HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում 2015թ-ին կատարված մոր եւ աղջկա սպանությունը մնում է չբացահայտված. գործը կասեցված է

Գյումրու Տեքստիլագործների Մհեր Մկրտչյան փողոցի 39ա հասցեի եռահարկ շենքի բնակարաններից մեկում 2015թ-ի ապրիլին տեղի ունեցած սպանության աղմկահարույց գործն առ այսօր բացահայտված չէ: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ քրեական գործը կասեցվել է, քանի որ այդպես էլ հնարավոր չի եղել պարզել Ալվարդ Շահումյանի (ծնված 1964 թ-ին) եւ Քնարիկ Շահումյանի (ծնված 1926թ-ին) բնակարանի վրա ավազակային հարձակում կատարած ու տանտերերին կյանքից զրկած հանցագործի կամ հանցագործների ինքնությունը:

«Գործը փակված չէ, ընդամենը կասեցված է եւ այս ընթացքում մենք շարունակում ենք կատարել օպերատիվ հետախուզական աշխատանքները,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դատախազ Կարեն Գաբրիելյանը,-եթե գործը չի բացահայտվում, դա չի նշանակում, որ քննչական մարմինը թերանում է: Քրեական դատավարության օրենսգիրքը մեզ թույլատրում է անգամ կասեցված վիճակում կատարել քննչական գործողություններ»:  

Լրագրողներին հետաքրքրում էր, արդյո՞ք նույն ճակատագիրը չի սպասվում այս տարվա մայիսի 18-ին Կամո փողոցի 71ա շենքում առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպքին, որը նույնպես ուղեկցվել էր ավազակային հարձակմամբ եւ ձեռագրի առումով շատ դեպքերում նույնացվում է Շահումյանների սպանության հետ: Հիշեցնենք, որ ահազանգը Գյումրի քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատը ստացել էր կեսգիշերն անց: Հասնելով նշված հասցե՝ հայտնաբերել էր 1990 թ-ին ծնված Արթուր Հարությունյանի դին՝ բռնության հետքերով: Ինչպես եւ Շահումյանները(հայտնի են եղել, որպես տոկոսով գումար տվողներ), Արթուր Հարությունյանի մայրը եւս տոկոսով գումար է տվել: «Արթուր Հարությունյանի սպանության գործը դեռեւս նախաքննության փուլում է եւ դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա»,-նկատեց Կարեն Գաբրիելյանը:

Նախկին քաղաքապետ, ներկայում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ, այս տարվա մայիսին գազալցակայանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի  առնչությամբ թեեւ հարուցվել է քրեական գործ, սակայն որպես մեղադրյալ ներգրավված, ձերբակալված անձ չկա:  «Ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, սակայն չունենք այնպիսի ապացույցներ, որոնք կվկայեն, որ  որեւիցե անձ կատարել է  հանցագործություն»,-պարզաբանեց դատախազը:

Խոսելով անցած 6 ամիսներին մարզում կատարված հանցագործությունների եւ բացահայտված դեպքերի մասին, դատախազը նշեց, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նկատվել է հանցագործությունների թվի աճ: Այս տարի գրանցվել է հանցագործության 632 դեպք անցած տարվա 544 դեպքի համեմատ: Չնայած սրան, բացահայտումների առումով եւս գրանցել է դրական տեղաշարժ՝ անցած տարվա 87 տոկոսի համեմատ այս տարի քրեական գործերի բացահայտման ցուցանիշը բարելավվել է՝ 88,4 տոկոս:

Ի տարբերություն Վարդան Ղուկասյանի որդու սարքած ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործի, բավական օպերատիվ բացահայտումներ են կատարվել այս տարվա հունիս ամսին շախմատի դպրոցի մոտ երկու անձի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի եւ «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի հարեւանությամբ հնչած կրակոցների դեպքերով հարուցված քրեական գործերում:

«Շախմատի դպրոցի մոտ հնչած կրակոցների հետ կապված կա հարուցված քրեական գործ, ունենք նաեւ որպես մեղադրյալ ներգրավված անձ: ՀՀ քրեական օրենսգքրի 316 եւ  258 հոդվածներով է մեղադրանքն առաջադրվել: Այս պահին ցուցում կա քննիչին, որ գործն ուղարկի դատարան,-հայտնեց Կարեն Գաբրիելյանը,- ինչ վերաբերում է սրճարանի դիմաց կատարված դեպքին՝ ունենք որպես մեղադրյալ ներգրավված մի քանի անձ, ընդ որում, նրանցից երկուսը կալանքի տակ են, իսկ մեկը գտնվում է հետախուզման մեջ»:

Դատախազի փոխանցմամբ շատացել են տնտեսական հանցագործությունները: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաեւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը: Ըստ Կարեն Գաբրիելյանի, այս տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 217 հանցագործություն անցած տարվա 195-ի դիմաց: Որպես մեղմացնող հանգամանք, դատախազը նշում է այս տեսակի հանցագործությունների մասով բացահայտումների բարձր ցուցանիշը՝ մոտավորապես 94 տոկոս:

Պակասել են այսպես կոչված «բենզինիստների» վերաբերյալ քրեական գործերը: Այս տարի բենզինի խառնուրդից ստացված թմրամիջոցի օգտագործման ընդամենը մեկ դեպք է հայտնաբերվել: Նվազել են նաեւ մարմնական ծանր վնասվածք հասցնելու դեպքերը: Եթե անցած տարի այս նույն ժամանակահատվածում գրանցվել է 15 դեպք, ապա անցած 6 ամիսների ընթացքում թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով 2-ի: Ընդ որում երկու դեպքն էլ բացահայտված են: Դրա փոխարեն պոռնկության դրդելու եւ կավատության դեպքերն են ավելացել: Եթե անցած տարի գրանցվել էր 2 դեպք, ապա այս տարի թիվը կրկնապատկվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter