HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով դատարանը մերժեց տախիկարդիա հիվանդություն ունեցող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Ամալյա Մարգարյան

«Սարի թաղի» գործով  Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի  ընթացում պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ Հարություն Թորոսյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությամբ և նշեց, որ իր պաշտպանյալ Հ. Թորոսյանը տառապում է վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիա հիվանդությամբ, իսկ ՔԿՀ-ում չեն կարողանում ապահովել նրա լիարժեք բուժումը։

«Եթե ՔԿՀ-ում կամ դատապարտյալների հիվանդանոցում կարողանային ապահովել նրա բուժումը, չէին ուղարկի «Էրեբունի» ԲԿ»,-հայտարարեց պաշտպանը։

Գործով մասնակցող դատախազն առարկեց ներկայացրած միջնորդության դեմ և նշեց, որ որևէ հիմք չկա խափանման միջոցը փոխելու համար։

Լիպարիտ Սիմոնյանն ավելացրեց նաև, որ գործ ունեն անձի սրտի հետ, և պետք է նրա նկատմամբ իրականացվի մշտական հսկողություն։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունը քննելու համար։

«Հետք»-ը զրուցեց Հարություն Թորոսյանի հարազատների հետ, ովքեր նշեցին, որ հիվանդությունը սրվում է, իսկ դեղորայքով իրենք են ապահովում։

«Հարությունը տախիկարդիա հիվանդությունը ուներ, հիմա կալանավայրում ավելի զարգացել է, ճնշումը հաճախ իջնում է մինչև 30-40։ Դեղ ենք ուղարկում, բայց նա պետք է անընդհատ հսկողության տակ լինի, որը ՔԿՀ-ում չի իրականացվում»,-նշեց Հ. Թորոսյանի եղբոր կինը՝ Լուսինե Հարությունյանը։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ հաճախ քննարկվում է կալանքների վերանայման հարցը, բայց փոփոխություն չի կատարվում։ «Ցանկացած հիվանդություն, որը կապված է սրտի հետ, կարող է ամեն րոպե բերել կրիտիկական վիճակի, քանի որ կալանավայրում չկան համապատասխան մասնագետներ և միջոցներ։ Փաստացի մարդը գտնվում է անմարդկային վերաբերմունքի ներքո։ Եվ փաստ է, որ մարդիկ կարող են անորոշ ժամկետով մնալ կալանքի տակ»,-ավելացրեց պաշտպանը։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ներկայացրած միջնորդությունը։

Նիստը հետաձգվեց, քանի որ ոչ մի վկա չէր ներկայացել դատարան։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 28-ին։

Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիս 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախման ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter