HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությանը չի՞ հետաքրքրում Ծիլքարի դպրոցը

«ՎՏԲ» բանկն ընդդեմ Արագածոտնի մարզի գյուղերի

Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի դպրոցի ուսուցիչները հնարավոր է` չստանան դեկտեմբեր ամսվա աշխատավարձը: Այս համայնքում դեռեւս չի լուծվել վարկերի պատճառով «ՎՏԲ-Հայաստան բանկի» եւ գյուղացիների միջեւ ծագած խնդիրը:

Բանկը դպրոցի հաշվիվներից 2 մլն դրամ է բռնագանձել` երկու գյուղացու ժամկետանց վարկը մարելու համար, դատարաններում դեռեւս ընթանում են ծիլքարցի մյուս գյուղացիների գործերը: Ծիլքարցիների չմարած վարկերը, տոկոսներն ու տույժ-տուգանքները «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը փորձում է գանձել պետական ֆինանսավորում եւ դոտացիա ստացող համայնքային կառույցներից:

Հիշեցնենք` դեռեւս 2007 թ. ծիլքարցիները «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի Սպիտակի մասնաճյուղից վարկ են վերցրել, իսկ որպես երաշխավոր 12 գյուղացու համար հանդես են եկել դպրոցն ու համայնքապետարանը: Երաշտի ու եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացիների մեծ մասը չի կարողացել վճարել վարկի գումարը:

Գյուղացիների չվճարած պարտքի ու տոկոսադրույքների բռնագանձման պահանջով «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը դիմել է դատարան` միջնորդելով արգելանք դնել դպրոցի ու համայնքապետարանի հաշիվների ու գույքի վրա, չնայած ծիլքարցիները տրամադրած վարկի վերադարձելիությունը ապահովելու նպատակով զուգահեռաբար գրավադրել են իրենց գույքը կամ հողատարածքները:

Դպրոցից բռնագանձված գումարների հաշվին ծիլքարցի երկու բնակիչների` Թամարա Խաչատրյանի եւ Ֆլորա Մինասյանի վարկերն են մարվել: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սկզբում բավարարել է բանկի հայցապահանջները, իսկ երբ գյուղապետարանն ու դպրոցը հակընդդեմ հայցեր են ներկայացրել, երաշխավորության պայմանագրերը դատարանն արդեն անվավեր է ճանաչել, իսկ մինչ այդ երկու վճռիների հիման վրա բանկը հասցրել է դպրոցի հաշիվներից բռնագանձել 2 մլն դրամ:

Դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանի մոտավոր հաշվարկներով` եթե բավարարվեն մնացած հայցերը, ապա ավելի քան 20 մլն դրամ պետք է բռնագանձեն դպրոցից, ինչը դպրոցի ուսուցիչների մեկ տարվա աշխատավարձն է:

Այս պահին վերաքննիչ ատյանում մի քանի գործեր կան, որոնց մի մասն արդեն հօգուտ գյուղացիների է լուծվել, բանկի` դպրոցից չմարված վարկերի գումարները բռնագանձելու պահանջը չի բավարարվել: Սակայն արդեն իսկ դպրոցից բռնագանձված 2 մլն դրամը կասկածի տակ է դրել ուսուցիչների նախատոնական ամսվա աշխատավարձերի վճարումը:

Ծիլքարի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը դիմել է դատախազություն` խնդրելով օգնել խնդիրը լուծել: Սակայն դատախազությունից դեռեւս չեն տեղեկացրել, թե ինչ ընթացք է ստացել ուսուցիչների դիմումը:

Այս իրավիճակից դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանը մի ելք է տեսնում. կառավարությունը կարող է աջակցել դպրոցին` գոնե 2 մլն դրամ պարտքով գումար տրամադրել, որով փակվեր ուսուցիչների աշխատավարձի պարտքը, հետո, երբ դատախազությունը կլուծեր այդ հարցը, գումարը կվերադարձվեր կառավարությանը: Սակայն կառավարությանը կարծես թե չի հետաքրքրում ստեղծված իրավիճակը: Ընդ որում` նմանատիպ իրավիճակում կարող են հայտնվել Արագածոտնի մարզի այլ համայնքներ:

266 տնտեսությունից 320 աշխատուժ մեկնել է արտագնա աշխատանքի

«Datalex» դատական տեղեկատվական համակարգում «ՎՏԲ» բանկի` Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչների դեմ բազմաթիվ հայցեր կարելի է գտնել: Բերքառատի եւ Գեղարոտի գյուղապետարանները նույնպես որպես երաշխավոր են հանդես եկել, ընդ որում` նաեւ հարեւան Ծիլքարի բնակիչների համար: Այս դեպքում հաշտության համաձայնագիր է կնքվել` գյուղացիները պարտավորվել են իրենց գույքը հանձնել բանկին, օրինակª Ծիլքարում ունեցած ավելի քան 4 հա հողատարածքը:

Մեկ այլ դեպքում Բերքառատի գյուղի դպրոցն է գյուղացիներից մեկի համար որպես երաշխավոր հանդես եկել: Հարցը դեռեւս վերջնական լուծում չի ստացել. բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ ժամկետը երկարացվել է, վարկառուն խոստացել է մարել այն: Գյուղապետ Մերուժան Մինասյանը պատմում է, որ երբ գյուղացին վարկը վերցրել է, հույս է ունեցել, որ կկարողանա մարել` 8-10 հա հողը մշակելով: Սակայն ողջ բերքը կարկտահարվել է, եւ կանգնել են փաստի առաջ: Եթե գյուղացին վարկը չմարի, Բերքառատի դպրոցն էլ կարող է Ծիլքարի դպրոցի ճակատագրին արժանանալ:

Մերուժան Մինասյանը նշում է, որ «ՎՏԲ» բանկը բոլոր համայնքներին նման խնդիրների առաջ է կանգնեցրել, եւ վառ ապացույցը Ծիլքարն է: Ըստ գյուղապետի` պատճառն այն է, որ Արագածոտնի մարզի այդ տարածքներում գրավի դիմաց վերցրած հողերի 1 հա-ն 300 դոլարը չի գերազանցում: Մինչդեռ բանկը այդ մեկ հա-ի դիմաց 500 հազար դրամ գումար է տրամադրել:

«Մենք երաշխավորության պայմանագրերը ստորագրել ենք, չենք իմացել, թե ինչքան գումար են տրամադրել, մոնիտորինգ չեն արել, հետագայում պրոբլեմի առաջ են կանգնեցրել, պահանջ ներկայացրել»,- ասում է համայնքի ղեկավարը:

Բերքառատ համայնքն այսօր նույնպես ծանր վիճակում է: Գյուղի 266 տնտեսությունից 320 տղամարդ արտագնա աշխատանքի է մեկնել: Գյուղապետ Մ. Մինասյանը երեք որդի ունի, կրտսերն ուսանող է, իսկ ավագն ու միջնեկը, չնայած բարձրագույն կրթություն են ստացել, մեկնել են արտերկիր` աշխատելու: «Կարծում եք, թե մենք լա՞վ վիճակում ենք»,- հարցնում է գյուղապետն ու շարունակում թվարկումը:

Բերքառատ համայնքը 1200 հա սեփականաշնորհված վարելահող ունի: Դրանից այս տարի մշակվել է ընդամենը 70 հա ցորեն, 130 հա գարի: «4 հատ կրպակ ունենք, եթե վերցնեք խանութի ցուցակները, բոլոր բնակիչներն այնպիսի պարտքեր ունեն, որ չեն կարողանում տակից դուրս գալ»,- ասում է Մ. Մինասյանը:

Գյուղացիներից մեկի համար որպես երաշխավոր հանդես է եկել նաեւ Հնաբերդի գյուղապետարանը: Հնաբերդի գյուղապետ Հակոբ Սահակյանը պատմում է, որ վարկառուն պարտավորագիր է ստորագրել, որ վճարելու է ամբողջ գումարը: Վարկառուն նաեւ գրավի առարկա է ունեցել, սակայն բանկը, չգիտես ինչու, նրանց գրավի առարկան չի վերցրել, այլ հայցի ապահովման միջոց նշել է գումարի բռնագանձումը վարկառուից եւ գյուղապետարանից:

Հակոբ Սահակյանն ասում է, որ գյուղապետարանը երաշխավոր է հանդիսացել, որպեսզի հավաստի, որ վարկառուն գույք ունի, եւ գյուղացին այդ գույքը կարող է գրավ դնել եւ հանձնել բանկին, այլ ոչ թե իր գույքն է գրավադրել որպես երաշխավոր:

Հնաբերդցիներն այժմ վարկ են վերցնում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից» եւ աշխատում են ժամանակին մուծել, որովհետեւ եթե որեւէ մեկը խախտեց ժամանակացույցը, մյուսներին այլեւս վարկ չեն տրամադրի: Հնաբերդի գյուղապետն ասում է, որ ծանր պայմանների պատճառով է գյուղում հաշվառված 2480 բնակիչներից շուրջ 400-ը արտերկիր մեկնել` արտագնա աշխատանքի:

Մեկնաբանություններ (1)

Sam
նորմալ երկրներում երաշտը համարվում է ֆորս-մաժորային իրավիճակ, որի հետևանքով վարկերը և այլ պարտավորությունները չեղյալ են հայտարարվում: Բանկն էր պարտավոր իր վարկերը ապահովագրել ֆորս-մաժորային ռիսկերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter