HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային Հայաստանի թիմերը նվաճել են 8 մեդալ

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Հայաստանի թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Երևանի պետական համալսարանը ներկայացված է եղել 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Վազգեն Միքայելյանը, արժանացել են ոսկե, իսկ Ավետիք Կարագուլյանը և Գևորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անց է կացվել և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է 15-րդ տեղը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 7-րդ տեղը:

«Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար: Մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 15-րդ տեղը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը  և Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների»,- հայտնում է ԿԳՆ-ն:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել և մարզել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 4-րդն է եղել:

Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Պետերբուրգի պետական համալսարանի և Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter