HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչո՞ւ է ապատեղեկատվություն տարածում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը

Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նկարահանվելու են հոլովակներ, որոնք ներկայացնելու են Հայաստանը: Արդեն նկարահանվել է մեկ հոլովակ: Չնայած այն վերջնական տեսք և անվանում չունի, սակայն դրանից որոշ կադրեր արդեն ներկայացվել են համացանցում: Տեսահոլովակը իր ֆեյսբուքյան էջում տարածել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Տեսահոլովակի վերաբերյալ արձագանքները հիմնականում դրական են։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ պատրաստման փուլում գտնվող տեսահոլովակը նկարահանել է «Դոպինգ» ՍՊ ընկերությունը:

Տեսահոլովակի արժեքը կազմել է 9 200 000 դրամ: Գումարը հատկացրել է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Դոպինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը երեք սեփականատեր ունի: Ամենամեծ՝ 50 % բաժնեմասը պատկանում է Հայկ Սիմոնյանին: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի և վարչապետի փեսայի՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանին պատկանող «Կատանա» ընկերության տնօրենն է: 

Այդ ընկերությունը ևս գովազդային գործակալություն է: Ընկերությունում 25 % բաժնեմաս ունի Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի քույրը՝ Իլոնա Բաղդասարյանը: Մյուս 25 %-ը «Դասարան»  (Dasaran.am) կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանինն է:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «Հետք»- ին հայտնել է, որ հոլովակի պատրաստման համար հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել է երկու ընկերություն՝ «Ադվերտա» ՍՊԸ-ն և «Դոպինգ»-ը: Ըստ նախարարության՝ «Ադվերտա»-ն առաջարկել է 10 404 000 դրամ, իսկ «Դոպինգ»-ը՝ 9 263 000 դրամ: Բանակցության արդյունքում «Դոպինգ»-ի հետ պայմանագիրը ստորագրվել է 9 200 000  դրամ գումարով։

Նախարարությունը նաեւ տրամադրել է մրցույթի հայտարարման ծածկագիրը։ Երբ մուտք ենք գործում ֆինանսների նախարարության gnumner.am կայքի վերոնշյալ հղումով, տեսնում ենք, որ նախարարությունն ապատեղեկատվություն է տրամադրել մեզ։ Մրցույթի այդ արձանագրությունում նշված է, որ առանց ԱԱՀ-ի վճարի «Դոպինգ»-ը ներկայացրել է 9 263 000 դրամի, իսկ «Ադվերտա»-ն՝ 8 670 000 դրամի առաջարկ: Ստացվում է՝ հաղթող է ճանաչվել ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Ինչո՞ւ է ապատեղեկատվություն տարածում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։

Ինչպես արդեն նշել ենք ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը ներկայացնող այդ հոլովակներից հատվածներ է ներկայացնում։ Նա հավանաբար գիտի, որ տեսահոլովակը նկարահանած ընկերությունը փոխկապակցված է իր որդու և փեսայի հետ։ 

Մեկնաբանություններ (1)

Khajak
Մի մոռացեք թե ով է Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայիս տնօրենը։ Արմեն Ավակ Ավակյանը վարչապետ որդու՝ Տիգրանի ընկերն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter