HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտակերտում չիրի գործարան է բացվել

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ խորհրդակցություն հրավիրելով այգեգործության թեմայով և ծանոթանալով նորաբաց չիրի գործարանի ու հանգստյան գոտու պայմաններին:

Այս մասին տեղեկացնում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ա. Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով շրջանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց ոռոգումը պարտադիր կիրականացնեն կաթիլային եղանակով: «Այգեգործությամբ զբաղվող և, հատկապես, նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատները կառավարության կողմից կստանան աջակցություն՝ կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար: Մարտակերտի շրջանում նռան այգիների հիմնման մեծ ծրագիր ենք նախատեսում, և առկա ջրային պաշարները թույլ են տալիս միայն այս տարի տնկել մինչև 500 հա այգի: Հաջորդ տարվանից, ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար, պետական և բարեգործական միջոցներով ավելացնելու ենք արտեզյան ջրհորների քանակը»,- ասել է վարչապետը և հավելել, որ հաշվի առնելով աշխարհում առկա նռան մեծ պահանջարկը՝ կառավարությունն առաջիկայում աջակցելու է նաև վերամշակող գործարանների ստեղծմանը:

Ա. Հարությունյանը խորհրդակցությունից հետո այցելել է Մարտակերտ քաղաքում գտնվող «Մարտակերտի բարիքներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության չրերի նորաբաց գործարան, որտեղ ծանոթացել է արդի տեխնոլոգիաներով զինված արտադրամասերի աշխատանքներին, արտադրվող տեսականուն և առաջիկա ծրագրերին:

Պետական աջակցությամբ կառուցված գործարանում շուրջ 30 նոր աշխատատեղ է բացվել՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Այնուհետև Ա. Հարությունյանը ուղևորվել է շրջանի Մատաղիս համայնք, որտեղ ներկա է գտնվել Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի կողմից կառուցված հանգստյան գոտու բացման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը ծանոթացել է արդի պահանջներին համապատասխան կառուցված քոթեջների, ռեստորանի և մոտորանավակների ու ջրային ժամանցի այլ ծառայությունների պայմաններին:

Ա. Հարությունյանը կարևորել է նշված ներդրումային ծրագրերի իրականացումը հատկապես Մարտակերտի շրջանում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ապրիլյան պատերազմից հետո սկսված վերազարթոնքի առումով: «Խորհրդանշական եմ համարում այս երկու նախագծերի իրականացումը: Թե՛ Մարտակերտը և թե՛ Մատաղիսը ընդամենը մեկուկես տարի առաջ գտնվում էին հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ: Բայց այսօր, ի լուր աշխարհի, հայտարարում ենք, որ Մատաղիսում կարող է լավագույն հանգստյան գոտին լինել, իսկ Մարտակերտում՝ ժամանակակից գործարան»,- ասել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter