայտնեց, որ անձամբ իր համար խիստ ցանկալի է կենտրոնի բնակչին կենտրոնում պահելը: «Բոլոր նրանք, որոնք մայրաքաղաքային կուլտուրա չունեն՝ հետեւանքները քաղաքի վրա խիստ զգացվում է»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ