HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Սամվել Թադեւոսյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Սամվել Թադեւոսյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Նա միտք է, իսկ միտքը պետք է արտահայտվի․ ինքն ընտրել է արտահայտվելու կատարողական ձեւը․․․ Կատարողական։ Այսինքն՝ մտքի էներգիան նա սպառում է կատարելով, իսկ այդ կատարումը, երբ հասանելի է դիմացինին, ապրեցնում է նրան․ ուղղակի խոսքն ապրեցնել չի կարող։ Նա միտք պարզաբանողն է, ինքն իրեն ճանաչելի դարձնողը․․․ Ու իրեն ճանաչելով՝ այդպես կխախտի տիեզերքը՝ կոդերը։

Ինքը չի սիրում հարցազրույց տալ, որովհետեւ կարդալուց հետո, մեծ հաշվով, հերքում է այն ամենը, ինչ այդտեղ կար, որովհետեւ չգիտի՝ ում համար է պատասխանում։

Ինքը չգիտի՝ ինչու, բայց գիտի, որ հնարավոր ուզածը լինելու է․․․

Չի ընդունում ստատուսային մարդու տեսակը, թքած ունի դիրքի հետ հաշվի նստելու նախապայմանների վրա․ էթիկետի կամ սահմանափակման խնդիրը միշտ վերլուծում է՝ արդյոք դա անհրաժեշտ է, բայց ունի ցանկությունը դիմացինին լսելու, հասկանալու տեսակի բովանդակությունը։

Շատ է կարեւորում երաժշտությունը։ Ամեն ինչ երաժշտություն է։ Ամեն երկրորդ քայլից հետո հերքում է առաջինը։ Ու դրանից հաճույք է ստանում, որովհետեւ այդ հերքումներն իրեն տանում են լինելիության ու գործողության գիտակցությանը։ Իր համար սարսափելի է տեղում դոփելը։

Ժամանակը, ընթացքը էլեկտրական աստիճաններ են՝ վերեւ կամ ներքեւ գնացող։ Այդ աստիճանների վրա կան երեք տեսակի մարդիկ․ առաջինները կանգնած են, ենթարկվում են աստիճանի ընթացքին, կա երկրորդ տեսակը, ով քայլում է ընթացքի մեջ, իսկ երրորդը վազում է․․․ Սա վազում է։ Ինքը վազում է․․․ Շատ անսպասելի տարօրինակ մարդ է, գիտե՞ս։ Տե՛ս՝ իրեն ճանաչում եմ այնքանով, ինչքանով թույլ է տալիս, բայց կարող եմ հստակ ասել՝ երկու բան է կրում՝ անհատականություն ու էություն։ Մեծ հաշվով իր կռիվը անհատականության հետ է, էությունը կա․․․

Եվ ընդհանուր առմամբ․․․ Մարդկությունն ի՞նչ է ուզում․ բոլորը վազքի մեջ են, գիտե՞ս՝ միայն մի շարժառիթի համար՝ մահվան։ Մարդը գիտի, որ մեռնելու է, ու հենց դա է դառնում իր կիրքը։ Լուծումը կլինի անմահությունը, այսինքն՝ անհնարինը։ Անմահությունը՝  անհնարինը։ Մարդը կբավարարվի հենց անմահություն շնորհեն իրեն, կասի՝ «վերջապե՜ս» ու տեղում կմեռնի, կդառնա կենդանի դիակ։ Երբ որ մահը գալիս է, մենք չկանք, երբ որ ես չկամ, ինքը՝ կա։ Մենք չենք առերեսվում մահվանը։ Ես կամ, ինքը չկա։ Էլ ինչի՞ց վախենալ․․․

Ի՞նչ հարց ես ակնկալում լսել, որը մինչ այսօր չի տրվել։

Հարց չեմ ակնկալում։ Անկեղծ պատասխան եմ ակնկալում ինձնից, որը սովորաբար չի տրվում։ Ես զգում եմ, որ պատասխան եմ տալիս ու հենց այդ պահին ինձ մերժում եմ։

Ի՞նչն է սպառվում Հայաստանում։

Սպառվու՞մ․․․ Բարդ հարց է։ Սպառվում։ Ուզում եմ ձեւակերպել․ հավատն է սպառվում։ Ը՜մ, չէ, սպասիր, թող այս հարցին վերջում պատասխանեմ, վերլուծել է պետք։

Երկու փողոց կա, որտեղ քեզ շատ եմ տեսնում՝ Սայաթ-Նովան ու Արշակունյացը։ Կամ, եթե նույնիսկ չեմ տեսնում, գիտեմ, որ այդ հատվածներում ես։ Ներքաղաքային մասշտաբի մեջ ի՞նչ տարբերություններ են կրում այս փողոցները։

Տարբերվում են հոտով, ասֆալտի գույնով, քամիով, ձայներով։ Համն է տարբեր նույնիսկ։ «Յոնջլախն» ու Սայաթ-Նովան երկու տարբեր մոլորակներ են, բայց հնարավոր է՝ օրվա մի ժամի տեղերով նույնիսկ փոխվեն (այսպես կարող եմ մոտենալ սպառվելու հարցին․ գուցե օրինաչափությունն է սպառվել․․․ Դեռ սպասիր, մտածում եմ)։

Ուշ գիշերով եմ քայլում Արշակունյացով․ գնում եմ տուն։ Մի սուբստանցիայից տեղափոխվում եմ մեկ այլ սուբստանցիա։ Սայաթ-Նովան անմիջական ձեւով կապված է ստեղծագործելու ընթացքին (այդտեղ է գտնվում թատրոնը)։ Ու այդ հատվածն ինձ համար շատ քաղաքային է, ուրիշ մթնոլորտ կա։ Հա՜, Երեւանն է․․․ Հարյուր տոկոս։

Բայց ինչ չափի խորություն, որ ունի Սայաթ-Նովան, նույն չափի խորություն ունի նաեւ Արշակունյացը․ մի տեղ կան հին «յոնջլախցիներ», մյուսում՝ հին կենտրոնցիներ։ Ես «Յոնջլախում» եմ մեծացել, այդ մշակույթն եմ կրել, տեղի հարաբերությունների մեջ եմ եղել, վեճերի մեջ եմ ընկել, ինձ չեն հասկացել, ընկերներ եմ ունեցել․․․ Դերասանի համար շատ կարեւոր մի բան․ երբ ունես բազա, էմոցիոնալ հիշողություն ու հիմա կարող ես հավասար քայլել Արշակունյացով ու Սայաթ-Նովայով․․․ Հավասար։

Տե՛ս եկավ մերժման պահը։ Երկուսն էլ մի կողմ․ մի անգամ Էրեբունի մասիվի տներից մեկում եմ գիշերել, որտեղ թքած ունեի տեղի վրա․ ինձ դուր էր գալիս լռությունը, ես չէի մտածում քաղաքային մշակույթի մասին, այդտեղ ոչինչ չկար․․ Այսինքն զուտ պայմանականությունն է այս համեմատության հիմքում․ ես որտեղ եմ, որ քաղաքում եմ, որ ծակում եմ․ ի՞նչ կապ ունի։

Թատրոնը պայմանականություն չի՞ ենթադրում։

Ենթադրում է, բա ի՞նչ․․․

Կինո՞ն։

Կինո՞ն․․․ Միակ արվեստի ձեւն է, որը խախտում է ժամանակը։ Պայմանականությունն է խախտում։

Թատրոնի պայմանականության մեջ ինչու՞ կաս (ասում ես՝ կինոն է խախտում ժամանակը)։

Թատրոնն ինձ համար հիման է։ Ես այսօր կամ, վաղը չկամ, մյուս օրը կամ, այն մյուս օրը չկամ, այլ մի օր հաստատ չի, որ կլինեմ, որովհետեւ հիմա եմ․․․ Ամեն կերպ փորձում եմ հասնել դրան՝ իմ ներկա լինելուն։ Ներկայությունն առկա է թատրոնում՝ իր պայմանականություններով։

Դրա համար թատրոնն ամենաժամանակակից արվեստն է, ոնց որ ճարտարապետությունը, որը տվյալ երկրի լեզվամտածողությունն է ձեւի մեջ։ Հին թատրոն. դա ի՞նչ է։ Չկա՛ հին թատրոն․ այն հիմա է։

Հասկանու՞մ ես՝ դու պետք է տեքստն այնքան ասես, որ դառնա թուքդ, մերկանաս մինչեւ վերջ, որովհետեւ դու կրիչ ես։ Դերասանն ամենաարխայիկ «ֆլեշկան» է, կրիչը։ Լցվում է ու ցույց է տալիս։

Մոնոներկայացումը՝ «Էգոիստը», երբ արեցիր (որտեղ ռեժիսորը դու էիր, դերասանը դու էիր, լուսային էֆֆեկտները դու էիր որոշել), մտածեցի, որ ռեժիսորների հետ դժվարանում ես աշխատել։

Դժվարանու՞մ էի։ Չէ՛։ Հենց այդ ժամանակ շատ չարացած էի մի ռեժիսորի վրա, որովհետեւ ինքը վերցրեց ու ոչինչ չտվեց։ Ինքը տվեց փող, որի վրա թքած ունեի։ Ատում էի այն տասը ներկայացումների ընթացքը, որոնք խաղացի։ Ես պատրաստ էի գնալ պատ ներկել տասը օր, բայց էշությունը չխաղայի, որովհետեւ այդ պայամանականության մեջ այնքան սուտ կար, այնքան զզվելի էր․․․

Մոնոներկայացումն արեցի ինքս ինձ ապացուցելու համար, որ առանց ստերի կարող եմ։ «Էգոիստը» հիմա չեմ խաղում եւ չեմ խաղալու, որովհետեւ նման էր մի բանի, որը իմ մաղձից էր առաջացել։ Արեցի։ Հիմա հետ տվածս նորից չեմ ուտի։ 

Ես վախկոտ ռեժիսոր չեմ սիրում, ես չեմ սիրում տգետ ռեժիսորի («չեմ սիրում»-ը ուրիշ բառով կարելի է փոխարինել), չեմ սիրում ռեժիսորի, ով չգիտի՝ ինչ է անում, ու ռեժիսորի, ով ասում է՝ ես տալիս եմ քեզ ազատություն,  արա այն, ինչ ուզում ես, բայց ինքն այնքան անազատ է ու վախկոտ, որ ինքն իրեն չի կարողանում տալ այդ ազատությունը։

Շատ ծավալուն թեմա է, Անուշ․․․ Ռեժիսորը, ով երկու, երեք, թեկուզ տասը ժամ փորձ է անում, պետք է բոլորին տանի այդ տասը ժամվա ընթացքում։

Իշխանությունն ի՞նչ դեր ունի քեզ համար։

Նայած մարդն ինչ մղումներով է հասել իշխանության, հանուն ինչի։

Մենք համակարգի մեջ ենք ապրում՝ ծնելիության քանակը կառավարող համակարգի, ինֆորմացիան կառավարող համակարգի, կրոնի, երթեւեկության, գույների․․․ Ես ատում եմ համակարգը, բայց միաժամանակ հասկանում, որ ամբողջ աշխարհն է «համակարգված»։ 

Կալիգուլան, որ հիմա «գլխիս է ընկել», ուզում է հրաժարվի այդ համակարգից, ուզում է՝ ջարդի  համակարգը, հասկանու՞մ ես։ Ես կարող եմ իշխանության ձեւն ինձ համար արդարացնել եւ հակառակը՝ զրոյացնել, մերժել։ Ինձ պետք է իշխանություն, որ ես գործողությունս անեմ։

Ենթադրենք համակարգը մերժում է քեզ՝ որպես դերասանի․․․ Եվ այդ համակարգի մաս կազմող հանրությունն էլ։

Ես նախ ինքս ինձ պետք է մերժեմ, որ իրենք մերժեն։ Ես կռիվ կտամ․․․Ո՞վ է ինձ մերժողը․ միայն ես։ Ես չեմ կարող անել այն, ինչ չեմ ուզում։ Ես միայն իմ մերժածի մեջ կարող եմ հայտնվել, որպեսզի տեսնեմ ինչն եմ մերժում։

Քո ծնվելու անհարմարության մասին․․․

Չեմ կարդացել Սիորանի տեքստը․․․

Քո՛ ծնվելու․․․ Սիորանի տեքստի մասին չենք խոսում։

Ես իմ մեջ կրել եմ իննսունականները՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես կրում եմ այդ կոդերը մինչեւ հիմա։

Ինձ համար միստիկ մի շրջան է, որի «վնասները» (կամ որից ստացած «վնասվածքները») կրում եմ։ Պարանոցիս մեծ այրվածք ունեմ․ «կոֆեվառկայի» արդյունքն է, որը միացված է եղել մութ սենյակում, որը երեխան քաշել է, տաքը ջուրը թափվել է դեմքին եւ պարանոցին։

Հիմա սպին ավելի փոքր է․ իրականում դեմքիս մի կեսը այրվել էր։ Գիտե՞ս՝ դեմքիս հիմա ինչու սպի չկա, որովհետեւ ես մորաքույր ունեի Ամերիկայում, ու եթե ինքը չուղարկեր քսուքները, ես այլ կերպ կլինեի․․․ Համենայնդեպս, ավելի ցինիկ ասեմ՝ չէի լինի այն Սամվել Թադեւոսյանը, ով հիմա հարցազրույց է տալիս, ով նկարահանվում է, խաղում է։ Հնարավոր է՝ խեղված մարդ լինեի, կիսատ։

Ես հիշում եմ «լեւի» լույսը՝ որպես բերանի համ։ «Իզալենտը» մի հոտ ունի, որը կապելուց հետո, եթե մի քիչ տաքանում է, շնչում ես տհաճ վառածի հոտը, ու դա դառնում է բերանի համ։

Իսկ ապրելու՞ անհարմարությունը։

Տարատեսակ վայրիվերումներով։ Ինչի՞ ես դարձա դերասան․ ինձ թվում է՝ ուշադրության պակասից։ Մեծ հաշվով այդպես է։ Զգում էի, որ կլոր գնդիկ կա մեջս, որը ոչ մի կերպ դուրս չի գալիս։ Ես անգիտակից եմ եկել այս որոշմանը։

Թատերական ընդունվելը հեղափոխություն արեց։ Հա, գուցե շատ պարզ բաներ եմ ասում, բայց դասարանում, օրինակ, այնքան էի գրիչով կտկտացնում սեղանին, որ դասատուն ասեր՝ ինչ ես անում, ապուշ։ Հասկանու՞մ ես, Անուշ։

Ընդհանուր անուշադրությունը «նպաստել» է, որ ուշադրության կարիք ունենամ, որ հասկանամ ինձնով զբաղվում են, որ նորը փնտրեմ, տարածության այլ ընկալում ունենամ․ իմ ընկալումն ունենամ։

Ի՞նչն է սպառվել Հայաստանում։

Ամբիցիաները։ Չեն սպառվել․ սպառվում են։ Մեզ պակասում են ամբիցիաները։ Մեզ կրթական ամուր համակարգն է պակասում։ Տգետի ու կրթվածի ամբիցիաները հիմնարար կերպով տարբերվում են իրարից․ մեզ այս առումով ստեղծագործելու մղող, վերեւ տանող ամբիցիան է պակասում։

«Հույսս դնեմ էս ինչի, էն ինչի վրա»․ այսպիսի արտահայտություն անողները ամենաանպատասխանատուներն են։ Հու՛յսդ դիր քո վրա, Աստծո վրա ինչի՞ ես հույս դնում։ Եթե հավատում ես Աստծուն, արարչագործությանը, էներգիային, հավատի հաշվին մանիպուլացիա մի՛ արա։ Մի՛ մերժիր քո հավատը, բայց քեզ էլ մի մերժիր՝ հույսդ ուրիշի վրա դնելով։

Ո՞վ է քեզ պակասում։

Պապս է ինձ պակասում, որովհետեւ սիրում եմ իրեն, ու կարոտը ռեալիզացնելու համար ինքն ինձ պակասում է։

Հովհաննես Թեքգյոզյանն է պակասում, որովհետեւ իր հետ զրուցելուց իմ ուղեղը լայնանում էր, ու այդ պահերին ես հերքում էի շատ բան, ուրիշ տարածքի մեջ էի մտնում։

Պակասում է ռեժիսորը։

Այսպես կարող եմ անվերջ թվարկել «պակասողներին»։  

Պակասում է նա, ով դեռ իմ մասին չգիտի, բայց սպասումների մեջ է։ Ա՜յ, նա է ինձ պակասում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter