ՈՒրբաթ, 20 հոկտեմբերի

Սեւանից՝ Լաստիվեր. ճամփորդական մտքեր


Պաշտոնական տվյալներով՝ 2016-ին Հայաստանում ներքին զբոսաշրջիկների թիվը եղել է 979.968 մարդ: Սա նշանակում է, որ այդքան հայաստանցի իր հանգիստն անցկացրել է Հայաստանում: Սակայն սա իրական թիվ չէ, քանի որ պաշտոնապես արտացոլվում է միայն հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հաշվառվածների թիվը: Իսկ նրանք, ովքեր չեն օգտվում այդ օբյեկտներից, դուրս են մնում վիճակագրությունից, այնինչ այդպիսի մարդկանց թիվը բավականին մեծ է:    

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս): Ներքին տուրիզմը որեւէ երկրի բնակիչների ճանապարհորդությունն է իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով)՝ ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով, եւ ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:

Ներկայում Հայաստանում բավականին տարածված են արշավներն ու մեկօրյա կամ երկօրյա տուրերը, ուղղությունները տարբեր են՝ Գյումրուց մինչեւ Սյունիքի մարզ, Տավուշից մինչեւ Արցախ:

Սեւանավանքը, որի հիմքերը դեռ 4-րդ դարում դրել է Գրիգոր Լուսավորիչը, ամենահայտնի ու սիրված վայրերից է թե հայաստանցիների, թե արտասահմանցիների շրջանում: Պատմական միջավայրն այստեղ համատեղվում է ակտիվ հանգստի հնարավորության հետ:

Սեւանի թերակղզում է գտնվում նաեւ 1990-ին բացված Վազգենյան հոգեւոր դպրանոցը, որի շրջանավարտներն ուսումը շարունակում են Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: 

Դպրանոցն իր անունը ստացել է ի հիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի 1994-ին:

Զբոսաշրջության ոլորտում պետությունը դեռ բավականին անելիք ունի: Ամեն ինչ սկսվում է մանրուքներից, ինչպիսին կարելի է տեսնել նկարում: Արեւի տակ «վառվող» ու ոչ առանց մարդկային միջամտության այլանդակված այս ցուցանակն, օրինակ, վաղուց պետք էր թարմացնել: Մեկ այլ խնդիր են զբոսավարներն ու ուղեկցողները: Եթե 2004-2011 թթ. կառավարության որոշմամբ գործում էր այդ անձանց գործունեության լիցենզավորման կարգ, ապա 2011-ին այն հանվեց՝ իբր թե գործարար միջավայրի բարելավման համար: Եվ եթե այսօր արտասահմանցի զբոսաշրջիկների հետ աշխատող անձինք, աշխատանքի բնույթից ելնելով, քիչ թե շատ տիրապետում են օտար լեզվին ու որոշակի գիտելիքներ ունեն (անշուշտ, նրանք իրենց որակներով միմյանցից տարբերվում են), ապա նույնը, թերեւս, չի կարելի ասել ներքին տուրիզմի զբոսավարների կամ ուղեկցողների մասին (այս պարագայում էլ մակարդակները տարբեր են, բայց ընդհանուր պատկերը բավականին տխուր է):     

Օրինակ՝ երբ զբոսավարը հայաստանցի տուրիստին ասում է, թե Կոտայքը մեր երկրի խոշորագույն մարզերից մեկն է (իրականում Հայաստանի 10 մարզերից նախավերջինն է, տարածքով գերազանցում է միայն Արմավիրին), կամ թե Գեղարքունիքի մարզն այնքան մեծ է, որ կարող է ներառել Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերը, միայն դառը ժպիտ է առաջանում: Մեկ ուրիշ գործակալության աշխատող էլ պատմում է, որ Աստված Ադամին ու Եվային դժոխքից դրախտ բերեց:   

Հիմա էլ կառավարությունը հասկացել է, որ սխալ է գործել, ու մտադիր է վերականգնել լիցենզավորումը. «Միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքները ցույց են տվել, որ ոլորտում ծառայությունների նկատմամբ չափանիշների սահմանման եւ հետեւողական պահպանման, գործուն վարչական ռեգիստրի ձեւավորման եւ վարման, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվական անվտանգության եւ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների միջեւ հավասար մրցակցային պայմանների ապահովման արդյունավետ միջոցը ներկա փուլում զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների ու գործակալների գործունեության եւ հյուրանոցային ծառայությունների լիցենզավորումն է»:

Վերադառնալով Սեւանին՝ հիշեցնենք, որ վերջերս ԱԺ-ն փոփոխություն մտցրեց լճի մասին օրենքում, որով այս տարի նախատեսվում է Սեւանից վերցնել մինչեւ 270 մլն խմ ջուր ամրագրված 170 մլն խմ-ի փոխարեն: Ըստ փոփոխության նախաձեռնողների՝ սա չի խանգարի լճի մակարդակի բարձրացմանը. «Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է հանգեցնել Սեւանա լճի ջրի մակարդակի մինչեւ 8 սմ անկման, որի պարագայում նույնիսկ անցած տարվա նույն օրվա համեմատ կապահովվի շուրջ 10 սմ (18-8) Սեւանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված՝ լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի օրենքով սահմանված՝ Սեւանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները»:

ԱԻՆ-ի տվյալներով՝ այսօր (08.08.2017) լճի մակարդակը 1900 մ 74 սմ է, մեկ տարի առաջ այս օրը եղել է 1900 մ 71 սմ: Ինչպես երեւում է վերեւի լուսանկարում (երկրորդ պլանում), Սեւանի մակարդակի բարձրանալու արդյունքում Լավանդա Սիթի թաղամասի մի մասն արդեն անցել է ջրի տակ:

Մինչեւ 1930-ականների ջրի հսկայածավալ բացթողումները Սեւանի թերակղզին կղզի էր: Լուսանկարում երեւացող կանաչ, ծառապատ հատվածը ջրի տակ էր:

Տավուշի մարզ. Սառնաջուր (Պաղջուր) գետի կիրճն է: Գետը կազմավորվում է Ցլաջուր եւ Խաչաղբյուր վտակների միախառնումից, ապա Իջեւանի տարածքում միանում Աղստեւին: Հեռվում երեւում է քաղաքը:     

Թե տեղացի, թե օտարերկրացի զբոսաշրջիկներին այստեղ առաջին հերթին բերում է երկու բան. հիասքանչ բնությունը իր պատկերներով ու, մասնավորապես, Սառնաջուրի ջրվեժով եւ Լաստիվեր քարանձավ-անապատը: Ճանապարհը բավականին դժվարընթաց է. անցնում է անտառի միջով, կիրճի պռնկով, գրեթե ուղղաձիգ լանջով: Քանի որ այն դժվար է հատկապես միջինից բարձր տարիք ունեցողների ու երեխաների համար, լավ կլինի սեփական ուժերին վստահ չլինելու դեպքում նախապես ձեռնափայտ վերցնել: Տեղում կարելի է տեսնել, որ տուրիստները ստիպված անտառից ճյուղեր են կտրում ձորն իջնելիս կամ բարձրանալիս չգլորվելու համար: Տրամաբանական է մտածել, որ այդ մասին նրանց նախապես պարտավոր են զգուշացնել արշավ կազմակերպողները:  

Դեպի Լաստիվեր տանող ճանապարհը գրեթե կահավորված չէ կողմնորոշիչ նշաններով ու անվտանգության նվազագույն միջոցներով: Տուրիզմը նույնպես բիզնես է, սակայն թե պետական մարմինները, թե տուրիստական գործակալությունները պետք է առաջին հերթին հիշեն, որ ամենակարեւորն անվտանգությունն է, առանց որի մնացած ամեն ինչ զրոյանում է: Էքստրիմը՝ էքստրիմ, սակայն ձորի երկայնքով ձգվող արահետի որոշ հատվածներ ոչ միայն կարելի է, այլեւ պետք է կահավորել անվտանգության միջոցներով՝ օրինակ, պարաններով, ինչպիսիք կան միայն Լաստիվեր քարանձավի մուտքի մոտ, իսկ զառիվեր լանջի մի քանի շատ վտանգավոր անցումներում էլ պետք է նվազագույնը զգուշացնող նշաններ դնել, քանի որ կածանն անցնում է անմիջապես զառիթափի պռնկով: Լուսանկարում երեւացողը միակ նշանն է, որ Ենոքավան գյուղի հարեւանությամբ գտնվող տուրիստական ավանից մինչեւ ձորը իջնելիս (մոտ 3 կմ) կարելի է նկատել առանց դժվարության: Մյուս նշանները, որոնք ամրացված են ծառերի բներին եւ պարզապես տեղեկացնում են հեռավորության մասին, «կորում են» կանաչ միջավայրի մեջ:

Աջից Սառնաջուրի ջրվեժն է: Նկատելի է, որ ջուրն այս սեզոնին ահագին նվազել է, սակայն դա էլ բավարար է մի լավ լողանալու համար, չնայած որ հոսող ջուրը բավականին սառն է՝ գետի անվանը համապատասխան: 

Այս փոքրիկ ջրվեժ-սահանքը նույնպես տպավորում է: Բնության այս անկյունը, սակայն, հեռու չի մնացել ամենակուլ մարդկային ախորժակից: Սառնաջուրն ու դրա վտակները ծանրաբեռնված են փոքր հիդրոէլեկտրակայաններով, որոնք գտնվում են ավելի բարձր նիշերում, այսինքն՝ ջուրը վերասհսկող վիշապի դեր են կատարում: 

Այս շունը հայացքով ու հաչոցով բոլորից խնդրում ու պահանջում էր, որ փայտ նետեն գետը, ինչից հետո ուրախությամբ նետվում էր ջուրն ու դուրս բերած ճյուղերը կուտակում մի տեղում: 

Ջրվեժի տարածքը բնության այս հատվածի պետական կառավարիչ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից երկարաժամկետ վարձակալել է մասնավորը՝ դարձնելով հանգստի գոտի, որի մուտքը վճարովի է՝ 1000 դրամ մեկ անձի համար:

Վրաններում ու փայտե տնակներում գիշերելու հնարավորություն կա, ինչը, բնականաբար, անվճար չէ:

Հանգստյան գոտու սրճարանում կարելի է տեսնել նաեւ այսպիսի բաներ:

Լաստիվեր քարանձավը գետից մի քանի տասնյակ մետր բարձրության վրա է՝ հանգստյան գոտուց ոչ հեռու: 

Ձորի զառիթափ լանջով զբոսաշրջիկները հասնում են դրա մուտքին: Քարանձավը բաղկացած է մի քանի խորշերից: 13-14-րդ դարերում՝ մոնղոլական արշավանքների ժամանակ, այստեղ ապաստան է գտել տեղի բնակչությունը: Քանի որ ձորից քարանձավ բարձրանալը դժվար է եղել, մարդիկ իրար վրա գերաններ են դրել իբրեւ աստիճան, ինչը նմանվել է լաստի, այստեղից էլ ծագել է անունը՝ Լաստիվեր: Այսօր գերաններ չեք տեսնի:

Քարանձավում կարելի է տեսնել իրեր, որոնք ոչ մի առնչություն չունեն պատմական ժամանակաշրջանի ու միջավայրի հետ, քանի որ նախ՝ տեղի գտածոներ չեն, երկրորդ՝ շատ ավելի ուշ ժամանակահատվածի առարկաներ են: Նման սիրողական միջամտությունը առնվազն ճիշտ չէ:

Քարանձավը ոչ միայն ապաստան է եղել, այլեւ ճգնավայր, ինչի արդյունքում էլ այն կոչվում է նաեւ Լաստիվեր անապատ: 

Չնայած դեպի գետ եւ քարանձավ հասնելու համար պետք է մոտ 3 կմ իջնել, հետո էլ նույնքան բարձրանալ, ինչը ձեզնից բավականաչափ էներգիա կխլի, ամեն դեպքում, դժվար թե փոշմանեք ժամանակի ու ներդրած ուժերի համար, քանի որ նման գեղեցկություն պետք է տեսնել:

Իսկ վերելքի ժամանակ ձորի պռնկին փչող զով քամին դժվար, բայց հետաքրքիր արշավի հաճելի ավարտ է:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։