HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեսիանական Ֆագոցիտոզ

Նախորդ ամիս «Հետքը» համագործակցության էր հրավիրել տարբեր մասնագիտությունների տեր անձանց: Մեր նպատակը մի կողմից «Հետքի» բարեկամ-ընթերցողների համայնք ձեւավորելն էր, նրանց հետ կապն ամրապնդելը, մյուս կողմից' նոր հեղինակներ ներգրավելը եւ նոր բովանդակություն ստեղծելը:

Մեր հրավերին արձագանքեց ավելի քան հինգ տասնյակ մարդ, որոնցից ընտրեցինք 15-ին: Նրանց թվում են տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ' պատմաբան-մարդաբան, արեւելագետ, ճարտարապետ, ՏՏ մասնագետներ, դիզայներ, նյարդալեզվաբան եւ այլն: Եվ ահա, մեկ շաբաթ առաջ կայացավ «Հետքի» խմբագրակազմի եւ ընթերցողական այդ փոքր խմբի հանդիպումը, որի ժամանակ նախանշվեցին համագործակցության ձեւաչափը եւ ոլորտները:

Նրանք մեր լսարանին առաջարկում են այնպիսի թեմաներով նյութեր, որոնց «Հետքը» նախկինում չի անդրադարձել: Այսօր ներկայացնում ենք մեր նոր հեղինակ, պատմաբան, մարդաբան Արտակ Խաչատրյանի հոդվածը եւ խնդրում հայտնել ձեր կարծիքը, թե որքանով պատմա-մշակութային, կոնֆլիկտաբանական թեմաներով նմանատիպ վերլուծությունները  հետաքրքիր կլինեն ձեզ համար:

Մեսիանական Ֆագոցիտոզ

Արտակ Ս․ Խաչատրյան 

1908 թ․ ռուս գիտնական Իլյա Մեչնիկովը ստացավ Նոբելյան մրցանակ Ֆագոցիտոզի երևույթի բացահայտման համար, էությունը պարզ է․ յուրաքանչյուր օրգանիզմ արձագանքում է իր մեջ այլածին մարմնի թափանցմանը՝ փորձելով վերջինիս լոկալիզացնել, դուրս մղել կամ ոչնչացնել։ Ավելի պարզ՝ մարմնի առողջ բջիջները փորձում են ոչնչացնել հիվանդ բջիջները։ Եթե մարմինը ուժեղ է, այն  առողջանում է, եթե այլածին տարրերն են կենսունակ, մարմինը մահանում է։

Հայկական մշակութապատմական, մերձգիտական ու արդեն նաև գիտական որոշ շրջաններում շրջանառվող ու տիրապետող է դառնում հայ «տեսակի», մշակութային արժեքների, մարդկության նկատմամբ հատուկ «առաքելության», «ընտրյալության/աստվածընտրյալության» մեսիանական դիսկուրսը։ Առաջին հայացքից ոչ քաջատեղյակ քաղաքացին տպավորություն կարող է ստանալ, թե դա , հայկական հասարակական-մշակութային, գիտական դաշտում գաղափարների ամլության և թիրախների բացակայության ֆոնին, նոր, կոնկրետ գաղափար է։ Հիասթափեցնեմ։ Դա ամենևին նորույթ չէ ։

Ընդհուպ մինչև XX դարի կեսերը միակի ու մեսիայի գաղափարները, տարբեր մշակութային և քաղաքական ոլորտներում տիրապետող լինելու հավակնություններով հանդերձ, ապացուցեցին իրենց անկենսունակությունը։ Դարվինի բնական ընտրության գաղափարը հետագայում տրանսֆորմացվեց և ընկավ նացիստական գաղափարաբանության հիմքում, երբ Հիտլերը նացիոնալ-սոցիալիզմը հռչակեց գերմանական պետությունը վերսալյան մղձավանջից փրկող միակ գաղափարախոսություն, իսկ նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը՝ այդ պայքարի առաջամարտիկ։ Նա սկզբունքայնորեն բացառում էր որևէ այլ կուսակցության հետ համագործակցությունը՝ սոցիալ-դեմոկրատներին մեղադրելով պրոխորհրդային, իսկ լիբերալներին ՝ պրոամերիկյան տրամադրությունների մեջ։ Պատմությունից փոքր-ինչ տեղյակ մարդը գիտի, թե ինչ զարգացումներ և վախճան ունեցավ նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում։ XX դարի երկրորդ կեսերից Եվրոպայի զարգացումը և ոչ խոշոր ցնցումներով ուղեկցվող կայուն զարգացումը պայմանավորված է հենց միակի, եզակիի մերժման ու բազմամշակութայնության գիտակցության տիրապետության հետ։

Հայկական մշակութաքաղաքական միջավայրում յուրահատուկի գիտակցումը մեծապես սնվել է միջնադարյան եկեղեցական պատմագրությունից, որը շարունակաբար ստեղծում էր թշնամական, այլակրոն միջավայրում քրիստոնյա ժողովրդի կերպար, որը խավար Արևելքում քրիստոնեական լույսը տարածողի առաքելությունն էր իր վրա վերցրել։ Այս մտայնությունը անընդհատականորեն գերիշխող է եղել նաև նոր ժամանակներում։ Մինչև XIX դարի կեսերն էլ Հայաստանում աշխարհիկ մտավորականության փոխարեն տոն ստեղծողները շարունակում էին մնալ կղերամիրայական վերնախավը, ինչի հետևանքով էլ սեփական ժողովրդի պատմությունը մնում էր եկեղական-կրոնական կապանքներում ՝ իր ազդեցությունը պահպանելով հայերի էթնիկ ինքնության ընկալումների առանձնահատկությունների վրա։ Աստվածաշնչի հրեական մեսիանական սպասումները և Քրիստոսի ՝ որպես Մեսիայի գալուստը, հայկական միջավայրում կերպափոխվում էր դրսից որևէ երրորդ ուժի գալստի միջոցով ազատագրվելու և անկախ պետականության ստեղծման մտայնության։ Հենց նման ընկալումների ծնունդ էր հայ ազատագրական լեգենդը։ Սա ծնունդ էր առել դեռ միջնադարում և վկայակոչում էր Ներսես Մեծի տեսլիքը՝ Արշակունյաց տան և Լուսավորչի գահի անկման, այնուհետև Հայաստանի շարունակական անցումները մի օտար տիրապետությունից մյուսին և , ի վերջո,  այլերկրյա քրիստոնյաների կողմից ազատագրման մասին։ Օտար փրկիչների դերը ստանձնում էին հռոմեացիները, ֆրանկները (եվրոպացիները) կամ խաչակիրները, ռուսները։ Դրսի քրիստոնյա ուժերի հետ կապելով սեփական ազատագրության հույսերը՝ հայ ազատագրական միտքը, իրենից օտարեց սեփական ազատությունը ինքնուրույնաբար կերտելու և դրա պատասխանատվությունը ստանձնելու պարտավորությունը։ Ֆրոմյան հայտնի ձևակերպմամբ՝ տեղի ունեցավ փախուստ ազատությունից։ Դա ազդեց նաև ճգնաժամային իրավիճակներում ինքնակազմակերպման մեխանզիմների մշակման բացակայության փաստի վրա։ Այդ պատասխանատվությունը մերթ օտարվում էր դեպի Եվրոպա, մերթ Ռուսաստան։ Ազատագրական լեգենդում փրկիչների կամ մեսիաների աշխարհագրական արեալը ուսումնասիրելուց կնկատենք, որ այն տատանվում էր մերթ Արևմուտք, մերթ Արևելք, որը բացատրվում է տվյալ կոնկրետ պատմափուլերում ազատագրական գործիչների քաղաքական կողմնորոշման փաստով։ Հետաքրքրականն այն է, որ միջնադարյան եկեղեցական միջավայրում ծնունդ առած այս մտայնությունը տարբեր փոփոխություններով հանդերձ, կենսական է նաև այսօր՝ պետականության առկայության պայմաններում։ Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան կեղծ տարաբաժանումը այսօր դարձել է ոչ միայն քաղաքական դաշտի, այլև հասարակական-մշակութային ոլորտի գերիշխող  օրակարգը։ Այսինքն՝ մեսիայի կարգավիճակով ներկայացող ժողովուրդը սպասում է դրսից եկած մեսիային՝ իրեն ազատագրելու համար։ Սա էլ ծնում է հակասական իրավիճակ։  Հակասականությունն այն է, որ միակի, մարդկության և քաղաքակրթության օրրան , աստվածընտրյալ ժողովուրդ լինելու մտայնությունը զուգորդվում է սեփական խնդիրները իրենից օտարելու և դրսի միջոցով լուծելու փնտրտուքների հետ։ Սա ձևավորում է խմբային անգործության և ալարկոտության սինդրոմ անհատական ու հանրային մակարդակում։ Եզակիության և միևնույն ժամանակ հանրային ալարկոտության սիմբիոզը սնվում է ամեն ինչին սեփական դիտակետից նայելու ու գնահատելու իրողությունից։ Բազմազան աշխարհը իր բազմամշակութայնությամբ դիտարկելի չէ միասեռության բարձունքից։

Դա նման է փիլիսոփայական այն խաբկանքին, երբ մարդը քառակուսի պատուհանից նայելով դուրս՝ կարծում է, որ աշխարհը հենց քառակուսի է, որ կա։ Եվ կողքինների կոչին, որ աշխարհի լիակատար պատկերը հասկանալու համար ուղղակի պետք է հեռանալ քառակուսի պատուհանից և դուրս գալ սենյակից։

Ավելորդ չէ հիշեցնել  միակներին, որ միայն XX դարում միակն են եղել Իտալիայում Մուսոլինիի ֆաշիստական կուսակցությունը, Գերմանիայում Հիտլերի նացիստական կուսակցությունը, Պորտուգալիայում՝ Սալազարը, Իսպանիայում՝ Ֆրանկոն, Չիլիում՝ Պինոչետը, ԽՍՀՄ-ում ՝ կոմունիստական կուսակցությունը։ Հետևությունները անխուսափելի են ։ Մեսիանական ինքնամեկուսացման դատապարտվելը տանում է մարգինալիզմի ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնց հաղթահարումը կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ։ Կոմունիստական ինքնամեկուսացման և երկաթյա վարագույրի ֆենոմենը դեռ այժմ էլ իր հետևանքներով տեսանելի է հետխորհրդային տարածաշրջանի պետությունների և հանրությունների համար։

Քաղաքական դաշտում ընդհանրապես «Միակն ու անկրկնելին» լինելու տեսագործնական նախահայրը Մուսոլինին էր, ով կենսաբանական ֆագոցիտոզի տեսությունը տեղափոխեց քաղաքականություն և առաջ քաշեց «սոցիալիստական ֆագոցիտոզի» տեսությունը, ըստ որի հասարակության առողջ տարրերը ոչնչացնում են այդ հասարակության հիվանդ տարրերին։ Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ էմբրիոնային ֆաշիզմ։ Հայկական միակ աստվածընտրյալը լինելու մարմաջով տառապողները գիտակցաբար, թե անգիտակցաբար առաջ են  քաշում ընդդիմության դաշտում քաղաքական ֆագոցիտոզի գաղափարը՝ առանց հստակ իմանալու, որ դա բնորոշ է ուժի դիրքերից խոսող ցանկացած ամբողջատիրական հասարակարգի։ Ֆագոցիտոզի  երևույթը մեկ անգամ դուրս եկավ և տարածվեց քաղաքականության վրա՝ հանգեցնելով ֆաշիստական և նացիստական գաղափարաբանությունների ստեղծմանը։ Այս առումով հայկական մեսիանական ֆագոցիտոզը, որը սնուցում է ստանում անցյալամետ պահպանողականության դիրքերից, դիրքերը պետք է զիջի զարգացման հայեցակարգին։ Ինքնամեկուսացված պահպանողականությունը վաղ թե ուշ տանում է լճացման։ Կոնֆլիկտաբանական առումով դիտելիս երկարատև լճացումը բերում է սոցիալ-մշակութային ու քաղաքական հզոր պայթյունների՝ բոլոր տեսանելի և անտեսանելի, կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներով։  Ֆագոցիտոզի երևույթը թողեք կենսաբաններին։

Մեկնաբանություններ (5)

Աշոտ
Այո, հաճախ կարելի է լսել հայի «աստվածային առաքելության» մասին, «ուղու» մասին, բայց այդպես էլ ոչ ոք չբացատրեց, թե որն է այդ «առաքելությունը», որն է այդ «ուղին»: Իսկ առանց այդ բացատրության ամեն տեսակ ելույթ ճոռոմաբանություն է միայն:
Կարպիս
Փայլուն հոդված է, համաձայն եմ ամեն մի բառի հետ: Ցանկալի է, որ նմանատիպ նյութերը շատ լինեն Հետք-ում: Շնորհակալություն հեղինակին:
Հրանուշ Խառատյան
Պարոն Խաչատրյանի թվարկած թնջին կավելացնեի Մուստաֆա Քեմալին, որի ՛՛եզակիության՛՛ սինդրոմը նրան հանգեցրեց ՛՛Աթաթուրք՛՛ ազգանվան ընտրությանը: Նույն երեսնականներին, երբ Մուստաֆա Քեմալը դարձավ ՛՛թուրքերի հայր՛՛, սկսվեց Ստալինի ՛՛հայրացումը՛՛,-բոլոր ժողովուրդների հանճարեղ հայր: Այդ նույն տարիներին Հիտլերը հիացմունքից մարում էր Թուրքիայում քեմալիզմի նացիստական հաջողություններով և բազմիցս է այդ օրինակը բերել որպես հաջողված օրինակ: Գերմանական մամուլի այդ օրինաները մասնավոր քննարկման թեմա են դարձել Հիտլերի գաղափարների սնուցման աղբուրների մասին Շտեֆան Իհրիգի գրքի համար: Ի դեպ, Ադրբեջանում էլ Բաղիրով էր հավակնում ՛՛հայրական՛՛ տիտղոսին: Այդ մասին գրում են ադրբեջանցիները: ՛՛Հայրությունը՛՛ խիստ ցանկալի հասարակական տիտղոս էր:
Առաքել
Հոդվածը ուշագրավ մի շարք դիտարկումներով հանդերձ շատ վիճահարույց դրույթներ ունի։ Անհասկանալի է, թե ինչու է հեղինակը ազգի հոգևոր-գաղափարական առաքելության դրույթը անպայման հանգեցնում քաղաքական տոտալիտարիզմին։ Իսրայելը և հրեաները, օրինակ, չեն հրաժարվել այդ ամենից, բայց իրենց պետությունը առայժմ դեմոկրատական պետություն է։ Եթե հայերի մեսիայականությունը սնվում է հուդաքրիստոնեական միջնադարյան մտայնություններից, ապա ուր տեղավորել Միհր-Մհերի արքետիպային ընկալումները, որոնք կենսունակ են մինչև օրս։ Հարցեր ու հարցականները ավելի շատ են, բայց չշարունակեմ։
Վեհարի
Սկսվեց, հիմա էլ ֆագոցիտոզով են հպատակեցնում: Եթե այս հոդվածի հեղինակը հոդվածը գրելուց առաջ Երկիր մոլորակում տեղի ունեցող երևույթների վրա հայացք նետեր տիեզերական բարձրունքից և հետն էլ թափանցեր դարերի խորքը, ապա կնկատեր այն այլածին մարմինը, որը ժողովրդների արյունը ծծելով այնքան է տռզել, որ այլևս անտեսանելի չէ: Այլածին այդ մարմինն էր ֆինանսավորում թե Հիտլերին և թե Ստալինին՝ ավելի շատ մարդ ոչնչացնելու, ինչպես նաև կեռխաչի /սվաստիկայի/ հավերժության իմաստը հակառակ իմաստի վերածելու նպատակներով: Մեր և ընդհանրապես մարդկություն կարևորագույն խնդիրը Հավերժ Գոյատևումն է և մեր հիմնական գործողությունները պետք է ողղված լինեն գոյատևման դեմ գործող այլածինների դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter