HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ երկու դատական գործերը հետաձգվեցին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր երկու նիստ էր նշանակված` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Գործերից մեկը վերաբերում է ընտրությունները լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն, մյուսն՝ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքին:

Մասնավորապես՝ ըստ առաջին գործի՝ 2017-ի ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ մեղադրանքի`«araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը: Ըստ մեղադրանքի` նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝

ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանն ընդունում է մեղադրանքն, իսկ Ջուլիետա Կոկոյանը`ոչ: Վերջինս դատական նիստերին չի ներկայանում. պաշտպանի փոխանցմամբ`առողջական լուրջ խնդիրներ ունի, պարբերաբար հոսպիտալացվում է, և այդ հանգամանքով է պայմանավորված նրա բացակայությունը դատական նիստերից:

Դատարանը մայիսից մեկնարկած դատական գործընթացից առ այսօր ամբաստանյալ Կոկոյանի առղջական ծանր վիճակը  հավաստող փաստաթուղթ չի ստացել. պաշտպանը խոստացավ քայլեր ձեռնարկել այդ փաստաթղթերը հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար:

Դատական նիստին չէր ներկայացել նաև մեղադրող դատախազը: Նման պայմաններում դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց դատական նիստը:

Երկրորդ գործով  ներգրավված դատախազը նույնպես չէր ներկայացել դատական նիստին, և դատավորը  դարձյալ ստիպված եղավ հեռտաձգել դատական նիստը:

Ըստ այս գործով անցնող ամբաստանյալ Դավիթ Սիմոնյանին առաջադրված մեղադրանքի`վերջինս, իր մոտ չունենալով ՀՀ քաղաքացու անձնագիր, 2017թ. ապրիլի 2-ին Ազգայիկն Ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով, եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս, որտեղ Գոռ Սիմոնյանին խնդրել է սպասել ընտրատեղամասի մոտ, իսկ ինքը վերցնելով վերջինիս անձնագիրը մուտք է գործել ընտրատեղամաս, եղբոր անձնագրով գրանցվել ընտրողների ցուցակում և քվեարկել եղբոր փոխարեն:

 Ապա ընտրատեղամաս է գնացել Գոռ Սիմոնյանն, ու ընտրատեղամսում նրան հայտնել են, որ իր փոխարեն արդեն քվեարկած է:

Հատկանշական է, որ այս գործով ամբաստանյալն ու վերջինիս հարազատները իրենց համարում եմ քաղաքական հետապնդման զոհ` միևնույն ժամանակ նշելով, որ, ըստ քննություն իրականացնող մարմնի, Դավիթ Սիմոնյանը ընտրախախտում է կատարել Հանրապետական կուսակցության օգտին քվեարակելու համար:

Դավիթ Սիմոնյանն իրեն առաւջադրված մեղադրանքը չի ընդունում:

Երկու գործերով հաջորդ  դատական նիստերը նշանակվեցին սեպտեմբերի վերջին՝ հաշվի առնելով, որ դատավոր Գագիկ Պողոսյանը օգոստոս ամսին ծանրաբեռնված է այլ դատական նիստերով, իսկ սեպտեմբերին մեկնում է արձակուրդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter