Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

Առանց թույլտվության՝ փոքր հէկի շինաշխատանքներ են սկսել



Այս տարվա հունիսի 12-ին «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ փոքր հէկի միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու համար: «Աստղաբերդ» փհէկը գտնվելու է Սյունիքի մարզի Գեղի գետի վրա՝ Նոր Աստղաբերդ և Գեղի համայնքների վարչական տարածքում: Հանձնաժողովից մեզ փոխանցել են, որ ընկերությունը արտոնագիր չի ստացել:

2012-ին հիմնադրված «Տելիա Մայնինգ» ընկերության սեփականատերը մինչև 2015 թ. Միսակ Հովսեփյանն էր՝ նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, 2015-2016 թթ. ՍՊԸ-ի տերը երևանցի Գևորդ Խաչատրյանն էր, ում փոխարինել է Բալահովիտ գյուղի բնակիչ Հակոբ Թադևոսյանը: Նշված անձինք միաժամանակ եղել են նաև ՍՊԸ-ի տնօրենները: Անցյալ տարի ընկերության հասցեն Դավթաշենից տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա:

Փոքր հէկի գլխամասը լինելու է Նոր Աստղաբերդի տարածքում, այստեղ արդեն կատարվել են հողահարթեցման աշխատանքներ: Համայնքի ղեկավար Սուրիկ Թևանյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ «թղթերը բերել են, ջրահավաքման կայանի նախածային առաջադրանքը գրում եմ հիմա, հարթեցման աշխատանք էին կատարել, հիմա արդեն ճարտարապետահատակագծային նախագիծը կտամ»:

Գործող կարգի համաձայն՝ կառուցապատողը նախ պետք է դիմի տվալ համայնքի ղեկավարին՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար, որից հետո նախագծող ընկերության միջոցով կատարվում է նախագծում, ինչից հետո կրկին դիմում է ներկայացվում համայնքի ղեկավարին՝ շինարարության թույլտվություն ստանալու համար: Շինարարությունից հետո կազմվում է ավարտական ակտ ու տրվում շահագործման թույլտվություն:

Այստեղով անցնելու են հէկի խողովակները

Ս. Թևանյանն էական խախտում չի համարում այն, որ հողահարթեցման աշխատանքները կատարվել են մինչև շինթույլտվության, ավելին՝ ՃՀ առաջադրանքի տրամադրումը: Նրա կարծիքով՝ կառուցապատողը հարթեցում է կատարել շինանյութ տեղափոխելու համար:

Իսկ Գեղիի համայնքապետ Վասիլի Գրիգորյանի փոխանցմամբ՝ ամիսներ առաջ է համայնքապետարանը շինթույլտվություն տվել «Տելիա Մայնինգին»:

Խողովակներն այնքան մեծ են, որ ներսում կովերը հանգստանում են

Օրեր առաջ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն այցելել է Նոր Աստղաբերդ և Գեղի համայնքների վարչական տարածք: Նրա փոխանցմամբ՝ նոր փոքր հէկի խողովակաշարի տեղադրման համար ճանապարհի երկայնքով 2,5-3 մետր խորությամբ փորել են հողը, խողովակները տեղադրելուց հետո այն ծածկելու են հողային շերտով:

Խողովակաշարի երկարությունը մոտ 5 կմ է լինելու, իսկ խողովակների տրամագիծը մոտ 1700 մմ է: Դա ենթադրում է, որ փհէկի հզորությունը մեծ է լինելու: Ա. Փարսադանյանը լուսանկարել է նաև խողովակների մեջ հանգստացող կովերին:

Գեղին գետը, որի ջրերն օգտագործելու է հէկը, Ողջիի վտակներից է, սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայից, մոտ 30 կմ երկարություն ունի: Կապանցի բնապահպանը նշում է, որ գետի մոտ 20 կմ-ն արդեն ծանրաբեռնված է: Եվ նոր հէկի կառուցումը նոր ռիսկեր է բերելու շրջակա միջավայրին:

«Մեկ այլ հէկ էլ կա Գեղի գետի վրա՝ «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ին պատկանող: Եթե չեմ սխալվում այն 3 կմ երկարություն ունի: Որպես սեփականատեր շրջանառվում է Արմեն Գևորգյանի անունը, սակայն չեմ կարող ասել՝ ինչքանով է իրականությանը համապատասխանում (ժամանակին ընկերության հիմնադիրներն էին Ա. Գևորգյանի մայրն ու պապը՝ Կարմեն և Թելման Սահակյանները, որոնց մասնակցությունը ՍՊԸ-ում դադարեցված է- հեղ.): Էական չէ, թե ում են պատկանում այդ հէկերը, կոնկրետ այս նոր կառուցվող հէկի սեփականատիրոջ անունը կապվում է Աղվան Հովսեփյանի հետ, բայց խնդիրն այդտեղ բնապահպանական ռիսկերն են»,- ասում է Ա. Փարսադանյանը:

«Հայաստանում գրեթե բոլոր հէկերը էկոլոգիական թողքը չեն ապահովում: Սեզոնայնությամբ պետք է աշխատեն այդ հէկերը, քանի որ գետերը սակավաջուր են դառնում շոգ եղանակներին: Այդ ոլորտում կատարված ուսումնասիրությունները, մոնիտորինգները ցույց են տվել, որ բազմիցս խախտվել է պարտավորությունը հէկի կողմից: Երևի Հայաստանում մի քանի հէկ կարող է լինել, որոնք պահպանում են էկոլոգիական թողքը»,- նշում է Ա. Փարսադանյանը:

Նրա հիմնական մտահոգությունն այն է, որ եթե լուրջ ներդրումներ են կատարվել, ենթադրելի է, որ կարճ ժամկետում սեփականատերը փորձելու է ապահովել ներդրած գումարի վերադարձը: Այդ դեպքում բնապահպանական թողքը հայտնվելու է ռիսկի տակ, քանի որ, կապանցի էկոլոգի խոսքով, պետական վերահսկողությունն էլ բավարար չափով չի իրականացվում:

Ըստ Փարսադանյանի՝ նախկինում Գեղիում կարմրախայտ կար, որը համարվում է մաքուր ջրի ինդիկատոր, իսկ հիմա կենդանական աշխարհը վերացել է, ու չնայած ջուրը «Լէռ-Էքս» ՍՊԸ-ի արտանետումներից մաքրվել է, հիմա հէկերի կառուցմամբ հերթական լուրջ մարտահրավերն է ներկայացվել գետին:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը նշում է, որ Հայաստանում գետերի մեծամասնությունը սակավաջուր են, ջրի առատությունը լինում է 3-4 ամիս՝ մարտից մինչև հունիսի կեսերը: Այդ ամիսներին խոշոր գետերի ջուրը կարող ես օգտագործել հիդրոէներգետիկ նպատակներով և էկոհամակարգը չոչնչացնելով: Մնացած ամիսներին գետերը սակավաջուր են դառնում, և դրանց օգտագործումը հիդրոէներգետիկ նպատակներով նշանակում է գետային էկոհամակարգի ոչնչացում հարակից տարածքներով, գետահովիտներով, միկրոկլիմայով, ջրային աղբյուրներով:

Հէկի խողովակների անցկացման համար փորված ուղին

«Բացի դրանից՝ մենք ունենք 2011 թվի կառավարության որոշում, որով հաշվարկվում է գետերի բնապահպանական թողքը, այսինքն` ինչքան ջուր պարտավոր են թողնել գետում, մնացածը վերցնել, օգտագործել այլ նպատակներով. այդ որոշումը հակաբնապահպանական է: Այսինքն՝ դրանով գետերն, ըստ էության, տարվում են դեպի ոչնչացում, որովհետև հաշվարկման մեխանիզմի մեջ էկոլոգիական ոչ մի բաղադրիչ հաշվի չի առնվում, ուղղակի թվաբանորեն որոշվում է: Նայվում են գետի ամենասակավաջուր 10 օրերը, որոնց միջին թիվը հաշվարկվում է որպես բնապահպանական թողք»,- ասում է Լ. Գալստյանը: Ըստ նրա՝ գետերի ամենասթրեսային 10 օրերի միջին հաշվարկի դեպքում հնարավոր է դառնում ամբողջ տարվա ընթացքում գետերը թողնել այդ սթրեսային վիճակում: Բնապահպանի կարծիքով՝ դա լոբբինգ արված որոշում է, որպեսզի շահավետ լինի փհէկերի կառուցումը, ինչին մեծ առնչություն ունեն նաև պաշտոնյաները:

Լևոն Գալստյանը նշում է, որ արդեն 5 տարի իրենք պնդում են, որ բոլոր հէկերի ջրառներում օնլայն վերահսկման համակարգեր ստեղծվեն, որպեսզի ոչ միայն վերահսկող մարմինը, այլև հետաքրքրված քաղաքացին կարողանա տեսնել գետի վիճակը, սակայն մինչ օրս որևէ քայլ չի արվել: 

Գլխավոր լուսանկարում ձախից երևում է Գեղի գետը, աջից՝ անցկացվող խողովակաշարը (լուսանկարները՝ Արմեն Փարսադանյանի)


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ