HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ՀՌԱՀ մրցույթը չկայացած համարելու վերաբերյալ

Լրագրողական երեք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար կազմակերպած մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ:

«Օգոստոսի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը՝ սահմանված ժամանակահատվածում (ս. թ. մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) դիմում չներկայացվելու հիմքով: Հիշեցնենք, որ նույն ճակատագրին էր արժանացել նաեւ անցյալ տարի անցկացված առաջին մրցույթը։       

Այս փաստը վառ ապացույց է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված՝ մասնավոր մուլտիպլեքսորի ստեղծման ու լիցենզավորման պայմանները չեն համապատասխանում հեռարձակման ոլորտի զարգացման արդի պահանջներին, համահունչ չեն այդ դաշտում առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ հրապուրիչ չեն ձեռնարկատիրության տեսանկյունից։ Մասնավորապես՝ անընդունելի է այստեղ փոքր ու միջին ձեռնարկությունների ձեւավորման բացառումը։ Օրինակ, այն օրենսդրական դրույթը՝ համաձայն որի մասնավոր մուլտիպլեքսորը պետք է ընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը, իսկ համայնքային եւ մարզային ծածկույթ ունեցող մուլտիպլեքսոր չի նախատեսվում, ոչ մի լավ հեռանկար չի խոստանում ոլորտին։

Վերոհիշյալ մրցույթի չկայանալը նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, անորոշ ժամանակով պահպանելու է իր մենաշնորհ դիրքը։ Բացի դա, զավեշտալի իրավիճակում են հայտնվում մարզերում գործող 10-ից ավելի այն հեռուստաընկերությունները, որոնք շարունակում են աշխատել անալոգային ռեժիմով եւ կարող են անցնել թվային հեռարձակման միայն մասնավոր մուլտիպլեքսորի առկայության դեպքում։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, բազմիցս բարձրաձայնել ենք այս խնդիրները եւ առաջարկել ենք դրանց լուծումները՝ սկսած 2010 թվականից, երբ, ըստ էության, ընդունվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենք, եւ հատկապես՝ 2015թ. դեկտեմբերի 18-ից հետո, երբ առանց որեւէ հանրային քննարկման իշխանությունները անհեռատես փոփոխություններ եւ լրացումներ կատարեցին այդ օրենքում։ Սակայն խորհրդարան ներկայացված մեր առաջարկներն ու օրինագծերն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեցին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք.

  • ՀՀ Ազգային ժողովից՝ անդրադառնալ հեռարձակման ոլորտի խնդիրներին եւ նախաձեռնել դրանց օրենսդրական լուծումները՝ կազմակերպելով հանրային քննարկումներ այլընտրանքային գաղափարների շուրջ եւ շրջանառության մեջ դնելով խորհրդարան ներկայացված նախագծերը,

  • Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից՝ վերանայել ոլորտի կարգավորման համար մինչ օրս որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները եւ ակտիվ քայլեր ձեռնարկել հեռարձակմանը վերաբերող օրենսդրության բարեփոխման ու ծագած բազմաթիվ այլ խնդիրները լուծելու ուղղությամբ։

Տարիներ շարունակ ուսումնասիրելով հեռարձակման ոլորտը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, մշտապես հրապարակայնորեն արտահայտել ենք մեր տեսակետներն ու գնահատականները եւ այժմ էլ պատրաստակամություն ենք հայտնում մասնակցելու նոր քննարկումներին եւ ներկայացնելու մեր առաջարկություններն ու մշակած փաստաթղթերը»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter