HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Real Art նախագիծը վերադառնում է «Ապրելու բանաձեւ»-ով

Երկամյա ընդմիջումից հետո, արվեստաբան Արաքս Մարգարյանի հեղինակային Real Art նախագիծը վերադառնում է իր՝ «Ապրելու բանաձեւ»-ով: 2012թ-ին հիմնադրված Real Art-ը հարթակ է գյումրեցի երիտասարդ ստեղծագործողների համար, որ ցուցահանդեսների միջոցով արվեստասեր հանրությանն ավելի ճանաչելի դառնալու հնարավորություն է ընձեռում:

«Իրականության եւ երեւակայության միջեւ» խորագիրը կրող ցուցահանդեսից հետո (կազմակերպվել է 2014թ-ին) որոշակի չնախատեսված դադար արձանագրվեց, որը նախագծի համադրող Արաքս Մարգարյանի կարծիքով ոչ թե բացասական, այլ ընդհակառակը՝ բավական դրական էֆեկտ ունեցավ:

Արաքս Մարգարյանը

«Մտածում էին շատերը, որ հնարավոր է նախագիծը փակվի, սակայն որոշակի դադարներ էլ են պետք՝ ուժերը հավաքելու, անցածը վերլուծելու եւ նոր գաղափարներով առաջ շարժվելու համար»,-բացատրում է նախագծի հեղինակը: Զրուցակցիս համոզմամբ ժամանակակից արվեստը մարտահրավերներ է նետում եւ նրան հակակշիռ է պետք` ավանդական, դասական արվեստի տեսքով:

6-րդ Real Art-ի «Ապրելու բանաձեւ»-ը խորագիրն այս անգամ համախմբել է 14 արվեստագետի՝ նրանցից 6-ը նախագծի հնաբնակներն են: Օգոստոսի 4-ին Գյումրիում մեկնարկած ցուցահանդեսին ներկայացված է մոտ 40 գործ: Որոշ հեղինակներ՝ ինչպես օրինակ Ժակլին Սարգսյանն ու Անի Ռաշոյանը, ամբողջական շարք են ներկայացրել: Աշոտ եւ Մամիկոն Միքայելյան (Ջեւո) եղբայրներն եւս հավատարիմ են մնացել իրենց ոճին: Իսկ ահա նախագծի շրջանակներում 2-րդ անգամ աշխատանքները ցուցադրող 40-ամյա Արթուր Մուրադյանն ապրելու իր բանաձեւն արտահայտել է բազմագույն ծաղիկների միջոցով:

«Ինձ համար կյանքի խորհրդանիշը ծաղիկն է,-ասում է Արթուր Մուրադյանը,-իմ կտավներում իմ պատկերացրած ծաղիկներն են, որոնց չես էլ հանդիպի բնության մեջ: Դրանք մեզ ճանաչելի ու հայտնի ծաղիկների համադրությունն են: Ինչպես կյանքն ամեն մեկս յուրովի ենք պատկերացնում, այնպես էլ ես բնության այս գեղեցկությունը, որ ինձ համար կյանքի բանաձեւ է՝ ներկայացրել եմ յուրովի»: Արթուրը Գյումրիում գործող «Ընտանիք» կենտրոնի նկարչական խմբի խմբավարն է: Աշխատում է մասնակցել բոլոր հնարավոր ցուցահանդեսներին, որ կազմակերպվում է Գյումրիում եւ Երեւանում:

Արթուր Մուրադյանը

«Սա ստիմուլ է նկարչի համար, որ շարունակի ստեղծագործել: Շատերն ակադեմիան ավարտելուց հետո, տարբեր պատճառներով, թողնում են նկարչությունը: Իսկ նման ցուցահանդեսները, նման նախագծերը քաղաքում ապրող ու ստեղծագործող արվեստագետների համախմբան յուրօրինակ հարթակ է՝ հանդիպում ենք, քննարկում, ավագ սերնդի մեր ընկերներից խորհուրդներ լսում, նոր եկող սերնդի տրամադրությունը շոշափում»,-նկատում է Արթուրը:

Գոռ Նալբանդը

29-ամյա Գոռ Նալբանդի (Հարությունյան) «Արվեստանոց» շարքը 11 տարի առաջ կյանքից հեռացած նկարիչ հոր՝ Գրիգոր Նալբանդի հիշատակին տուրք տալու մի ձեւ է: Ասում է՝ ապրելու, ճի՛շտ ապրելու բանաձեւն առաջնահերթ հայրն է փոխանցել իրեն: «Ես երկրորդ անգամ եմ մասնակցում Real Art նախագծին: Ինքս պայմանագրային զինծառայող եմ: Հասկանու՞մ եք արդեն, որ նկարչությամբ հնարավոր չէ ընտանիք պահել: Սակայն չստեղծագործել էլ չեմ կարող՝ դա անհրաժեշտություն է, ինչպես օդն ու ջուրը: Ես ժամկետային ծառայության ժամանակ էլ չեմ դադարել նկարելուց, բայց գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ նկարելը նկարել, իսկ ցուցադրվել պետք է»,-նկատում է Գոռը՝ շեշտելով, որ պատրաստ է ավելի շատ ստեղծագործել, եթե իմանա, որ ցուցադրություններ կկազմակերպվեն ոչ թե տարին մեկ, այլ՝ 2-3 անգամ:

Նախագծի համադրող Արաքս Մարգարյանը դեմ չէ ավելացնել ցուցադրությունների թիվը, սակայն այստեղ երկու խնդիր է ծառանում՝ թեմայի ընտրությունը եւ ցուցադրության վայրը: «Նախ թեման է ընտրվում, որից ելնելով էլ ստեղծագործում են, ծնվում են արվեստի գործերը: Թեման պատահական չի կարող լինել՝ այն պիտի հասունանա,-ասում է Արաքս Մարգարյանը,-մյուս ամենակարեւոր հարցը մշտական ցուցադրության սրահի բացակայությունն է: Մենք ամեն անգամ էս պրոբլեմն ունենում ենք, որովհետեւ քաղաքում չկա պետական պատկերասրահ եւ օգտվում ենք մասնավորին պատկանող ցուցասրահներից, իսկ դա գումարի առումով ավելորդ բեռ է նկարչի ուսերին»:

Real Art-ի նախագծերից երեքի համար նախորդ տարիներին հնարավոր եղել է գտնել հովանավորներ, ովքեր որոշակի գումար են տրամադրել ցուցասրահի վարձակալության, բուկլետների եւ հրավիրատոմսերի տպագրության ծախսը հոգալու համար: Սակայն սա հարցի լուծում չէ, նշում է զրուցակիցս, պետք է արմատական մոտեցում ցուցաբերել եւ արվեստների քաղաք համարվող Գյումրիում վերջապես ունենալ պետական ցուցասրահ:

Գագիկ Մանուկյանը

Գյումրու նկարիչների միության նախագահ Գագիկ Մանուկյանն եւս համակարծիք է այս հարցում: Ասում է՝ բազմիցս ենք բարձրաձայնել: «Գյումրին իր պատկերասրահն ունեցել է, ուղղակի նախորդ քաղաքապետի օրոք մասնավորեցվեց: Հիմա որ չկա, դա արվեստագետների մեղքը չէ՝ քաղաքային իշխանությունների մեղքն է: Հիմա քաղաքում երկու մասնավոր ցուցասրահ կա, բացի դրանից Ասլամազյան քույրերի թանգարանում այս տարի տնօրենն իր կաբինետի փոքրացման հաշվին ցուցասրահ է ստեղծում, որտեղ կարող են անհատական աշխատանքների ցուցադրություն կազմակերպել միայն: Նման մեծ ցուցադրությունների համար, որ հիմա տեսնում ենք՝ մեծ տարածք է պետք, որ չունենք՝ խոսքս մասնագիտացված ցուցասրահի մասին է»,-պարզաբանում է Գագիկ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Real Art-ին, ըստ նկարիչների միության նախագահի, նախագիծն աջակցության կարիք ունի, որպեսզի շարունակականությունը չընդհատվի: «Արաքսի արածը շատ ողջունելի է, որ ինքը լինելով արվեստաբան, որոշեց միավորել երիտասարդ ստեղծագործողներին մեկ հարթակում, ներկայացնել նրանց ու ասեմ, որ մինչեւ օրս, որքան որ հետեւել եմ՝ հաջողվում է,-նկատում է Գագիկ Մանուկյանը,-էսօր, որ էս երեխեքը չցուցադրվեն, վաղը կհիասթափվեն: Անհատական ցուցադրություն կազմակերպելու համար տարիներ են պետք եւ մեծ թվով կտավ կամ քանդակ, իսկ այսպես, մեկ նախագծի շրջանակում մեր երիտասարդները կարող են ներկայանալ թեկուզ մեկ կամ երկու գործով: Սա է խմբակային ցուցադրության առավելությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter