HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանեցի կուրսային աշխատանքս, առաջարկություն ստացա տպագրել այն

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հաճելի նորություններն ուրախություն են պարգևում, մանավանդ, որ բանտում ժամանակն ասես կանգ առած լինի, հատկապես ցմահների բաժնում…

Գիտական ղեկավարիս կարևոր նկատառումները հաշվի առնելով`ամփոփեցի կուրսային աշխատանքս: Օրեր առաջ «Նուբարաշեն» բանտ այցելեց Սլավոնական համալսարանի քրեական իրավունքի իմ դասախոսը, և ես պաշտպանեցի կուրսայինս: Տեղյակ եք, որ գրել էի ցմահ ազատազրկում թեմայով՝ օգտագործելով անձնական դիտարկման մեթոդը, քանի որ ինքս, 22-րդ տարին գտնվելով բանտում, ներսից եմ տեսնում բոլոր խնդիրները: Բնականաբար շեշտը դրել էի Հայաստանում առաջացած խնդիրների վրա, որոնց մասին ներկայացրի առաջարկներս և լուծման իմ պատկերացրած մեխանիզմները:

Դասախոսին ներկայացրի նաև ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառման միջազգային փորձը, համեմատական վերլուծություն կատարեցի տարբեր երկրներում այս պատժատեսակի նշանակման և կատարման առանձնահատկությունների մասով:

Աշխատանքս գնահատվեց գերազանց, և քանի որ Հայաստանում նման վերլուծություն չի արվել ու չկա այս խնդրի վերաբերյալ միջազգային փորձի մասին ամփոփ տեղեկատվություն, դասախոսն ինձ առաջարկեց գրքույկի տեսքով հրատարակել կուրսային աշխատանքս: Ինքս համոզված եմ, որ նման նախաձեռնությունը պիտանի կլինի ոչ միայն իրավաբանական ֆակուլտետների ուսանողների և դասախոսների, այլ նաև քրեակատարողական ու դատաիրավական համակարգերի աշխատակիցների համար:

Հայասատնում մինչ օրս որևէ ցմահ ազատազրկված պայմանական վաղաժամկետ չի ազատվել, իսկ արտասահմանում, մասնավորապես եվրոպական և ամերիկյան մայրցամաքի պետություններում, անգամ Ճապոնիայում այս ինստիտուտը լայնորեն կիրառվում է: Մեծ Բրիտանիայում տարբեր աշխատություններ կան՝ կյանքը ցմահ ազատազրկումից հետոյի մասին: Վիճագրական տվյալները վկայում են, որ ցմահ ազատազրկված մարդիկ, երբ պայմանական ազատվում են, նրանց պարագայում հետագայում  կրկնահանցագործությունները անգամ տոկոս չեն կազմում: Օրինակ` Կանադայում 1920-1967թթ. պայմանական վաղաժամկետ ազատվել է 119 մարդ, ովքեր սկզբում դատապարտված են եղել մահապատժի, հետո փոխարինվել է ցմահ ազատազրկման: Այդ 119 հոգուց միայն մեկն է պայմանական ազատվելուց հետո կատարել նոր հանցագործություն, մյուսները մինչև կյանքի վերջին օրերը ապրել են որպես օրինապահ քաղաքացիներ, ոմանք էլ դեռ շարունակում են այդպես ապրել ազատության մեջ:

Եվ սա այն պարագայում, երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ որոշակի ժամկետով ազատազրկվածները (2,3,4 մինչև 15 տարի), ազատվելուց հետո միջինը 50-55% դեպքերում կրկին կատարում են հանցագործություն: Այսինքն` ցմահ ազատազրկվածներին 20-25 տարի հետո ազատելը գրեթե ռիսկ չի պարունակում, որ նրանք նորից հանցագործություն կկատարեն: Այլ գործոնների հետ մեկտեղ, սա պայմանավորված է նրանով, որ գիտակից կյանքի մեծ մասը անազատության մեջ անցկացնելուց հետո, դատապարտված քաղաքացին պայմանական ազատություն վերադառնալով՝ ամեն ջանք գործադրում է, որ հանգիստ կարողանա կյանքի մնացած հատվածում գոնե մի փոքր վայելել կյանքը:

Մի շարք պետություններ հրաժարվել են նաև ցմահ ազատազրկում պատժատեսակից: Պորտուգալիայում այս պատժատեսակը վերացված է 1989թ-ին Սահմանադրությամբ, այն բացառված է նաև Նորվեգիայում, Սլովենիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Բրազիլիայում և մի շարք այլ երկրներում: Դեռ 1977 թվականին Եվրոպայի Խորհուրդը արձանագրել է, որ ամբողջ կյանքի ընթացքում բանտարկելը, առանց ազատման հույսի` անմարդկային պատիժ է, և այն չի կարող համապատասխանել ոչ բանտարկյալների հետ վերաբերմունքի ժամանակակից սկզբունքներին, ոչ էլ իրավախախտների ուղղման և հասարակություն վերադառնալու գաղափարին:

Քրեական իրավունքում պրակտիկ տեսանկյունից ապացուցված է՝ պատժի խստությունը չէ, որ կանխում է հանցանքները, այլ պատասխանատվության անխուսափելությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter